HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական բնապահպանական ճակատը սկսում է անդամներ հավաքագրել

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հայտնում է, որ սկսում է անդամների հավաքագրում և կազմակերպում է աշխատանքային հանդիպում-ծանոթություն, որը կկայանա մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Նարեկացի արվեստի միությունում (հասցեն՝ Վարդանանց 16/1, Վերնիսաժի հարևանությամբ):  Հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն ՀԲՃ-ի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային խմբերի նկարագրությունները, գործունեության սկզբունքներն ու կանոնները։ Կքննարկվի նաև իրավաբանական կարգավիճակը:
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

«Առաջին փուլի համար առաջարկում ենք հետևյալ աշխատանքային խմբերը, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ ըստ իրենց մասնագիտության կամ նախասիրությունների․ 

1.   Բնապահպանական խնդիրների վերհանման և մշտադիտարկման խումբ
2.   Հանրության էկոգիտակցության բարձրացման և էկոիրազեկման խումբ
3.   Կանաչ ջոկատ
4.   Իրավաբանական խումբ
5.   Հանրային կապեր և տեղեկատվություն

Խմբերի թիվը հետագայում կավելանա՝ ընդգրկելով բնապահպանությանն առնչվող այլ ոլորտներ: Կստեղծվեն նաև տարածքային և ժամանակավոր խմբեր:

ՀԲՃ-ի նպատակներին, կառուցվածքին և աշխատանքային խմբերի նկարագրությանը ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան խմբին կամ միջոցառմանը և թողնել համապատասխան գրառում, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին: 

 Ֆեյսբուքյան խումբ`               https://www.facebook.com/groups/armecofront/

 Ֆեյսբուքյան միջոցառում՝     https://www.facebook.com/events/557230500996300/

 Էլ. փոստ`                                 [email protected]
-------------------------------------------------------------------------

ՀԲՃ-ն, փաստելով, որ ներկայումս մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակչության սոցիալական ճորտացման և արտագաղթի,

հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ միայն գործնական քայլեր չի ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ, ըստ էության, հենց ինքն է հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,

գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ, նպատակ է դնում ապահովել մեր հայրենի բնության պահպանությունը, տնտեսության բանական զարգացումը և սոցիալական արդարությունը:

Այս նպատակին հասնելու համար ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:

Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով»,- հայտնում է Համահայկական բնապահպանական ճակատ ը (ՀԲՃ): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter