HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Հայաստանում չկա արդյունաբերություն, որի հիման վրա կգործեին արհմիությունները»

Աշխարհի շատ զարգացած երկրներում արհեստակցական միությունները ունեն բավականին հզոր լծակներ աշխատավորների շահերը պաշտպանելու համար: Դրանց հետ հաշվի են նստում նույնիսկ կառավարությունները: Աշխատանքի օրվան նվիրված ասուլիսի ժամանակ փորձեցինք հասկանալ` ինչ դերակատարություն ունեն արհմիությունները մեր երկրում:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ունի 23 ճյուղային արհմիություն, որոնցում միավորված է շուրջ 700 կազմակերպություն` 230 անդամներով:

Արհմիությունն իր անդամներին վերաբերող խնդիրներով, ըստ կոնֆեդերացիայի նախագահ Բորիս Խառատյանի, ընդհուպ մինչև դատարան գնում է, իսկ ահա այլ քաղաքացիներին պարզապես իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում: Բորիս Խառատյանի խոսքերով՝ շատերի մոտ այն տպավորություն է, որ արհմիությունը պետք է ամեն մի անձի համար հանդես գա և ներկայացնի նրա աշխատանքային շահերն ու իրավունքները, սակայն արհմիությունների հիմնական գործառույթների մեջ է մտնում կոլեկտիվ աշխատանքային շահերի պաշտպանությունը: Հենց այդ պատճառով է, որ, օրինակ «Մալաթիա», «Փեթակ» տոնավաճառների աշխատակիցները, ովքեր վերջերս բողոքի ակցիաներ էին անում, չեն դիմել արհմիություններին, քանի որ իրենք անհատական պայմանագրեր ունեն տվյալ տոնավաճառի հետ, և, ի տարբերություն «Նաիրիտ» գործարանի աշխատավորների, որպես այդպիսին, կոլեկտիվ չեն:

Արհմիությունների դերի բարձրացման համար, Խառատյանի դիտարկմամբ, ահնրաժեշտ է ակտիվություն աշխատավորների կողմից, քանի որ արհմիությունն իր գործունեությունն ապահովում է անդամների միջոցով:

Խոսելով զարգացած երկրների արհեստակցական միությունների հաջողված փորձերի և Հայաստանում դրանց թույլ կարգավիճակի մասին՝ Խառատյանը դա պայմանավորեց այն հանգամանքով, որ այդ երկրներում կա արդյունաբերություն, որի հիման վրա էլ ստեղծվում են աշխատավորների միությունները:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի դիտարկմամբ՝ արհիմությունների կարգավիճակը պայմանավորված է նաև ավանդույթներով: Հայաստանում աշխատավորների շուրջ 35 %-ը աշխատանքի է ընդունվում անձնական կապերի հաշվին, և, բնականաբար, ոչ միշտ են խնդիրների դեպքում մարդիկ դիմում արհմիություններին, կամ, առավել ևս, դատարան: Մեծ է նաև ստվերում աշխատողներ թիվը, որոնք, չունենալով աշխատանքային պայմանագիր, չեն կարող բարձրաձայնել իրենց իրավունքների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter