HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հյուրանոց Լոռիում՝ զբոսաշրջության զարգացման համար

Ապրիլի 26-ին Լոռու մարզի Հաղպատ գյուղում 2009թ.-ին ՀՀ կառավարության  հավանությանն արժանացած զբոսաշրջության զարգացման «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակներում հանդիսավորությամբ բացվեց «Քեֆո» նորակառույց հյուրանոցը:  Հյուրանոցի սեփականատերը Ալավերդիում մեծ ճանաչում ունեցող գործարար, Ախթալայի խորովածի փառատոնի առաջին մրցանակիր  Արմեն Քեֆիլյանն է:  Նա Ալավերդու «ֆլորա» ռեստորանի ավագ խոհարարն է:  Հյուրանոցի կառուցման գաղափարը գործարարի մոտ ծնվել է  տարածաշրջան այցելող  զբոսաշրջիկների հետ շփման արդյունքում:  

«Ֆլորա» ռեստորանում տարեկան ճաշում է 9 հազար զբոսաշրջիկ:

Գործարարը  որոշել է կազմակերպել նաև  զբոսաշրջիկների  հյուրանոցային սպասարկումը. «Հյուրանոցի բացումը նշանակում է, որ զբոսաշրջիկները մեր եկեղեցական համալիրներ այցելելուց հետո  նորմալ պայմաններում կգիշերեն մեզ մոտ, կծանոթանան մեր կենցաղավարությանը, կճաշակեն Լոռիում  շատ տարածված կերակրատեսակները, կծանոթանան մեր ավանդական խոհանոցին: «Քեֆո» հյուրանոցը նպատակ ունի զբոսաշրջիկներին նաև մատուցելո հեծյալ տուրիզմ, օղի թորելու, լավաշ  թխելու տեխնոլոգիաներ»,- ասում է  Արմեն Քեֆիլյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ Լոռվա ճաշատեսակներից  զբոսաշրջիկներին մատուցելու է Լոռու բրդուճը,  սպիտակ գինով պատրաստած Լոռու ծառասունկը և մի քանի այլ ճաշատեսակներ:

Հյուրանոցի բացման արարողությանն աջակցելու համար Հաղպատ էին եկել նաև «Հայ խոհարարների ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի նախագահ  Սեդրակ Մամուլյանը և այլ անդամներ: Նրանք հյուրանոցի շնորհանդեսին բացառիկ «ֆուրշեթ» մատուցեցին մասնակիցներին:  

Սեդրակ Մամուլյանը «Հետքին» հայտնեց, որ Թումանյանի տարածաշրջանում հնարավոր է համարում զբոսաշրջության զարգացումը. «Մենք հենց դրա համար ենք այստեղ, որ զբոսաշրջության զարգացման  իրավիճակ ստեղծենք: Կարծում եմ՝ այդ նպատակին մենք հասել ենք: Ինչպես բնակչությունը, այնպես էլ գործարար մարդիկ, մասնավորապես Արմեն Քեֆիլյանը, իրենց  աշխատանքով կարողանում են ստեղծել այդ միջավայրը»,- ասաց նա: Հաղպատի գյուղապետ  Վահրամ Քառյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ  Հաղպատը «Հյուսիսային դարպասներ» ծրագրով զբոսաշրջության կենտրոն է, իսկ «Քեֆո» հյուրանոցը Հաղպատում գործող արդեն 2-րդ հյուրանոցն է. «Հյուրատները ևս շատանում են, գյուղացիները կամաց  ընդգրկվում են զբոսաշրջության բիզնեսի մեջ, նրանք մեր անտառներից հավաքում են վայրի հատապտուղներ և վաճառում են զբոսաշրջիկներին»:

Արմեն Քեֆիլյան Սեդրակ Մամուլյան Վահրամ Քառյան

Հաղպատավանքի վանահայր Տեր Ասպետ  Վարդապետ Բալյանը հայտնեց, որ ի տարբերություն  տարածաշրջանի մյուս վանքերի՝ Հաղպատավանքը ավելի կայուն վիճակում է: Տեր Ասպետ Վարդապետ Բալյանը  նույնպես գտնում է, որ Հաղպատի գյուղացիները ներգրավվում են զբոսաշրջության բիզնեսի մեջ և նրանց սոցիալական վիճակի մեջ  արդեն նկատելի են դրական փոփոխություններ:


Հյուրանոցի բացմանը ներկա  լոռեցիները  երազում են զբոսաշրջության զարգացման մասին, իսկ ներկա պաշտոնյաները գտնում են, որ լեռնահանքային արդյունաբերությունը արգելք չի կարող հանդիսանալ  տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար:

Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆիկ Ջավախյանն ասում է, որ իր երազանքն է Թումանյանի տարածաշրջանը տեսնել զբոսաշրջության մեջ ներգրավված. «Լոռեցիները հյուրասեր և մշակութային ժողովուրդ են, մի ոլորտ, որն ի ծնե տրված է լոռեցիներին: Դա թողած՝ զբաղվում են հանքարդյունաբերությամբ»,- ասում է պատկերասրահի տնօրենը:

Վերջինս չթաքցրեց իր համակրանքը Արմեն Քեֆիլյանի գործելակերպի նկատմամբ:

 Գրող–հրապարակախոս, ախթալեցի Վահե Անթանեսյանը  հպարտանում է, որ հայերը այն բացառիկ ազգերից են, որ ունեն հյուրընկալության Աստված` հանձին Վանատուրի. «Մենք զբոսաշրջիկներին  ընդունում ենք ոչ որպես կլիենտի, այլ որպես հյուրի»,- ասում է նա:

Ռաֆիկ Ջավախյան Մեխակ Ապրեսյան Վահե Անթանեսյան

Վահե Անթանեսյանը գտնում է, որ  մասնավորապես Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Ախթալայի ԼՀԿ-ի չվերահսկվող պոչամբարները որոշակի վտանգներ են ստեղծում զբոսաշրջության զարգացման համար. «Հուսով եմ՝ կհասունանա այն պահը, երբ  մեր լեռնահանքային ընկերությունները ընդերքն օգտագործելիս չեն աղճատի մեր բնության անաղարտությունը»,- ասում է Վահե Անթանեսյանը և հավելում, որ պետությունը  պետք է ակտիվ միջամտի, որպեսզի ընկերությունների կողմից  կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ զբոսաշրջության զարգացման չխոչընդոտելու նպատակով:

«Քեֆո» հյուրանոցի բացմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարարության  զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասում  է, որ  զբոսաշրջությունը Հայաստանում դինամիկ զարգացում է ապրում. «2010թ.-ի հետ համեմատած՝ 2012թ.-ին 18 անգամ ավելացել են  Հայաստան այցելող  զբոսաշրջիկների քանակը»,- ասաց նա: 

Մեխակ Ապրեսյանն նաև նշում է, որ աշխարհի զարգացած բոլոր երկրներում  և՛ հանքարդյունաբերություն կա, և՛ զբոսաշրջություն. «Դրանք  մեկը մյուսին  նույնիսկ լրացնում են»,- ասում է Մ. Ապրեսյանը:

Հարց է առաջանում, թե  օրինակ »Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերությանը  պատկանող Ախթալայի  ԼՀԿ-ի անվերահսկելի  պոչանքներն ինչպե՞ս կարող են լրացնել  Ախթալայում  զբոսաշրջության կայացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter