HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւանյան տրանսպորտ. ի՞նչ ունենք, եւ ի՞նչ անել («Բարեւ Երեւան», «Առաքելություն»)

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր 7 ուժերն էլ անդրադարձել են մայրաքաղաքի այսօրվա ամենացավոտ խնդիրներից մեկին՝ տրանսպորտին: Ինչպե՞ս են վերաբերվում նրանք ներկայիս վիճակին եւ ի՞նչ են առաջարկում իբրեւ հարցի լուծում:

«Բարեւ Երեւան» դաշինքը ստեղծված վիճակում առանցքային է համարում այն, որ ծառայություն մատուցողները անբավարար են աշխատում, եւ բացի այդ՝ միկրոավտոբուսային ցանցը կենտրոնացած է իշխանավորների ձեռքին, այդ թվում՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շահագործման համար կազմակերպվող մրցույթները, դաշինքի ձեւակերպմամբ, ձեւական են, իսկ ավտոբուսների ներկրումն իրականում ձեռնտու չէ իշխանություններին, քանի որ դա հարվածում է նրանց բիզնեսին: Դաշինքը հիշեցնում է նաեւ էլեկտրատրանսպորտի մասին՝ այլեւս գոյություն չունեցող տրամվայ, հազիվ գոյատեւող տրոլեյբուս, անավարտ մետրոպոլիտեն:

«Երեւանի քաղաքային ուղեւորափոխադրումները բացահայտ վեր են ածվել մի քանի անձանց ու պաշտոնյաների բիզնեսի, այն էլ` երեւանցու արժանապատվությունը նսեմացնող եղանակներով: Երեւանցին դիտարկվում է ոչ թե իբրեւ սպասարկման ու ծառայության պահանջատեր, այլ եկամտի աղբյուր սոսկ գծատերերի համար, որոնք ոչ մի պարտավորություն չեն զգում եւ պատասխանատվություն չեն կրում ծառայության որակի համար եւ անպատժելի են:

Միկրոավտոբուսների մայրաքաղաքային երթուղային գծերը գերազանցապես պատկանում են իշխանության ներկայացուցիչների, նրանց մերձավորներին, դրանց թվում եւ` գործող քաղաքապետին: Երթուղիների համար անցկացված մրցույթները կանխորոշված են եղել եւ մնում, դրանք շահում են բացառապես «յուրայինները»:      

Տարիների ընթացքում ներկրվել եւ երթեւեկի մեջ են մտցվել մի քանի տասնյակ ավտոբուսներ` հանրությանը ցույց տալու համար, թե քաղաքային իշխանությունները իրականցնում են միկրոավտոբուսներից դեպի հարմարավետ ավտոբուսներ անցման գործընթաց: Սակայն իրականում այն ձեռնտու չէ գործող իշխանություններին, որովհետեւ ուղեւրափոխադրումների կազմակերպման եւ իրականացման արդիականացումը էապես հարվածելու է միկրոավտոբուսներից ստացվող եկամուտին, որոնց վարորդները հիմնականում ստրկական պայմաններով են աշխատում եւ վճարվում, իսկ նրանց իրավունքներն էլ պաշտպանված չեն:

Հետեւողականորեն ոչնչացվեց տրամվայների ցանցը, տրոլեյբուսների ցանցը ուղղակի հազիվ գոյություն է քարշ տալիս: Խորհրդային ժամանակաշրջանից անավարտ կամ կիսակառույց մետրոպոլիտենի եւ ոչ մի կայարան շահագործման չհանձնվեց: Թերեւս սա ոչ թե ուղեւորափոխադրումների նկատմամբ քաղաքային իշխանությունների անտարբերության, այլ այն կարգավորելու մեջ շահագրգիռ չլինելու ապացույցն է:

«Բարեւ Երեւան» դաշինքը մայրաքաղաքի կառավարումը ստանձնելու դեպքում պարտավորվում է կատարել հետեւյալ քայլերը.

Էլեկտրատրանսպորտի առաջանցիկ զարգացում, այդ թվում` առաջիկա 4 տարիների ընթացքում մետրոպոլիտենի առնվազն 3 նոր կայարանների բացում և գործող 3 կայարանների համար նոր մուտքերի կառուցում (արդյունքում հնարավոր է ավելացնել ուղեւորափոխադրումները ավելի քան 40 %):

Ապահովել, որպեսզի 4 տարվա ընթացքում վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումների առնվազն 80 %-ը կազմակերպվի հարմարավետ ավտոբուսների, էլեկտրակառքերի (տրոլեյբուսների) միջոցով:   

Միկրոավտոբուսների քանակը համամասնորեն նվազեցնել մինչեւ 20 տոկոս` դրանք հիմնականում նախատեսելով ծայրամասերի, դրանց միջեւ կապի, ինչպես նաեւ` ծայրամասերից մինչեւ մետրոյի մոտակա կայարաններ ուղեւորներին փոխադրելու համար:

Ապահովել, որպեսզի քաղաքի ծայրամասերը կապող երթուղիները հնարավորինս խուսափեն քաղաքի կենտրոնով անցնելուց:

Իրականացնել հասարակական տրանսպորտը հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագիր:

Հասարակական տրանսպորտի բոլոր կանգառներում տեղադրել տեսախցիկներ:

4 տարվա ընթացքում մայրաքաղաքում ներդնել հասարակական տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգը եւ այդպիսի վահանակներ տեղադրել բոլոր կանգառներում:

Հասարակական տրանսպորտում տեղադրել տոմս վաճառող սարքեր, վարորդներին ազատել տոմսի գումար հավաքելու գործառույթից, ինչպես նաեւ` գծատիրոջը  «պլան» մուծելու փոխարեն ստանալ արժանավայել աշխատավարձ:

Հանրային տրանսպորտի բոլոր տեսակներից հաշվանդամները եւ կենսաթոշակառուները կօգտվեն անվճար, որը կսուբսիդավորվի քաղաքային իշխանությունների կողմից:

«Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է, որ մայրաքաղաքային տրանսպորտը ղեկավարվի բացառապես քաղաքապետարանի կողմից եւ մշակվի համալիր տրանսպորտային սխեմա: Այս ուժը կարեւորում է մետրոպոլիտենի ցանցի բարելավումը, որի մեջ մտնում են հետեւյալ քայլերը.  

• Մետրոպոլիտենի կայարաններին հարող գետնանցումների ցանցի ընդլայնում, միավորում
• Մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում` 50 դրամ, դպրոցականներին, ուսանողներին, թոշակառուներին` անվճար սպասարկում
• Մետրոպոլիտենի ցանցի աստիճանական ընդլայնում` նոր կայարանների կառուցում Աջափնյակում, 15-16-րդ թաղամասերում, ՀԱԹ-ում, Կենտրոնական ավտոկայանում, Կոմիտասի պողոտայում, Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Հյուսիսային ավտոկայանում

Բացի դրանից՝ «Առաքելությունը» ուշադրություն է հրավիրում կայանատեղիների հարցի վրա: Կուսակցությունը, մասնավորապես, առաջարկում է.

• Վճարովի ատվոկայանատեղերի իրականացում բացառապես առանձնացված տարածքներում, փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի իրականացման արգելում
• Ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում
• Երթեւեկությունը կարգավորող լուսացույցների եւ նշանների համակարգային փոփոխությունների իրականացում

շարունակելի

Առաջին լուսանկարը՝ iravaban.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter