HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Նոր կառուցվող շենքերում պետք է չօգտագործվի ազբեստ. ամերիկացի փորձագետ

Սինսինաթի հետազոտական համալսարանի  Էկոլոգիական առողջության ֆակուլտետի պրոֆեսոր Կարոլ Ռայսը (ԱՄՆ, Օհիո) այսօր Ամերիկյան համալսարանում կազմակերպված գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցավ «Ազբեստը և մարդու կողմից արտադրվող հանքային թելերը» թեմայով: Ազբեստը գեղեցիկ է, բայց մահացու` ասաց փորձագետը և ներկայացրեց թունավոր նյութի առաջացրած հիվանդությունների, այդ թվում` մեզոթելիոմա քաղցկեղի վերաբերյալ ուսումնասիրություն:

Աշխարհի շատ երկրներում արգելվել է շինարարության մեջ ազբեստ օգտագործել, և «Հայաստանում դա ևս հնարավոր է»` նշեց Ռայսը: Նա պատմեց, որ իր հայաստանցի ծանոթներից մեկն իրեն այս օրերին տարել է շինանյութի մի խանութ, որտեղ վաճառվում է ազբեստին փոխարինող շինանյութ: «Հայաստանում նոր կառուցվող շենքերում պետք է օգտագործել ազբեստին փոխարինող անվտանգ նյութեր»,- նշեց Կ. Ռայսը:

Նա ասաց, որ իր տեսած խանութում ազբեստին փոխարինող այդ շինանյութը թանկ է և Գերմանիայից Հայաստան է ներկրվում սահմանափակ քանակով, բայց անվտանգ է, հետևաբար պետք է Հայաստանում դրա օգտագործմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: «Ես տեսա, որ դա հեշտ օգագործելի է, ինքնիրեն կպչում է մակերեսի վրա: Մի կողմում մանրաթելային ապակին է, իսկ մյուս կողմից կպչուն մակերես է»,- ասաց Ռայսը` նկարագրելու համար, որ այդ շինանյութն օգտագործելիս հնարավոր է խուսափել ազբեստի փոշուց և հետևաբար` թունավորումից:

Նա նկատել է, որ Հայաստանում շատ ազբեստ է օգտագործվում հատկապես տանիքների կառուցման ժամանակ: Ազբեստով ծածկված խողովակները, որ Հայաստանում կարելի է հանդիպել քանդված գործարանների մոտ, նույնպես շատ են` ասում է Կարոլ Ռայսը և ավելացնում, որ տվյալ համայնքներում ապրող մարդկանց առողջության համար դրանք վտանգավոր են: Փորձագետը շեշտում է ազբեստի վտանգավոր լինելը հատկապես այդ տարածքում խաղացող երեխաների համար:

Նրա ելույթից հետո առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեդա Սևոյանը հարցրեց, թե «ազբեստի փոշու, լվացման կեղաջրերը ինչպես են մաքրվում,  մտնում են կոյուղու ընդհանուր համակարգ, թե ոչ, և ազբեստի շիֆերները հողում թաղելուց հետո այդ տարածքում կանաչապատում թույլատրվում է, թե ոչ»: Կարոլ Ռայսը պատասխանեց, որ ազբեստի կեղտաջրերը մինչև կոյուղաջրերին խառնվելը պետք է ֆիլտրվեն, և դա ամբողջ աշխարհում ընդունված մշակույթ է: Ապա այդ ֆիլտրը դնում են պլաստիկ տոպրակի մեջ ու թաղում հողում առնվազն 1 մետր խորությամբ:

Այն տարածքներում, որտեղ ազբեստ կա թաղված, իհարկե, կարելի է զբաղվել բուսաբուծությամբ, շարունակեց փորձագետը, բայց պետք է այնպիսի բույսեր ընտրել, որոնց արմատները հողում շատ չեն տարածվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter