HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տեղական թռչնարդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտը թռչնակերն է. այն ամբողջությամբ ներկրվում է

Թռչնարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրների մասին է «Հետք»-ի հարցազրույցը Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ

Պրն Ստեփանյան, ինչպե՞ս կգնահատեք թռչնարդյունաբերության վիճակը մեր հանրապետությունում:

Տնտեսության մեջ թռչնաբուծությունն ամենաարագ զարգացող, ամենաշահութաբեր, կարճ ժամկետում վերարտադրություն կազմակերպող եւ ներդրումները կարճ ժամկետում վերադարձնող ճյուղ է: 2007-10 թթ. թռչնաֆաբրիկաները վերազինվեցին նոր արտադրական տեխոնոլոգիաներով, խոսքը վերաբերում է  եւ հավկիթ, եւ թռչնամիս արտադրողներին:

2009թ. եղավ այս ճյուղի զարգացման բարձրակետը, մենք կարողացանք ինքնաբավումը մեկ շնչի հաշվով բարձրացնել 103%-ի, մոտեցանք եվրոպական երկրներին եւ մեկ շնչի հաշվով հասցրինք 203-204 հավկիթի: Իտալացիների չափ հավկիթ արտադրեցինք տարեկան կտրվածքով, իսկ մսի արտադրությունը վերջին մի քանի տարում թափ հավաքեց:

Արտադրողները դժգոհություն ունեն, որ հավկիթը ինքնարժեքով են վաճառում եւ հնարավորություն չունեն արտադրությունը շարունակելու, ո՞րն է պատճառը:

Հարցն այն է, որ մենք ինքներս չենք ձգտում բարձր գնի, բնականաբար, տարածաշրջանում կա հավկիթի միջին շուկայական գին եւ եթե այդ գնից բարձր ես վաճառես, անմիջապես հարեւան երկրներից կներկրեն այստեղ: Մենք 2012թ.-ին չկարողացանք ածան հավերի քանակը ժամանակին համալրել եւ 2013թ.-ին պահենք արտադրության ծավալները կամ 5 տոկոսով բարձրացնենք, ինչպես նախորդ տարիներին է եղել, երբ հավկիթի արտադրության ծավալների անընդհատ աճ ենք ունեցել:

Արտադրողները չունեցան ռեսուրս, որպեսզի ներդնեն եւ 3-4 ամսվա կտրվածքով ապահովեն իրենց կերով, վիճակը կայուն պահեն, քանի որ հատիկաֆուրաժի գինը շուկայում անընդհատ բարձրանում է: Մեզ ոչ ոք չօգնեց այդ հարցում, նույնիսկ առաջարկեցինք մենք էլ մասնակցենք, Կառավարությունն էլ բիզնեսին աջակցի՝ մեծ քանակությամբ հատիկաֆուրաժ ներկրենք, չարվեց եւ հիմա հավի գլխաքանակն ավելացնելու հնարավորություն չունենք:

Կերի շարունակական թանկացումն ինչպե՞ս անդրադարձավ արտադրության վրա, եղա՞ն ընկերություններ, որոնք սրա արդյունքում մրցակցությունից դուրս մնացին, փակվեցին:

Խոշոր տնտեսությունները, եթե չեն էլ փակվել, ապա ծավալների ռեալ նվազում է տեղի ունեցել, օրինակ, «Արզնի» եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաները հավկիթի արտադրության ծավալները նվազեցրել են: 2012թ.-ի ամռանը «Արաքս» թռչնաֆաբրիկան օրական արտադրում էր 1100-1150 արկղ ձու, հիմա` 700-750 արկղ: Համենայնդեպս, կերի գնի թանկացման, շուկայում գնի վերին սանդղակի արհեստական սահմանափակման, ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում, երբ կազմակերպությունները վերջին երկու տարում չեն կարողանում բանկային վարկերը սպասարկել, տնտեսապես շահավետ չէ հավկիթ ու միս արտադրելը:

Արտադրողն արդեն գիտակցում էր, որ պետք չէ շեշտը դնել թանկացման վրա, որովհետեւ քանակի վրա աշխատելով կարողանում էր մինիմալ շահույթն ապահովել: Փաստորեն, 2008թ.-ից հետո առայսօր ե՛ւ մսի, ե՛ւ հավկիթի արտադրության ծավալները բարձրացնում ենք, սակայն վերջին երկու տարիներին բացողման գնի աճ չենք ունեցել:

Թռչնաֆաբրիկաներ մեր համատեղ այցելության ժամանակ արտադրողներն իրենց տնտեսական ծանր վիճակը պայմանավորեցին թռչնակերի թանկացումով եւ այսպիսի միտք արտահայտեցին` պետությունը ձվի եւ մսի գինը վերահսկում է, իսկ կերի գինը չի վերահսկում: Պետության վերահսկողությունից  ինչ- որ բան կախվա՞ծ է:

2008թ.-ին մեզ մոտ 12 թռչնամիս արտադրողներ եւ խոզաբուծությամբ զբաղվողներ, կերը ներկրում էին համախմբված` Ուկրաինայից, Մոլդովայից: Կերի ներկրումը տարիների ընթացքում այնպես ստացվեց, որ մենաշնորհ դարձավ, արդեն ոչ թե արտադրողներն էին ներկրում, այլ 3-4 կազմակերպություն, որոնք զբաղվում են հանրապետություն հատիկաֆուրաժի ներկրմամբ: Նրանք մեծ քանակությամբ են ներկրում եւ, բնականաբար, ցածր ինքնարժեքով:

Մեզ համար շահավետ չէ այս տարբերակը, մենք այստեղ ռեսուրսների կորուստ ենք ունենում, հատկապես, էներգոռեսուրսների մեծ ծախս ենք ունենում: Կառավարության առջեւ այս հարցը բարձրացրել ենք` օգտագործել այն ռեսուրսը, որ կա հանրապետությունում: Այս տարի հատիկաֆուրաժը 62-70%-ով ավելի թանկ ենք գնել, քան նախորդ տարվա նույն ժամակաշրջանում: Մենք ունենք կերի եւ մթերման խոշոր գործարաններ, որոնց մեծ մասը չի գործարկվում: Միակը Եղվարդի գործարանն է, որը գործարկեց «Մանանա գրեյ»-ը եւ աստիճանաբար մասնագիտանում է կերի արտադրության մեջ:

Մեր հանրապետության հողերի հիմնական մասն անմշակ է, մտածե՞լ եք այդ հողակտորների վրա տեղական կերի արտադրություն կազմակերպելու մասին, պետական քաղաքականություն կա՞  այդ հարցի վերաբերյալ:

85 հազար հա հողատարածք կա, որը կարելի է տրամադրել կերային կուլտուրաների մշակմանը: Կա բավականին տարածք, որը կարելի է 2-3 անգամ ոռոգելով բերքատվություն ապահովել: Հարցն այն է, որ մեկը պետք է կազմակերպի, պատասխանատվությունը ստանձնի, երկարատեւ ֆիանսավորման աղբյուր է հարկավոր գտնել կամ բանկերը պետք է մասնակցեն, ապահովագրական ընկերությունները ներգրավվեն եւ այլն: Դրան էլ ավելացնենք հողակտորների մասնատվածությունը հեկտարների, որտեղ ինտենսիվ գյուղտանտեսություն կազմակեպելը նպաստավոր չէ: Կազմակերպչական, կառուցվածքային, ռիսկային խնդիր է, մտածում ենք, որ գյուղնախախարությունը պետք է անի, բայց կոոպերացիայի սկզբունքով, օրինակ կազմակերպեն եւ եկամուտը միասին բաշխեն:

Այդ  նախաձեռնությամբ հանդես ենք եկել եւ առաջարկել ենք տեղական կերարտադրության կազմակերպման համար սպառող կողմերս ինքներս դառնանք երաշխավոր գնորդներ: Թռչնաբուծությամբ զբաղվողն առնվազն 3 ամսվա պաշար պետք է ունենա, հակառակ դեպքում այն արտադրությունը, որ այսօրվա նման անիվների վրա կազմակերպվեց, շահավետ չի կարող լինել եւ սննդի անվտանգության տեսակետից խնդիրներ են լինում: Կերի անորակությունը գալիս է նրանից, որ մի քանի ամսվա պաշար ունենս:

Վերադառնանք թռչնարտադրության խնդիրներին, ունեցե՞լ եք թռչնամսի արտադրության պիկեր:

Հայաստանում նախկինում արտադրվել է մոտավորապես 18-20.000 տոննա միս, հիմա 10-12 հազար տոննա, ամբողջ սպառման 20-22%-ը: Արտադրված թռչնամսի 80%-ը թարմ վիճակում է իրացվում, սառեցվում է 20%-ը: Այսինքն, հավի պահանջարկը մեծ է, սակայն մենք ընդամենը կարողանում ենք արտադրել սպառման թռչնամսի 20-23%-ը:

Մնացածը, սառը թռչնամսի տեսքով, ներկրվում է, որի գերակշիռ մասը թռչնի բուդն է` բնակչության շրջանում հայտնի «Բուշի բդեր» անվանումով: Վերջին 3-4 տարվա միջինացված տվյալներով, տարեկան միջին հաշվով 36-40 հազար տոննա թռչնամիս է սպառվում Հայաստանում, դրա գերակշիռ մասը ներկրում ենք:

Էկոլոգիապես մաքուր սնունդ ասվածը մենք նույնացնում ենք տեղական արտադրության սննդամթերքի հետ: Ինչո՞վ եք բացատրում, որ տեղական արտադրողները չեն կարողանում սպառումը լիովին ապահովել:

Համեմատական կարգով ասեմ, որ ամբողջ աշխարհում, այդ թվում Եվրոպայի Արեւելյան երկրներում, Ռուսաստանում, թռչնամսի օգտագործման տարեկան սպառման աճը կազմում է 10-15%, դա միակ մսատեսակն է, որն այդքան բարձր աճ է ապահովում: Պահանջարկն անընդհատ կա եւ շարունակում է բարձրանալ, որովհետեւ համարվում է դիետիկ, ցածր ճարպով, բարձր էներգետիկ արժեքով սննդամթերք:

Բնական է, որ այդ աճն անընդհատ ավելանալու է: Իմանալով հանդերձ, որ թռչնամսի պահանջարկն անընդհատ աճ է ունենալու, մենք չենք հասցնում աճի տեմպերն ապահովել: Հիմնականում մի քանի խանգարող բան կա. դրանցից ամենախոցելին թռչնակերն է: Վերջին 2-3 տարիներին օգտագործվող թռչնակերի 90-92%-ը ներկրված է: Սկզբում ներկրում ենք հատիկային տեսքով, տեղում պատրաստում ենք համակցված կեր:

Վերջին 5 տարիների նախաձեռնությունները, որ հնարավորինս  տեղական կերի բազան մեծացվի եւ կարողանանք տարեկան 30-35%-ը տեղական կերի բազայից օգտվենք, չհաջողվեց: Տեղական արտադրությունն ամբողջությամբ կախված է դրսի շուկայական գնից: 2-3 տարին մեկ անգամ երաշտի կամ այլ պատճառներով շուկայում գնի փոփոխություններ են լինում, եւ մեր վերջին տարիների հետազոտությունը ցույց է տալիս, որ ոչ մի անգամ ո՛չ ցորենի, ո՛չ եգիպտացորենի հատիկակերերի գնի նվազում չի արձանագրվել, միշտ բարձանում է: Բնակչության թիվն աշխարհում ավելանում է, պահանջարկը մեծանում է, արտադրության տեմպերը նվազում է:

Ինչո՞վ է բացատրվում ներմուծված մսի սպառողականությունը, երբ կա տեղական արտադրություն, որն ավելի որակյալ է:

Միակ գործոնը սոցիալականն է, անապահով ընտանիքների գնողունակության հարցն է: Մենք չենք կարող խոստանալ, որ ինքնարժեքով թռչնամիս կվաճառենք:

Բոլոր խոշոր թչնաֆաբրիկաներում ասում էին, որ ամբողջ ծավալով չեն աշխատում, հնարավո՞ր է ողջ ծավալով աշխատելու դեպքում նաեւ գնային փոփոխություն կատարել:

Միանշանակ, ծավալների աճը միշտ բերում է գնի նվազման, բայց այսօր ամենամեծ գործոնը համակցված կերն է: Մեզ մոտ հավկիթն ու միսն ավելի էժան է, քան Վրաստանում եւ Ադրեջանում: Այն դեպքում, երբ մենք 1 տ կերի ներկրման ժամանակ Վրաստանից 32 դոլար ավել ծախս ունենք` ճանապարհածախսը: Չեմ ուզում գովեստի խոսքեր ասել, բայց մեր արտադրողները ինքնահաշվարկը ճիշտ են կատարում, ավելորդ ծախսերը նվազեցրել են:

Պետությունը, եթե վերահսկում է գնի վերին սահմանը, դա նշանակում է ներքին սահմանն էլ պետք է կարգավորի, բայց եթե գնի վերին սահմանը փակելով սահմանափակում ես աճը, բնականաբար, առաջ չես գնա եւ այստեղ արդեն ռիսկայնությունը մեծ է: Եվրոպական զարգացած երկրներում սուբսիդավորման, դոտացիայի կամ հարկերի հետաձգման միջոցով քաղաքականությունը պահում են:

Թռչնաբույծների միության մեջ քանի՞ ընկերություն է ընդգրկված:

18 խոշոր ընկերություններ են, որոնք 400-500 աշխատող ունեն, 34 փոքր եւ միջին տնտեսություններ, որտեղ 5-20 աշխատող ունեն:

Փոքրերի համար դժվա՞ր չէ 18 խոշորների հետ մրցակցելը:

Փոքրերն էլ իրենց առավելություններն ունեն, մեծ ռեսուրսներ չունեն եւ շատ ճկուն են: Մեծերը դժվարությամբ են գնի փոփոխություներին հարմարվում: Նրանք պահեստային տնտեսությունների կարիք չունեն, արագ հանում են շուկա, արագ վաճառում են, գումարի վերադարձն ավելի արագ է կատարվում:

Մինչ այժմ մենք հարցը քննարկում էինք արտադրողի համար շահեկանության տեսանկյունից, բայց հարցին նայենք նաեւ սպառողի տեսանկյունից: Միասին 4 խոշոր թռչնարդյունաբերողների մոտ եղանք, որոնցից մեկի՝ «Արաքս»-ի համար կարելի է խոսել արդիական տեխնոլոգիաներով արտադրություն կազմակերպելու մասին, եթե խոշորներն են այդ վիճակում, ապա փոքր եւ միջինի դեպքում անվտանգության տեսանկյունից ի՞նչ երաշխիքներ կարող ենք ունենալ, հատկապես երբ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն չապահովելու դեպքում նրանք այդ վերահսկողությունից են դուրս մնում:

Փոքր եւ միջին ընկերությունները հավկիթի արտադրության պրոցեսում խնդիրներ չունեն, միջազգայնորեն ընդունված սանիտարական նորմատիվ պահանջները ձգտում են կատարել: Միս արտադրող փոքր ընկերությունների հետ կապված ձեր մտահգությունը կիսում եմ, այստեղ մենք խնդիրներ ունենք եւ դրանց մասին տեղյակ է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Նրանք պետք է միջոցներ հայթայթեն փոքր մորթի արտադրամասերի կահավորման համար, գոնե նվազագույն պահանջը բավարարեն:

Խոշոր եղջերավորների համար կա, խոզինը` մեկ-երկու տեղ կա, հիմա  հավի համար պետք է արվի: Հիմնականում, ոչ թե թերանալու արդյունք է սա, այլ ֆինանսական միջոցների սղության, միջոցներն այնքան սուղ են դարձել, որ տնտեսումն արդեն հասել է նյութերից, արտահագուստից հրաժարվելուն:

Մի քանի ամիս առաջ համատեղ իրականացրած դիտորդության ժամանակ նաեւ թռչնակերի լաբորատոր փորձաքննություն պատվիրեցինք եւ կերի մանրէբանական փորձաքննության արդյունքներով կերը մանրէներով վարակվածություն ուներ, ինչպե՞ս է այն  անդրառանում թռչնի եւ մսի որակի վրա:

Տարիներ շարունակ, եթե տարբեր ռեգիոններում օգտագործվել են գետնետիկորեն մոդիֆիկացված կերատեսակներ, խթանիչներ, մեզ մոտ դա չի օգտագործվում, դա գալիս է երեւի սննդի նկատմամբ ավանդական մոտեցումից կամ մեր մշակույթից: Կերի մանրէաբանական ստուգման կանոնակարգ չունենք մենք, ներկրվող կերի սերտիֆիկացիայում չկա նման բան` խոնավություն, աղտոտվածություն: Հիմնական ներկրողի համար, եթե այդպիսի չափորոշիչներ չկա, օգտագործողից առավել եւս պահանջելն անիմաստ է:

Ինչի՞ հիման վրա է կատարվում կերի լաբորատոր հետազոտությունը, եթե ստուգման կանոնակարգ չկա:

Որքան գիտեմ, կերերի քիմիական հետազոտության չափորոշիչներ կան, իսկ մանրէաբանական չկա: Ասել, որ կերի մեջ սալմոնելա կա, դա օդից վերցված եզրակացություն է, եթե նույնիսկ կա, Ծառայությունը արտադրողին պահանջներ չի կարող ներկայացնել դրա հիման վրա: Դա անիմաստ արված աշխատանք է, եթե չգիտես ի՞նչ չափորոշիչնեով է արվում, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է արվում:

Դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

Վաղը կարող է լինել, իսկ այսօր մտածելու ավելի շատ բան ունենք, ճիշտ է անվտանգ սնունդը դա վաղվա օրն է, ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, հատկապես բարձր արժեքով արտադրվող սնունդը, բայց դրա մասին հարկավոր է մտածել այն ժամանակ, երբ քանակն արդեն ապահովել ես: Բոլորը ձգտում են էժան կեր գնել, որի որակը բնականաբար ցածր է, մենք միջազգային շուկայում վաճառքից հետո մնացած հատիկաֆուրաժն ենք գնում, որը կոտրված է եւ վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Սա վերցնում ենք, որովհետեւ չունենք այն միջոցները, որ կերի հետ խառնենք եւ այդ տոքսինները կլանեն իրենց մեջ: Այստեղ ավելի շատ արտադրողն է տուժում:

Այս ոլորտի օրենսդրական կարգավորման ի՞նչ բացեր եք տեսնում:

Մենք հավկիթի գերարտադրությունից վնասներ ենք կրել եւ Կառավարությանն առաջարկել ենք մեր տեսլականը զարգացնել: Մենք կոնկրետ ծրագիր ունենք` վերարտադրությունը կազմակերպել: Վերջիվերջո կիմանանք, թե մեր ազգաբնակչությանն ինչ քանակ է պետք, իսկ ավելցուկը կվերամշակվի ձվի փոշու եւ այլն: Ձվի փոշու ծավալը ձվի արտադրության մեջ շատ է մեծացել եւ միակ անվտանգ սնունդն է, բանակներում հիմա դա են օգտագործում:

Գերարտադրության վախը արտադրողին հարկադրում է մի քիչ քիչ արտադրել, քան թե փաստի առաջ կանգնել: Կառավարությանը 10 անհետաձգելի առաջարկություն ենք ներկայացրել, որը մեր ճյուղին անհրաժեշտ է շուտափույթ: Հաջորդը` բանկերի հետ աշխատանքն է, ցանկանում ենք, որ բակերն իրենց պորտֆելում մեզ տեղ հատկացնեն, վերջին 5 տարին 6-8%-ից չի անցնում վարկավորումը: Թռչնաբուծության ոլորտի սեփականատերերը լուրջ ռիսկերի հետ  են շփվում,  եւ ապահովագրական ոչ մի մեխանիզմ չի գործում, որ կարողանան գոնե 10-15 %-ը ապահովագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter