HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արամ Խաչատրյանի կիսանդրու բացմանը Մերուժան Կոջարաբյանին չէին հրավիրել

Երևանի Արամ Խաչատրյան-Վահրամ Փափազյան խաչմերուկի հարակից հատվածում՝ Խաչատրյան 19 շենքի մոտ, ապրիլի 30-ին հանդիսավոր բացվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին՝ նրա 110-ամյակի առթիվ:

Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրության և լուսանկարների՝ քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած կիսանդրու բացմանը մասնակցել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը, իսկ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ընդգծել է հուշարձանի տեղադրման կարևորությունը մեծ ժառանգություն թողած արվեստագետներին մեծարելու հարցում և շնորհակալություն հայտնել քաղաքապետին Երևանում Արամ Խաչատրյանի ևս մեկ հուշարձան ունենալու նախաձեռնությանն աջակցելու համար:

Արամ Խաչատրյանի կիսանդրու բացումը, լուսանկարները՝ yerevan.am-ից

Կիսանդրուց մի քանի մետր հեռու՝ Արամ Խաչատրյան 17 շենքի առջև, կա կոմպոզիտորին նվիրված մեկ այլ անկյուն, որը ստեղծել է նույն շենքի բնակիչ, 88-ամյա թոշակառու Մերուժան Կոջարաբյանը: Նրան, սակայն, ոչ Արաբկիրի թաղապետարանի, ոչ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չէին հրավիրել կիսանդրու բացմանը:

Մերուժան Կոջարաբյանն իր կյանքի վերջին 10 տարին նվիրել է Արամ Խաչատրյանի հիշատակին: Նա և կոմպոզիտորը հանդիպել են պատահաբար: 1972թ. կոմպոզիտորը, իմանալով, որ Արաբկիրի 42 փողոցը վերանվանել են Արամ Խաչատրյանի փողոց, կնոջ հետ գնացել է այդ փողոց: Մերուժան Կոջարաբյանի կինը պատուհանից տեսել է կոմպոզիտորին: Մերուժանն անմիջապես դուրս է վազել և Արամ Խաչատրյանին ու կնոջը հրավիրել իր տուն: Կոմպոզիտորի հետ զրույցը Մերուժան Կոջարաբյանը հիմա էլ է հիշում: Այդ օրն Արամ Խաչատրյանը Մերուժանին նվիրել է իր լուսանկարը:

Կոմպոզիտորին նվիրված անկյունը Արամ Խաչատրյան
17 շենքի առջև
Մերուժան Կոջարաբյանը կնոջ հետ, լուսանկարները՝
Հակոբ Պողոսյանի

2003թ. հունիսի 6-ին՝ կոմպոզիտորի 100-ամյակի օրը, նրա անունը կրող փողոցում ոչ մի միջոցառում չկար: Ուստի, Մերուժան Կոջարաբյանը որոշել է իր լուսամուտի առջևի փոքրիկ հողակտորի վրա կոմպոզիտորին նվիրված անկյուն ստեղծել‏: Նա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցների օգնությամբ մեծացրել է կոմպոզիտորի նվիրած լուսանկարը և կախել շենքի պատից, պատին գրել կոմպոզիտորի անունը, թիթեղից պատրաստել կոմպոզիտորի անվան տառերը, դրել հողի վրա, սերմեր ցանել և կանաչապատել հողակտորը:

Հողակտորի առջև Արամ Խաչատրյանին նվիրված ցայտաղբյուրը կառուցելու թույլտվություն ստանալու համար Մերուժան Կոջարաբյանը դիմումներ է գրել տարբեր մարմինների և քաշքշուկի մեջ ընկել: Նա ցայտաղբյուրը մենակ է կառուցել մեկ գիշերվա ընթացքում և դիտավորյալ ցածր՝ 60 սմ, որպեսզի ջուր խմելիս մարդիկ խոնարհվեն Արամ Խաչատրյանի առաջ: 10 տարի առաջ ցայտաղբյուրի բացմանը մասնակցել են Մերուժանի հարևանները: Մերուժանը նաև նկարազարդել է հողակտորի հանդիպակաց մայթի աղբամանների հենապատը և ուրախությամբ է ասում, որ դրանից հետո աղբամաններից դուրս աղբ չեն գցում:

Մերուժան Կոջարաբյանը ցայտաղբյուրի բացմանը Լուսանկարները տրամադրել է Մերուժան Կոջարաբյանը

Մերուժան Կոջարաբյանը դեռ չի տեսել կողքի շենքի մոտ բացված կիսանդրին: Ամիսներ առաջ նա հողակտորը մաքրելիս ընկել է, կոտրվածք ստացել, վիրահատվել և այժմ դժվարությամբ է քայլում, թեև կիսանդրու բացման օրը նրան արարողությանը մասնակցելու եկած անձանցից որևէ մեկի ավտոմեքենայով հարևան շենքի մոտ տանելը րոպեներ, գուցե վայրկյաններ կպահանջեր:

«Օրենքով պիտի հրավիրեին, իհարկե»,- ասում է Մերուժան Կոջարաբյանը: Նրա կինը՝ 88-ամյա Վարդուշ Պողոսյանը, սակայն, ավելի շատ է ափսոսում, որ ամուսնուն չեն հրավիրել կիսանդրու բացմանը:

Ամուսինները պատրաստվում են ապաքինվելուց հետո առաջիկայում գնալ և տեսնել կիսանդրին:

1-ին լուսանկարում Մերուժան Կոջարաբյանն է: Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter