HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նիկոլ Փաշինյան. «Եթե երկխոսությունն արդյունք չի տալիս, հանցագործներին վնասազերծում են գրոհով»

ՀԱԿ-ի հանրահավաքում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ասածներին` գնահատելով այն որպես «երրորդ հանրապետության պատմության ամենախայտառկ հայտարարություն»:

Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի, ռազմական գործողություններ սկսի, ապա առավելություն կունենա, քանի որ իր ժողովրդին պատրաստել եւ պատրաստում է պատերազմի: Փաշինյանը նկատեց, որ եթե որևէ մեկը նման բան ասեր, իշխանական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները ամեն ինչ կասեին նրան, ընդհուպ կհամարեին թուրք-ադրբեջանական գործակալ, մինչդեռ Ս. Սարգսյանի հայտարարությունը լռության են մատնել: Ընդ որում՝ Ս. Սարգսյանն իրեն նման հայտարարություն է թույլ տալիս այն դեպքում, երբ ժառանգել է հաղթանակած բանակ և ժողովուրդ: Ուստի, նա պետք է անձամբ պատասխանի, թե ինչ եղավ այդ հաղթանակած ժողովուրդն ու բանակը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունից: Նշեց, որ շատերը հարցնում են, թե ինչպես կարելի է բանակցել մոնղոլ-թաթարական իշխանությունների հետ: «Այո, հանցագործների հետ բանակցում են, եթե նրանք պատանդ են վերցրել ժողովրդին»,- ասաց Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով իշխանավորների այն տեսակետին, թե ինչպես կարելի է բանակցել «հեռանալու շուրջ», Փաշինյանը նկատեց, որ հարցի պատասխանը ճիշտ ընկալելու համար ուղղակի պետք է հիշել Եգիպտոսի և Թունիսի առաջնորդներին: Ըստ Փաշինյանի՝ վերջիններս կերազեին, որ նման հնարավորություն ունենային, եւ, միեւնույն է, վաղն էլ Հայաստանի իշխանություններն են փոշմանելու եւ իրականում հասկանալու, թե ինչ է նշանկում բաց թողնել երկխոսության հնարավորությունը: «Եթե երկխոսությունն արդյունք չի տալիս, հանցագործներին վնասազերծում են գրոհով,- ասաց Փաշինյանն ու հավելեց,- կերկխոսեն` լավ, չեն երկխոսի` մեղքն իրենց վիզը»:

Այնուհետև նա հարթակից տեղեկացրեց, որ հանրահավաքի մասնակիցների շարքերում ինչ-որ մարդիկ թռուցիկներ են բաժանում` Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի առաջարկությամբ: «Այդ թռուցիկները տարեք Բաղրամյան 26 ու դրանից մի քիչ ներքև բաժանեք»,- ասաց Ն. Փաշինյանը:  

Այժմ ելույթ է ունենում Սարգիս Հացպանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter