HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լրագրողի նկատմամբ կատարվածի համար միայն կարգապահական տո՞ւյժ

Երեւանի գործող քաղաքապետ, մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 23-ին լրագրող Հակոբ Կարապետյանը ենթարկվել է բռնության: Քաշքշելուց ու հարվածելուց բացի` վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտել են նաեւ տեսախցիկը խլելով եւ տեսագրված ֆայլերը ջնջելով:

Ոստիկանությունը դեռ իրականացնում է հետաքննություն. առայժմ պարզ չէ` գործը նախաքննության կհասնի՞, թե՞ քրեական պատասխանատվության խնդիր այդպես էլ չի առաջանա:

«www.ilur.am» էլեկտրոնային թերթի թղթակից Կարապետյանը պատմում է, որ այդ օրը, ՀՀԿ նախըտրական շտաբից տեղեկանալով կայանալիք քարոզարշավի տեղի ու ժամի մասին, մոտ կես ժամ շուտ ժամանել է Նոր Նորքի 7-րդ զանգված: Քաղաքապետին սպասողները հավաքվել են «Սթար» սուպերմարկետի հարեւանությամբ:

«Խումբ-խումբ դպրոցահասակ երեխաներ էին գալիս, ընդ որում` ցածրից մինչեւ բարձր դասարանցիներ: Մոտեցա, նրանցից մի քանիսի հետ զրուցեցի: Երեխաները հիմնականում ասում էին` դպրոցից են ասել` «Սթարի» կողքի բակում համերգ է լինելու, անպայման էնտեղ կլինեք»,- պատմում է Հակոբ Կարապետյանը եւ նշում, որ դպրոցահասակները եղել են ոչ միայն 7-րդ, այլ նաեւ 6-րդ, 8-րդ զանգվածներից:

Նա նկարահանել է «հյուրասիրության սեղանիկը», բակի անկյունում կանգնած 11 համարի երթուղային տաքսին, որը լի է եղել փուչիկներով` վրան գրված Հանրապետական կուսակցության կարգախոսը, եւ մի երիտասարդ փուչիկները բաժանել է երեխաներին: Մեկ այլ երիտասարդ մոտեցել է լրագրողին եւ հարցրել, թե ինչ է նկարում, ինչու եւ երբ է պատրաստվում հեռանալ:

«Հետո կարմիր բաճկոնով մի տղա մոտեցավ ու ավելի ագրեսիվ տոնով ասաց` հըն, ի՞նչ կա, ի՞նչ ես նկարում: Ներկայացա, շեշտեցի, որ լրագրող եմ, մի քանի անգամ հղում արեցի օրենքին, որ այն, ինչ անում եմ, ինձ վերապահված իրավունք է: Բա` գնա ծառերը, ծաղիկները նկարի: Ասացի` եղբայր, ես նկարում եմ այն, ինչը գտնում եմ, որ ինձ պետք է: Բա` հիմա ի՞նչ ես ասում, մենք էլ մեր օրենքներո՞վ քո հետ վարվենք»,- հիշում է լրագրողը: Նա տեսախցիկը շրջել է իր զրուցակիցների ուղղությամբ, խնդրել, որ սպառնացող այս երիտասարդը ներկայանա:

«Ու երբ սկսեցի իրենց նկարել, բոլորն ավելի ակտիվացան, սկսեցին քաշքշել, խփել ձեռքիս, որ տեսախցիկն ընկնի: Կապույտ պիջակով մեկը, ով մինչ այդ համակարգում էր, թե քաղաքապետի ժամանման հետ կապված ով ինչ պետք է անի, մոտեցավ ու ասաց` ի՞նչ ա խանգարում, էդ ի՞նչ ա նկարում, բա` արա, այ ռեվոլյուցիոներ, հերիք չի՞ տոններս փչացնեք, հացներս հարամ անեք, թե հացներիս վայիս լինեք: Նման մի արտահայտություն արեց եւ հարվածեց դեմքիս»,- պատմում է Հակոբ Կարապետյանը եւ ընդգծում, որ ոչ պաշտպանվել է, ոչ էլ հայհոյանքներին պատասխանել, որովհետեւ տեսախցիկը միացված էր, եւ կատարվողը ձայնագրառվում էր: Սակայն քաշքշող եւ հարվածող երիտասարդներից մեկին հաջողվել է այն լրագրողի ձեռքից խլել:

«Ակնոցս ընկել էր, վերնաշապիկս` պատռվել... Մոտ 100 մարդ կար, բայց որեւէ մեկը չփորձեց ինձ օգնել: Նույնիսկ ջուր չբերեցին, որովհետեւ դեմքս արյունոտ էր»,- պատմում է Կարապետյանը: Նրա խոսքերով` կատարվածին լուռ հետեւել է նաեւ մայորի կոչումով բարձրահասակ մի ոստիկան:

«Մոտեցա նրան, ասացի` պարոն մայոր, ակնոցս ո՞ւր է: Բա` հանգստացիր, ապեր ջան, հանգստացիր, հեսա քրեականի տղերքը գալիս են... Չգիտեմ, թե իրավաբանորեն ինչպես է ձեւակերպվում, բայց կարծում եմ, որ նա հանցավոր անգործություն է դրսեւորել»,- ասում է լրագրողը եւ հիշում, որ քիչ անց իրեն է մոտեցել Ռուզան անունով մի կին ու սկսել է ամոթանք տալ. ինչու ես շառ անում, որ քեզ խփել են, մենք բոլորս ստեղ կանգնած ենք եղել, ոչ մի հայհոյանք չենք լսել: Ավելի ուշ, երբ քարոզարշավը մեկնարկել է, նույն կինը հարթակից Նոր Նորքի բնակիչների անունից Տարոն Մարգարյանին խնդրել է պաշտոնավարել եւս 5 տարի:

բարձրահասակ մայորը ոմն Ռուզանը

Հակոբ Կարապետյանը զանգահարել է խմբագրություն: «www.ilur.am»-ի խմբագրի պաշտոնակատար Քրիստինե Խանումյանը կատարվածի մասին ոստիկանությանն ահազանգել է: Այդ ընթացքում զանգահարել են Հակոբի բջջայինին, ներկայացել Ջրվեժի ոստիկանությունից (կամ իբրեւ Ջրվեժի ոստիկանապետ. Կարապետյանը չի հիշում) եւ հորդորել «մոտենալ տեղում գտնվող ոստիկաններից մեկին ու ներկայացնել պրոբլեմը»: Սակայն լրագրողը դա անել հրաժարվել է:

«Որովհետեւ ես ոստիկաններին չէի վստահում: Եթե ոստիկանը տեսնում է, որ օրը ցերեկով մարդ են ծեծում ու չի միջամտում, ես ավելի շուտ վախենում եմ, որ այդ ոստիկաններն ինձ բերման կենթարկեն, կամ մի հատ էլ իրենք կրկնակի ծեծի կենթարկեն»,- ասում է Հակոբ Կարապետյանը եւ շեշտում, որ դեպքից հետո մոտ 40 րոպե շարունակել է մնալ «դեպքի վայրում» եւ հեռացել է միայն քարոզարշավի ավարտից հետո, բայց այդպես էլ որեւէ ոստիկան իրեն չի մոտեցել: Փոխարենը մոտեցել են քաղաքապետարանի փողկապավոր պաշտոնյաները: Նրանց միջնորդությամբ էլ լրագրողի տեսախցիկը վերադարձրել են, բայց տեսագրված բոլոր ֆայլերը ջնջված:

Կարապետյանը նորից սկսել է տեսանկարել` ֆիքսելով նաեւ հարվածողի դեմքը: Նա գործող ավագանու Հանրապետական անդամ, կայանալիք ընտրություններում ավագանու թեկնածու Աշոտ Պապայանն է: Ուսումնասիրելով վերջինիս հայտարարագիրը` պարզեցինք, որ 33-ամյա Պապայանն ունեցվածք չունի` ոչ անշարժ, ոչ էլ շարժական գույքի տեսքով, որեւէ տեղ չի աշխատում. ապրիլի 3-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 0 դրամ, եւ միակ եկամուտը 2012-ի մարտի 1-ից մինչեւ այս տարվա մարտի 1-ը, որպես ավագանու անդամ, քաղաքապետարանից ստացած 390 հազար դրամ փոխհատուցումն է:

Լրագրողի տեսախցիկը ֆիքսել է նաեւ այն վերադարձնողին: Կարապետյանը ենթադրում է, որ եթե վերջինս գիտի, թե ով է այն վերադարձրել, կիմանա նաեւ, թե ով էր այն խլել: Հակոբը տեսագրել է նաեւ Արմեն անունով ներկայացած քաղաքապետարանի աշխատակցին: Ըստ երեւույթին, վերջինիս (ինչպես պարզվել է, նա քաղաքապետարանի  Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն է) ասածները եւս փաստում են կատարված հանցագործության մասին: Բայց իրավապահները դեռ դանդաղում են. Հակոբ Կարապետյանից բացատրությունը վերցվել է դեպքից միայն 4 ժամ անց ու առայժմ ոչ խուլիգանության, ոչ մարմնական վնասվածք պատճառելու, ոչ էլ լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու համար քրեական գործ չի հարուցվել: Վերջին դրվագով դեռեւս ընթանում է հետաքննություն:

Փոխարենը քիչ առաջ ոստիկանության լրատվության վարչությունը տեղեկացրեց. « ... տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայական քննություն, որի արդյունքները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մշտապես աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հատուկ շեշտել է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոստիկան անձամբ է պատասխանատու իր ոլորտում արձանագրված թերացումների ու բացթողումների համար` ընդհուպ մինչև ամենախիստ ծառայողական տույժերի նշանակում:

ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:

Հաշվի առնելով մեր երկրում նման գործերի ճակատագիրը ու նաեւ այն, որ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ է, թե' Հակոբ Կարապետյանը եւ թե' «www.ilur.am»-ի խմբագրի պաշտոնակատար Խանումյանը ոստիկանության հետ մեծ հույսեր չեն կապում: Ամեն դեպքում, նրանք երկուսն էլ նշում են, որ սպասել է պետք:

Հ. Գ. Աշոտ Պապայանի հետ կապ հաստատել մեզ առայժմ չի հաջողվում:

Լուսանկարը` Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

sam
ete Tigran Araqelyan@ liner aydtex hastat 6 tari kshalaker norits

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter