HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր ռեկտորն «անասուն» է անվանել դասախոսին

ՎՊՄԻ-ի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը, ով արդեն 2 տարի պայքարի մեջ է նույն բուհի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հետ, մինչ օրս դատարանում փորձում է ապացուցել, որ չի զրպարտել նրան` բարձրաձայնելով ռեկտորի օրինախախտումների և բուհի հետ կապված այլ խնդիրների մասին: Ռեկտորի կողմից նախկին դասախոսի դեմ զրպարտության հիմքով հարուցված դատական գործով արդեն երրորդ անգամ փոխվում է դատարանի կազմը, բայց սույն գործով դեռևս վճիռ չկա: Ռեկտորի` դասախոսի կողմից զրպարտություն դիտված արտահայտություններից մեկն էլ վերաբերում է նրա նախկին հայցորդ Լուսինե Սարգսյանի և մոր` Լիզա Սարգսյանի` Աշուղյանի դեմ ոստիկանությունում տված հաղորդման հետ ռեկտորի հնարավոր առնչությանը:

«Ես որևէ մեկին չեմ մեղադրել, դրա համար հիմքեր են անհրաժեշտ, պարզապես եղած փաստերից որոշակի եզրահանգումներ եմ կատարել, իսկ եզրակացությունները չեն կարող դիտվել որպես զրպարտություն»,-ասում է նախկին դասախոսը:

Անդրադառնալով նախորդած դեպքերին` մտաբերում է, որ մինչև 2011 թվականի մարտի 24-ը ռեկտորի օրինախախտումների վերաբերյալ դիմումներ էր հղել ՀՀ վերադաս բոլոր մարմիններին, որի հիման վրա ԿԳ նախարարության հանձնաժողովը եկել էր ինստիտուտ` ստուգումների: Նրա խոսքով` հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին բուհի ղեկավարության հետ իրեն հաշտեցնելու և նորմալ աշխատանքային պայմանները վերականգնելու համար:

«Թվում էր, որ ամեն ինչ հարթվել է, սակայն մի քանի օր անց` մարտի 29-ին, ռեկտորը կանչեց իր կաբինետ և պրոռեկտոր Սուսաննա Թումանյանի և ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանի ներկայությամբ սպառնաց, որ եթե սրանից հետո էլ շարունակեմ գրել, բողոքել, ինձ վարչական պատասխանատվության կենթարկի, անգամ դատական գործ կսկսի իմ դեմ»,-պատմում է Լուսինե Աշուղյանը: Ապա մարտի 30-ին դիմում էր հասցեագրել գլխավոր դատախազին, ԿԳ նախարարին, նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարին, ԱԺ նախագահին` ահազանգելով ինստիտուտում կատարվող օրինախախտումների և ռեկտորի սպառնալիքների մասին: «Հետաքրքիր է, իմ կատարած այդ որ օրինախախտման համար է պարոն Խաչատրյանը պատրաստվում ինձ պատժել, գուցե պատրաստվում է ինչ-որ օրինախախտում հորինել կամ կազմակերպել` ինձ լռեցնելու նպատակով: Խնդրում եմ ձեր իրավասությունների սահմաններում վերահսկողություն իրականացնել մեր բուհում օրինականությունը վերականգնելու, իմ անձի նկատմամբ միտումնավոր կերպով որևէ սադրանք չթույլատրելու և օրինախախտ վարչական աշխատողին իր պաշտոնական դիրքը չարաշահել չթույլատրելու նպատակով»,-նշել էր Լ. Աշուղյանն իր դիմումում:

Այդ գրության հիման վրա ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր էին նախապատրաստվել: Բացատրություն էր վերցվել Աշուղյանից և ռեկտոր Խաչատրյանից: Աշուղյանը հայտնել էր, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ իր և ռեկտոր Խաչատրյանի միջև ստեղծվել էր լարված իրավիճակ, ռեկտորն իրեն կանչել էր աշխատասենյակ և վիրավորել ոչխար ու անասուն բառերով: Ինքը վիրավորված` դիմումներ էր հղել ՀՀ վերադաս մարմիններին, որից հետո ռեկտորն սպառնացել էր, որ եթե նորից բողոքի, վարչական պատասխանատվության կենթարկի և դատական գործ կհարուցի իր դեմ: Իրեն ապահովագրելու նպատակով ինքը նորից դիմումներ էր ուղղել վերադաս մարմիններին: Պահանջն այն էր, որ իր և ռեկտորի միջև տարաձայնությունները ոչ թե վերածվեն կոնֆլիկտի, այլ իր կողմից առաջ քաշված հարցերը լուծվեն ըստ օրենքի:

Օրերս` ապրիլի 26-ին, ի պատասխան Աշուղյանի դիմումի` ոստիկանության Վանաձորի բաժնից նրան են տրամադրվել ռեկտորի կողմից իրեն սպառնալիքներ տալու կապակցությամբ նախապատրաստված նյութերը: Ըստ այդմ` ռեկտորը ոչ միայն չի հերքել Աշուղյանի նշած փաստերը, այլև հաստատել է նրան «անասուն» անվանելու հանգամանքը: Ոստիկանությունում տված բացատրության մեջ ռեկտորը նշել է, որ իր և Աշուղյանի միջև իրոք եղել են լարված հարաբերություններ: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր մրցույթ չի հայտարարվել, այլ 1 տարով երկարաձգվել է պայմանագիրը: Նշել է, որ նույն ամբիոնում էր աշխատում նաև իր հայցորդ Լուսինե Սարգսյանը, որը պատրաստվում էր գիտական թեզի պաշտպանության:

«Քանի որ Աշուղյանն այդ աշխատանքի մասին լուրեր էր տարածել, թե իբր գրվել է մեկ այլ անձի կողմից, ես այն ընդունեցի իմ անձի հանդեպ մեծ վիրավորանք և Աշուղյանին հրավիրելով իմ աշխատասենյակ` հարցրի, թե նա ինչու է նման լուրեր տարածում, երբ իրականում այդ աշխատանքի հեղինակը Լուսինե Սարգսյանն է: Պատասխանեց, որ ինքը պատրաստ է դա ապացուցել նաև հրապարակային պաշտպանության ժամանակ: Քանի որ վիրավորանքս, իրոք, հնարավոր չէր զսպել, ես նրան դուրս հրավիրեցի` անասուն անվանելով»,-նշել է ռեկտոր Խաչատրյանն իր գրավոր բացատրության մեջ: Իր ձեռքով արձանագրել է նաև, որ Աշուղյանի բողոքների հիման վրա ԿԳ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում նախարարի կողմից ստացվել է հանձնարարական, որում արծարծված էին բուհում նկատված 2 թերություններ:

«Չփորձելով բարոյական նկարագիրը ներկայացնելու մի մարդու, որը կարող է կնոջը անասուն անվանել, այն էլ դասախոսին և աշխատողին` ուզում եմ նշել, որ հավանաբար այդ պահին մեր պարոն ռեկտորը մոռացել էր, որ իրենց գյուղում չի գտնվում, և իր առջև ոչ թե կենդանի, այլ մարդ է կանգնած: Ինչևէ, կարծում եմ, որ դա բանական էակին, մարդուն անհարիր արարք է, և պարոն Խաչատրյանը պարտավոր է հրապարակավ ինձնից ներողություն խնդրել: Ամեն ինչ անելու եմ, որ Խաչատրյանը պատասխանատվութան ենթարկվի իր այս լկտի արտահայտության համար: Դիմելու եմ ոչ միայն դատարան, այլև բոլոր վերադաս մարմիններին, հրապարակելու եմ նրա այս բացատրությունը, որտեղ ձեռագիր գրել է այս արտահայտությունը»,-ասում է վիրավորված Լուսինե Աշուղյանը:

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Ինքն էլ հաստատ նախրչին է ))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter