HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Կենսական նշանների կորստի և ժամանակակից արվեստագետի խնդրի մասին. Արա Հայթայան

Քաղաքի կենտրոնի հնագույն` Դալմայի այգին փոշու եւ շինարարական աշխատանքերի մի քանի ամսվա պատմության մեջ կորցրեց իր երկարամյա կենսական բնույթը: Քաղաքային երթեւեկության թեթեւացումը հատում-կտրում է եւս մի տարածք, որը նախեւառաջ նշանային եւ դիմագծային հատկություն ունի:

2012-ի գարնանը գեղանկարիչ Արա Հայթայանը նստեց տաք խոտին ու գծագրեց վերացող ծիրանենիները, խաղողի վազերի վերջին բողբոջումը: Դալմայի հոգեբանական քարտեզագրությունը (ըստ Հայթայանի) խտացնում է տարբեր տարիների դիտարկումներն ու հույզերը:

«Կորուսյալ բնանկարի այլաբանություն»-ն արդեն կենսական տարածք լինելու ընկալելիությամբ ընդունվեց Ճապոնիայում` շարքի անհատական ցուցադրության ժամանակ. նկարներից մի քանիսը մնացին այնտեղ, իսկ մյուսները մի քանի օր շարունակ մեկ այլ`«Նատյուրմորտի լուսանցքներում» շարքի հետ համատեղ ցուցադրվում են «Դալան»  պատկերասրահում:

«Մեծ տարբերություն կա մեր եւ նախորդների ժամանակների միջեւ. երբ դու անում ես մի բան եւ երկու ամիս անց Ճապոնիայում ցուցադրում, եւ կամ ճապանական արդիական արվեստը տեսնում ես այստեղ, հասկանում ես` նման ինֆորմատիվ խաչասերումներ աշխարհում երբեւէ տեղի չեն ունեցել:

Ամեն համակարգ ունեցել է իր ներքին հնոցը, եզրակացությունները եւ դրսից ներթափանցող ինչ-որ չափաբաժին :

Ինֆորմացիայի հասանելիությունն ամբողջովին փոխել է վիճակը. դժվարացել է լուրջ խնդիրներ դնելու հարցը, եւ այսօրվա արվեստագետի կյանքի ժամանակը բավարար չէ դրա համար:

Ինչ-որ տեղ նաեւ շուկան է ստեղծում այս վիճակը. ես դրան վատ չեմ վերաբերում, բայց քսանամյա տղայի մեկ նկարը, երբ վաճառվում է քսան միլիոնով, այդ գումարը նրան թույլ չի տալիս առհասարակ հասկանալու արվեստի բնույթի բարդությունը:

Ստացվում է` նա, ով ունի իր առջեւ դրված արվեստի հիմնավոր խնդիրներ, պետք է դուրս գա շուկայից, նահանջի, չլինի տեսանելի եւ շոշափելի, բայց կարողանա ինչ-որ տեղաշարժ անել ձեւային մտածողության մեջ, ինչն իսկապես դժվար է»,-ասում է զրուցակիցս:

Օրեր առաջ զրուցում էի մեկ այլ արվեստագետի հետ, ով ասում էր` այլեւս մեր ժամանակներում նկարն ու տեքստը, նկարն ու հեղինակն անբաժանելի են իրարից, եւ նկարի ընկալելիությունը կախված է այս երկուսի անմիջական ներկայությունից: Նկատում եմ, որ Ձեր երկու շարքերին կից կա նաեւ բնութագրող գիրը: Տեքստն անհրաժե՞շտ է այս համատեքստում:

Ինչ-որ այդպիսի խնդիր կա: Այս երկու շարքերն այնպիսին են, որ տեքստը շարքը դարձնում է ավելի արդիական եւ ցույց է տալիս, որ այսօրվա դրամայից կարելի է ստեծել գեղագիտություն` սոցիալ-քաղաքականը թողնելով երկրորդական դերում, բայց հենց այդ սոցիալականն է շեշտադրում, որ հավասարակշռվի միտքը, դիտողը տեսնի արդիականը կամ կյանքից օգտվելու տարբերակը:

Այսինքն այն, ինչ ստեղծվում է քաղաքային միջավայրում եւ միաժամանակ ցուցադրում է այն` երաժշտությունը, գեղանկարչությունը, պոեզիան պայմանականորեն տեքստ կարելի՞ է անվանել:

Տեքստային եւ պատկերային կիրառումը շատ տարբեր է. ամեն մեկն ունի իր տրամաբանությունը: Ես միշտ համոզված եմ եղել, որ կա մի կետ, որտեղ իրենք չեն առնչվում, այսինքն` երբեք տեքստը չի կարող տալ պատկերի կոդը կամ ուղենիշը. առհասարակ, եթե հաշվի առնենք` ինչ թեմայի հետ է առնչվում նյութը, տեքստն այդտեղ կարող է նպաստել, բայց էլի պատկերը միշտ միայնակ է մնում` ուրիշ չափման մեջ…Նույնը կարծեմ` ձայնայինը:

Ընդհարապես այս արվեստի նմուշները, որոնք ես եմ ստեղծում, նշանային եւ բարդ համակարգերի վրա են կառուցված, եւ մաքուր պատկերը ունի առաջնային դերակատարություն:

Երբ ստեղծում էիք այս պատկերները, արդեն տեղյա՞կ էիք  Դալմայի այգիների միջով նախագծված կառուցվելիք ճանապարհի մասին:

Ճիշտն ասած` վաղուց բնության մեջ չէի աշխատել, գրեթե չորս-հինգ տարի բնությունից չէի օգտվել, չնայած որ իմ մեթոդն է` բնության մեջ անել մի բան, որն արվեստանոցում վերջնական ձեւափոխման կհանգի: Այս դեպքում երբեք չէի մտածել, որ կկորսվի այս այգին, որն ինձ համար մի տեսակ չափիչ էր. եթե նույնիսկ այնտեղ չէի աշխատում, անպայման գնում էի: Բնության արթնանալը եւ դրան զուգահեռ իմ արթնանալու ռիթմը հենց այնտեղ էի զգում:

Այսինքն ի սկզբանե՞ Դալմայի այգին ձեզ համար նշանային տարածքի բնույթ է կրել:

Չեմ ուզում ամպագորգոռ բաներ ասել, բայց տեսիլքներ եմ ունեցել այդ տարածքում. այն նոր իրականություն է բացել: Դա երեւի թե այն է, որ առկա է քրիստոնեկան փորձառության մեջ` բաց աչքերով գերիրականն ես տեսնում` նայելով տեսողական իրականությանը, բայց մեկ էլ հանկարծ հասկանում ես, որ երազ չի` այն «բացվել» է:   Երբ ինչ-որ փշրանքներ ես վերցնում մայրամուտից, ծառի փայտից, կոճղից, մարդկանց շարժումներից, մեկ էլ այդ ամբողջը բերում են մի նոր հասկացողության…Երբ արդեն ավտոտնակների մոտից բարձրանում էի վերեւ` միանգամից քաղաքակրթություն, այդ ամենն արդեն հստակ վերափոխված մեխանիզմ ուներ իր մեջ:

Իսկ հնարավո՞ր է` այս ամենից հետո, երբ տարածքը կորցնի իր կենսական բնույթը գոնե Ձեզ համար, եւ ճանապարհին զուգահեռ  հայտնվեն խանութներ, բենզալցակայաններ եւ այլն, Դուք այդ ժամանակ առաջնայինի վերապրման հիմքի վրա այլ գործեր ստեղծեք:

Երեւի թե հնարավոր է, եթե ես կարողանամ համակերպվել մարդկային միջամտության այդպիսի կոպտությանը`  վերջին հաշվով կարելի էր այդ ճանապարհը շրջանցել:

Օր օրի տեսնում էի` բոլոր կողմերից այդ տարածքի վրա «հարձակվում» էին, եւ այն գնալով փոքրանում էր… Էսպես, թե էնպես, նկարելիս զգում էի, որ շենքերն առաջ են գալիս, եւ առաջ եկող շենքերի, պալատների հարձակումը միշտ զգալով` ինչ-որ տեղ ենթագիտակցորեն փորձում էի հեռու պահել ինձնից այդ միտքը:

Իսկ այս դեպքում, երբ որ ճանապարհն ուղղակի մեջտեղից կտրեց տարածքը, իմ կարծիքով նոր թեմա առաջ բերեց, եւ , այո, ճանապարհի կողքին կլինեն խանութներ, բենզալցակայաններ, եւ այն իր համակարգի մեջ կփոխվի:

«Կորուսյալ բնանկարի այլաբանություն» նկարաշարը ինձ համար` որպես դիտողի, զարմանալիորեն վերջի եւ սկզբի զգացողությունը դուրս է մղում: Կարծես թե այստեղ ընդհանրական զգացողության նկարն է, այլ ոչ թե շարունակական շարքի: Բոլոր նկարները Դալմայի այգու՞մ են նկարվել, ո՞րն է առաջին նկարի հղումը:

Առաջին նկարը (որն, ի դեպ, շարքի միակ   գծանկարն է) ստեղծել եմ Դալմայի այգում, մնացածը արվեստանոցում` հիմնվելով բոլոր տարիների իմ ունեցած հիշողության տեսիլքի եւ անցյալ տարվա փորձառությանս վրա` հուշի, մայրամուտների, հանդիպումների, ծագած գաղափարների: Այս շարքի մեջ առաջնայինը գույնն է:

«Կորսված բնանկարի այլաբանություն» շարքից

Ուրբանիզացված կամ գոնե այդ իրականության մեջ ապրող արվեստագետը նման տարածքների ոչնչացման հետեւանքով պետք է փակվի՞ իր արվեստանոցում եւ վերապրման, զգացողության հիմքի վրա ստեղծագործի՞:

Վերջին հաշվով սա վերապրում է, այո, բայց վստահ եմ, որ մեր օրերում լինի քաղաքային արվեստագետ, լինի արվեստագետ, որն արդեն հրաժարվել է ուրբանիստական տարածքներից ու ընտրել է բնությանը մոտ տարածքներ, բոլորն էլ ինչ-որ չափով պետք է լուծեն հետեւյալ  խնդիրը` ինչպես եւ ինչքան է անդրադառնում մարդու վրա կենսական խորհրդանիշերի կորուստը:  Ուզում եմ ինձ երբեմն պատկերացնել գյուղացու փոխարեն. իր տարածքն իր մակրոկոսմոսն է, եւ նա ըստ դրա է հասկանում աշխարհը, ու հանկարծ սարը կտրում են (ինչպես օրինակ Սեւանի հարակից տարածքի սարը, որը թունելի վերածվեց), սար, որ հավերժության նշան էր իր համար:

Բոլոր երկրներում էլ այս խնդիրը գոյություն ունի, եւ հարց է առաջանում` ինքը` արվեստագետը ինչպես պետք է կազմակերպի իր զգացողությունները, մտքերը` անընդհատ ապրելով այս վերքերը:

Աշխարհի կայսերական կառուցվածքը ավելի մեծ վերք պետք է պատճառի, օրինակ, բրազիլիացիներին, ովքեր տեսնում են Ամազոնի անտառների ոչնչացումը եւ մնացած բոլոր այն երկրներին, որոնք որպես հանք են ծառայում ավելի զարգացած հնգյակի կամ ութնյակի համար: Եվ մենք էլ հիմա այդ ընթացքի մեջ ենք:

Քանի սերունդ գիտեր, որ շահագործվում է, բայց եւ միաժամանակ արտադրողն ինքն է. այդ շահագործումը տալիս էր կյանք, գումար, որպեսզի վերականգվեր կորուստը, բայց հիմա մի թավալգլոր ընթացքի մեջ ենք, որին հոգեբանորեն պատրաստ չենք:

Այն արվեստագետները, ում համար այդ բնությունն ունի ակունք ու կենսականություն, պետք է իրենց մեջ լուծեն այս խնդիրը ` վերքը վերափոխելով ասելիքի եւ հասկանանլու համար` արդյոք այն շարունակում է վերք մնալ, թե հաշտություն` իրականության հետ:

Այսպիսով նկարաշարի յուրաքանչյուր գործի մեջ առանձնանում է մեկ առաջնային գույն եւ դրան հավելվում է նշանային համակարգը, այդպե՞ս է:

Հիմա ես այդպես արտահայտվում եմ` բացելով իմ ներքին խոհանոցը, բայց, համենայդեպս, այս շարքի մեջ ուզեցի, որ ասելիքը ամենանուրբ զգացական կետից գա, իսկ այդ նուրբ կետը,ինչպես նշեցի, յուրաքանչյուր նկարի հիմքում եղած գերիշխող գույնն է:

Մենք կանաչի, բնության արթնության զգացողությունը ինֆորմացիայով չենք ընկալում. ունենք հրճվելու զգացողություն, սիրտներս պայթում է բնության զարթոնքի հաճույքից ու այդ վիճակի հիմքում էլ գույնն է:

Ափսոս` այս նշաններն այլեւս զարգացման ուղի չեն ունենա տարածքի ոչնչացումից հետո:

Մարդը պետք է այդ ամենը հասկանա, նշի ուղենիշերը, թե ինչ էր, ինչ դարձավ:

Բայց մարդու կողմից պահպանվածը նույն ուրբանիստական կանոններին համահունչ կառուցվածքն է: Երեկ Հրապարակով անցնում էի եւ ուշադրությամբ հետեւում միմյանցից հստակ հեռավորություն ունեցող ծառերին, որոնց  ներքեւի մասը երկաթապատվել եւ քարածածկվել է` արհեստական տեսք տալով միջավայրին:

Ստացվում է այնպես, որ Դալմայի այգին (որը պատմականորեն կոչվել է «Անահիտի այգի») չափիչ տարածք է եղել նաեւ մեզնից շատ առաջ. այն մի մակրոկլիմա ունի, որը ամենացուրտ ժամանակ նույնիսկ  ափսեի պես պահպանում է տաքությունը:

Այն վայրի բնության եւ մարդկային միջամտության (խաղողի տեսակներ, որ միայն այնտեղ կան) բնականության յուրահատուկ խառնուրդ էր:

Երեւանը պետք է դիտենք որպես մեր կերպարային բնություն: Մեզ մոտ չկա մոտեցում, որի հետեւանքով տարածքն ինքնաբերաբար զարգանում է. մենք կայացնում ենք վճիռ եւ մեր հսկողության տակ է ծառի աճը, խոտի գոյությունը, որը երկրի աշխարհագրական նկարագրին համահունչ չէ: Երեւանի այդ աստիճան մշակվածությունն եւ հղկվածությունը չի ընկալվում երկրի լեռնային բնույթի համատեքստում: Մայրաքաղաքը պիտի արտացոլեր Հայաստանի բնության առանձնահատկությունները:

Այս տեմպերով վերքը կկուտակվի վերքի վրա, եւ մենք նույնիսկ վերաիմաստավորել չենք հասցնի:

Հ.Գ. Արա Հայթայանի անհատական ցուցահանդեսը «Դալան» պատկերասրահում կշարունակվի մինչ ապրիլի 30-ը:

Լուսանկարները` Արա Հայթայանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter