ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Մեր երկիրը նման է մի օրգանիզմի, որը կաթիլ-կաթիլ արնաքամ է լինում»



Հայաստանում մի խումբ մտավորականներ տագնապով են արձանագրում երկրում տնտեսական եւ ազգային աղետի վերածված մեծ թվերի հասնող արտագաղթը: Նրանք այսօր նամակ են հղել ՀՀ կառավարություն ու Ազգային ժողով, որտեղ նշում են փաստեր, որոնցից կառավարությունն ու ԱԺ-ն իրենք էլ տեղյակ են:

Հակառակ պաշտոնական վիճակագրության, երկրի բնակչությունը նկատելիորեն նվազել է: Գյուղերից և փոքր քաղաքներից դեպի Երևան միտված ներքին միգրացիան` ուրբանիզացիան, հիմնականում վերածվում է զանգվածային արտագաղթի:

Գյուղացիական վարկերի տպավորիչ թվերը իրականում արտագնա աշխատանքի ճանապարհածախսի են վերածվում` ստեղծելով բիզնես վարկերի իմիտացիա և խթանելով արտագաղթը: 

Մտավորականներն առաջարկում են ԱԺ նախագահին անհապաղ խորհրդարանական լսումներ կազմակերպել՝ բարձրացված խնդրի շուրջ կառավարության պատասխանատու պաշտոնյաների ներկայութամբ և մտավորականների մասնակցությամբ: Իսկ վարչապետին կոչ են անում ամենամոտ ժամանակներում հասարակությանը և Ազգային ժողովին ներկայացնել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը շտկելու կոնկրետ և վստահություն ներշնչող միջոցառումներ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համարում է, որ հայրենասիրություն ասվածն արդեն վաղուց չի կարող խոչընդոտել երկիրը չլքելուն. «Ինչ հայրենասիրության մասին է խոսքը, եթե մարդն ինքն իր հայրենիքում դեգրադացվում է, չի կարողանում սոցիալիզացվել: Մենք հաճախ լսում ենք արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սա իմ հայրենիքը չէ», «իմ երեխան գնաց բանակ զոհվեց, նրանց երեխաները տանն են», «իմ երեխան մի գործ չի կարողանում սկսել, նրանց երեխաները խոշոր բիզնեսների տեր են»... Հենց այդ «իմ»-ն ու «նրանց»-ը խոսում է այն մասին, որ մարդը այս երկիրն իրենը չի համարում, չի ռեալիզացվում այստեղ»:

Տնտեսագիտական գիտությունների պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ արտագաղթը ոչ միայն անձնական եւ քաղաքացիական բնույթ է կրում, այլ տնտեսական. «Բնակչության արտագաղթն ամենամեծ կորուստն է, բայց այսօր արտագաղթում է նաեւ երկրի կապիտալը: Բիզնեսմենները որոշում են իրենց բիզնեսը տեղափոխել երկրից դուրս, իսկ մանր գործարարները արտերկրում են բիզնես սկսում»:

Տնտեսագետը նշեց նաեւ, որ սահմանամերձ գյուղերին պետությունը պարտավոր է հարկային արտոնություններ տալ:

Մտավորականներն իրենց նամակում մեջբերում են նաեւ արտագաղթի պատճառները: Նրանց դիտարկմամբ` արտագաղթի հիմնական պատճառը ոչ միայն աղքատությունն է, այլև կառավարման համակարգին առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաեւ բարոյական և հոգեբանական վատթարացող միջավայրը: Հայաստանի իշխանությունները չեն կարողանում պայմաններ ստեղծել աշխատունակ բնակչության մտավոր և ֆիզիկական կարողությունները հայրենի երկրում լիարժեք օգտագործելու համար: Սոցիալապես ծայրահեղ բևեռացված ՀՀ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում մեծահարուստների և պետական ծառայողների կամայականությունների առջև:

Մտահոգված մտավորականներն իրենց նամակը դիտմամբ չեն հղել Սերժ Սարգսյանին, որպեսզի նախագահի մենիշխանությանը եւս մեկ անգամ չնպաստեն:

«Մենք գիտենք, որ երկրում իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում, բայց գիտակցված ուզում ենք յուրաքանչյուրին հասցեագրել իր պարտականությունները»,- նշեց Հրանուշ Խառատյանը:

Մտավորականներն իրենց նամակից մեծ արդյունք չեն ակնկալում, բայց չեն էլ կարող լռել:

«Մենք հույս ունենք, որ ԱԺ-ն լսումներ կձեւակերպի, կկազմվի աշխատանքային խումբ, գործողությունների ծրագիր կմշակվի: Սա լավագույն դեպքում»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն էլ նույնիսկ նամակի անարդյունավետ լինելու դեպքում անթույլատրելի է համարում մտավորականների լռությունը. «Միգուցե ոչ մի արդյունք էլ չտա, բայց մտավորականը չպետք է լռի: Ես Գավառից եմ, որ ժամանակին շատ ակտիվ քաղաք էր, իսկ հիմա ով գալիս-գնում է, ասում է` երեխա չկա ձեր քաղաքում: Մեր երկիրը մի օրգանիզմի է նման, որի արյունը կաթիլ-կաթիլ թափվում է»:

Կշտկվի՞ արդյոք այս իրավիճակը, թե՞ արդեն շատ ենք ուշացել: Հարցի առնչությամբ մտավորականների կարծիքները տարբեր են: Հրանուշ Խառատյանն ասաց. «Երբ իրավապահ մարմինները բացարձակ սելեկցիոն կերպով են գործում, այս իմաստով, կարծում եմ, իրավիճակն անդառնալի է»:

«Ես այդքան պեսիմիստ չեմ»,- արձագանքեց էկոլոգ Կարինե Դանիելյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Varaz Syuni (Amsterdam)00:40 - 2 հուլիսի, 2011
Der spasum unek ԱԺ-its? Aysor ԱԺ-um nstats en BIZNESMEN-OLIGARCHNER voronts DZERK e talis tuyl u kich bnakchutiun Hayastanum, vorpeszi mardkants KARAVAREN irents UZATS dzevov u zhamanak.....MITE sa DER parz CHE?.............................Hamadzayn em պրոֆեսոր Ազատ Եղիազարյան-i het: "մտավորականը չպետք է լռի". VOCH VOK chpiti lri.
2. Armen06:03 - 2 հուլիսի, 2011
Հայաստանը իր ժողովուրդով ՀԱՅԱՍՏԱՆ է։ Հայաստանը իր ժողովուրդով ՀԱՅԱՍՏԱՆ կրնայ մնալ այս արեւին տակ միւս ազգերուն, ժողովուրդներուն եւ երկիրներուն կողքին։ Ի՞նչ կը մտածեն մեր ՙԻշխանութիւնները՚ արդեօք կուզեն որ Հայաստանը վերածուի տկար, անկարող, ծերերով եւ թոշակառուներով լեցուած երկրի մը ուր հարուստին եւ աղքատին տարբերութիւնը այլեւս անչափելի դառնայ։ Արդեօք կը մտածեն որ մեր ազգին արտագաղթով Արցախի՞ն, Հայաստանի՞ն օգնած եղան թէ Ատրպէյճանին եւ Թուրքիային։ Արթնցէք ձեր զզուելի դրամապաշտութեան հիւանդութենէն այլեւս, վաղը պիտի մեռնիք եւ արդեօք քանի՞ դրամ պիտի տանիք միւս աշխարհը։ Լաւ էլի։ Ալ կը բաւէ։ ԱԼ ԿԸ ԲԱՒԷ։ Մէկ երիտասարդ որ իր երկիրը զզուանքով կը թողու եւ կը մեկնի, Հայաստանի սրտին հարուած մըն է եւ Ատրպէյճանին ու Թուրքիային պարգեւ մը եւ ապագայ յաղթանակ։ (Աստուած մի արասցէ, եւ ԱՍՏՈՒԱԾ ՁԵՐ ԿՈՅՐ ԱՉՔԵՐԸ ԲԱՆԱՅ)։
3. Hiakas Bedrossian06:15 - 2 հուլիսի, 2011
Սիրելի մտաւորականներ, Ես սփիւռքահայ եմ, հայրենիքը եւ իր իրավիճակը իմ առօրեայ կեանքիս մէկ կարեւոր բաժինն է կազմում: Լաւատեղեակ եմ բոլոր անցուդարձերի հետ: Շատ կարճ բազադրեմ ձեր մտահոգութեան բուն պատճառները: Հայաստանի տնտեսութիւնը կառավարւում է մի քանի անձերի կոչմից, որոնց դուք ասում եք օլիգարխներ, նրանք հովանաւորւում են ներկայ իշխանութեան կողմից եւ ուրիշ ճար էլ չունեն որովհետեւ օլիգալխներն ու իշխանութիւնը նոյնացած անձերն են: Նրանք իրենց առեւտուրի համար հազիւ թէ մէկ միլիոն սպառողի կարիք ունեն որով կարող կը լինեն բազմացնել իրինց հարստութիւնը: Ուրեմն բոլորովին էլ նրանց հոգը չէ որքան մարդ դուրս կըրթայ երկրից, միւս կողմից իշխանութիւններին ձեռք է տալիս դժգոհներն ու կարիքաւորները պակսեն երկրի միջից: Երկրի մէջ պէտք է գործ շատանայ, նոր գործեր պէտք է հիմնւեն, բայց նրանք (Օլիգալխները) երբէք թոյլ չեն տայ օտար երկրից հայեր ներդրում անեն, որովհետեւ մրցակից չեն հանդուրժում: Ուրեմն նախագահին կամ ազգային ժողովին նամակ գրելով ոչ մէկ տեղ չեք հասնի: Հայկական առակ կայ ասում են շունը շան միս չի ուտի: Այս իշխանութիւնը անկարող է այդ երկրի մաֆիային կարգի բերել, ինչպէս ասացի նրանք շաղախւած են իրար մէջ: Միակ ճարը իշխանափոխութիւնն է, իհարկէ ոչ Տէր Պետրոսեանական ձեւով, որովհետեւ Հայաստանի այսօրւայ վիճակի հիմնադիրը հէնց ինքը Լեւոն Տէր Պետրոսեանն եղաւ: Ես ուղղութիւն չեմ կարող տալ ձեզ թէ ում ապաւինէք, դուք մտաւորականներ էք, մտածող անձեր եք, ապրում եք հայրենի հողի վրայ, կարող եք կողմնորոշւել թէ ովքեր կարող են երկիրը փրկել: Սակայն ելքը միայն իշխանափոխութիւնն է: Նախագահը՝ Սերժ Սարգսեանը, ինքը անձամբ հայրենասէր մարդ է, բայց մէկ ձեռք է: Ազգային ժողովի վրայ երբէք յոյս մի դրէք, այնտեղ միայն օլիգարխների առեւտրի ժամադրավայր է: Յաջողութիւն ձեզ:
4. Նուբար Ասլանյան23:15 - 2 հուլիսի, 2011
«Մեր երկիրը նման է մի օրգանիզմի, որը կաթիլ-կաթիլ արնաքամ է լինում»:Թողեցեք վերջին կաթիլն էլ քամվի, որպեսզի նոր,թարմ,մաքուր արյուն ներարկենք, այլապես, սրանց ...... արյան վրա նոր արյունը չի ներարկվի՝ բացիլը կհաղթի...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ