HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնացել են փաստաբան Մերի Խաչատրյանին. ակտիվիստի դիմումը Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին 

Հարգելի պարոն ոստիկանապետ, 

Սույն թվականի մայիսի 2-ի առավոտյան (ժամը 10-11-ի սահմաններում) այցելում եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանց և հերթական անգամ ստուգում իմ հաղորդագրությունները:

Ինձ ուղղարկված հաղորդագրությունների (Messages) ուրիշ (Other) բաժնում հայտնաբերում եմ ինձ լրիվ անծանոթ, ոմն Պարգև Կարապետյան (Pargev Karapetyan) անունով օգտատիրոջ սպառնացող և վիրավորող արտահայտություններով մի հաղորդագրություն (կից ներկայացվում են լուսանկարի ու հաղորդագրության պատճենները):

Այդ հաղորդագրությունը մենախոսություն է, բովանդակությունից ակնհայտ երևում է, որ սպառնալիքն ուղղված է անմիջապես ինձ՝ (որպես admin-ի) ս. թ. ապրիլին «Մենք դատապարտում ենք Երևան քաղաքի վարչության նոր պետի (Երևանի ոստիկանապետ) Աշոտ Կարապետյանի նշանակումը» ֆեյսբուքյան խումբ բացելու համար:

Ես այդ հաղորդագրությանը չեմ պատասխանել, պատճենահանել եմ և անմիջապես տեղադրել վերը նշված խմբում և իմ անձնական էջում՝ ի գիտություն իմ ընկերներին ու հանրությանը, որ սպառնալիք եմ ստացել ոմն մի կեղծ (ընդունված է ասել՝ ֆեյք)  օգտատիրոջից, ով իր էջը բացել էր ընդամենը ս. թ. ապրիլի 11-ին: Ի դեպ, ես նրան արդեն ուղարկել եմ Report, որպեսզի նրանից այլևս հաղորդագրություններ չստանամ, սակայն նշյալ խմբի մյուս ադմին՝ Լիլիթ Գևորգյանը, հիշել է նրա profile-ը:

Չեմ ցանկանում երկարաշունչ նախադասություններով ու արտահայտություններով ծանրաբեռնել իմ սույն հայտարարությունը, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում այս մասին իմ անհանգստությունը հայտնել Ձեզ՝ իբրև ՀՀ ոստիկանապետի:

Չնայած, ես հասկանում եմ, որ այս հաղորդագրություն գրողը կեղծ (ֆեյք) օգտատեր է, բայց չեմ էլ բացառում, որ նա Երևան քաղաքի նոր ոստիկանապետին շատ լավ ճանաչող ու մտերիմ մեկը կարող է լինել, ում սիրտը շատ է ցավացել ու չի դիմացել, փորձել է «փրկել» ընկերոջն այս տարբերակով, որը, եթե չկանխվի իրավապահների կողմից, ապա չի բացառվում, որ այն շարունակություն կունենա և ծանր հետևանքներ թողնի:

Այսպիսով, այս սպառնալից հաղորդագրությունն ուղղված է ինչպես իմ՝ հասարակական գործունեությանը, այնպես էլ կարծիք ունենալու և արտահայտվելու իրավունքի իրացմանը, որը երաշխավորված է ոչ միայն ՀՀ սահմանադրությամբ, այլ նաև Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով, ուստի դիմում եմ Ձեզ և խնդրում, որպեսզի ՀՀ ոստիկանությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի հայտնաբերելու թե ո՞վ է այս անձնավորությունը, ո՞ւմ թելադրանքով է նման բովանդակության հաղորդագրություն ուղարկել ինձ և ինչո՞ւ է այդ խմբի ստեղծումը նրա վրա այդ աստիճան ազդել:

Ի դեպ, եթե իմ և իմ հարազատ մարդկանց հետ որևէ բան պատահի, ապա դրանում նաև իր մեղքի բաժինը կունենա ՀՀ ոստիկանությունը, եթե որևէ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկի այդ կեղծ (ֆեյք) օգտատիրոջը հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ակնկալում եմ ստանալ գրավոր արձագանք:

Կից ներկայացվում են՝

  • նշված հաղորդագրությունների և դրա հեղինակի լուսանկարի պատճենները:

Հարգանքով՝ 

Մերի Խաչատրյան

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան,

փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ 

Երևան 0009

Սարմենի փող. 1

02.05.2013թ

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Շատ զարմացած եմ, որ ոստիկանությունն անմիջապես չի պատասխանել. ,,հանցակազմ չկա,,...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter