HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ազատամարտիկ-բնապահպանը` Սյունիքի հողերը որպես արոտավայր Իրանին հանձնելու մասին

Սյունիքի մարզի որոշ մասը որպես արոտավայր Իրանին երկարաժամկետ վարձակալության տրամադրելու շուրջ հասարակական քննարկումների մեջ կան մի շարք շեշտադրումներ, որոնք, ըստ ազատամարտիկ, բնապահպան Ապրես Զոհրաբյանի, ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին:

Խոսքը թրքախոս իրանցիների մասին է, ովքեր գալու են Հայաստան ոչխարներ արածեցնելու: Շատերը գիտակցաբար կամ ոչ այնքան, միգուցե գույներն ավելի խտացնելու համար, այդ հովիվներին ներկայացնում են որպես ադրբեջանցիներ, ակամայից նպաստելով Ադրբեջանի սեպարանիստական դիվանագիտությանը, որով Իրանի հյուսիսում բնակվողներին փորձում են ներկայացնել իբրև էթնիկ ադրբեջանցիներ:

Ապրես Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ իրանցիների և հայկական կողմի հետ այս գործարքն անվանեց առնվազն հանցավոր անփութության դրսևորում և նշեց, որ ինքը դեմ կլիներ այս նախագծին նույնիսկ այն դեպքում, եթե ոչխարները բերած լինեին անգլիացիները կամ կանադացիները:

Ազատամատիկ-բնապահպանն իր խոսքը հավելեց մի քանի հիմնավորումով:

Նախ այն, որ ոչխարաբուծության նմանատիպ ծավալների դեպքում կարճ ժամանակում հողն այլևս պիտանի չի լինի, իսկ բնապահպանական խնդիրը կհանգեցնի նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին, երբ արդյունքում հայ գյուղացին չի կարողանա նորմալ մշակել վնասված հողը:

Իրանական ոչխարներն իմունիտետ ունեն որոշակի հիվանդությունների նկատմամբ, որից զուրկ են տեղականները: Հնարավոր է, որ մի շարք հիվանդություններ կարող են փոխանցվել կենդանուց կենդանուն, մարդուն:

Զոհրաբյանն առանձնացրեց մի հանգամանք ևս, որը, ըստ նրա, քչերն են հաշվի առնում. խոսքը Հայաստանում բնակվող եզդիական համայնքի մասին է, որն ավանդաբար զբաղվում է ոչխարաբուծությամբ: Արհեստականորեն առաջացած մրցակցությանը չդիմանալու դեպքում նրանք կարող են բռնել արտագաղթի ճանապարհը:

Զոհրաբյանի դիտարկմամբ  հնարավոր է, որ արոտավայրերը վարձակալության տալու այս գործարքի մեջ մենք տեսնում ենք միայն այսբերգի մի մասը, և այստեղ հարցը միայն մեկ հեկտարը 26 դոլարով վարձակալության տալուց ստացված եկամուտները չեն, քանի որ, օրինակ, Գերմանիայում նույն հողակտորի դիմաց տարեկան 800 եվրո են վճարում վարձակալության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter