Համատիրությունների գործունեությունում բեկումնային փոփոխություններ չեն սպասվում
Աբովյան 26 շենքի 8-րդ մուտքը հիմնովին վերանորոգված է: Մուտքի դուռն անվտանգության համակարգով է կառավարվում (դոմոֆոն)` բացվում է միայն բնակիչների կողմից կամ նրանց անմիջական թույլտվությամբ: Մաքրում են բնակիչները: Տանիքը վերանորոգել է բնակիչը` իր ուժերով: Առնետների դեմ պայքարի «դեպքեր», ըստ բնակիչների, չեն լինում, քանզի մուտքը կատարյալ վերանորոգված և միշտ մաքուր է պահվում:
Մուտքի բնակիչ Մարինան պատմում է, որ ամեն ամիս նա «Կենտրոն» համատիրությանը վճարում էր կատարում X գումար` սահմանվածի կեսը, քանի որ բնակարանի տերը` հայրը պատերազմի վետերան է: Սակայն վերջին վճարման ժամանակ նրան ասել են, որ պետք է ոչ թե կեսը, այլ ամբողջությամբ վճարի, քանզի այլևս վետերաններին չեն ընդառաջում:
Մարինան այլևս չի ուզում համատիրությանը գումար վճարել, որովետև երբևէ համատիրության ծառայություններն, ըստ էության, իրենց մուտքի բնակիչներին չեն մատուցվել, և համատիրության կողմից կատարված որևէ գործ իրենց մուտքի կամ իրենց բնակարանի համար տեսանելի չէ:
![]() |
| «Կենտրոն» համատիրությունը` առանց դրա մասին վկայող որևէ ցուցանակի |
«Կենտրոն» համատիրության նախագահ Կարեն Առաքելյանը, սակայն, ասում է, որ անհնար է, որ նշված մուտքում համատիրությունը ծառայություն չմատուցեր կամ, օրինակ, դեռատիզացիա չարվեր: Նա վստահեցնում է, որ բոլոր մուտքերն ու շենքերը պատշաճ վերահսկվում են իրենց կողմից:
Վետերաններից ամբողջական գումար գանձելն են բացատրում է նրանով, որ կառավարությունն այլևս ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումը, որով վետերանների համար գումարը կիսվում էր, և այժմ բոլորը պետք է հավասար վճարում կատարեն: Կ.Առաքելյանը նաև վստահեցնում է, որ իրենք ընդառաջում են վետերաններին, հատկապես նրանց, ովքեր սոցիալական բարվոք վիճակում չեն, և եթե բնակիչներն իրենց դիմում են, չեն մերժում:
Համատիրություններ. սա մի թեմա է, որի թերությունների մասին խոսում են Երևանի ավագանու թեկնածու կուսակցություններն ու դաշինքը: Սակայն էական փոփոխություններ քչերն են առաջարկում: Իշխող` Հանրապետական կուսակցությունը հավանաբար ամեն ինչ այս ոլորտում անթերի է համարում, քանզի միակն է, որ իր նախընտրական ծրագրում առանձին դրույթով չի անդրադարձել համատիրություններին: 2013-2017թթ. «ավելի լավ Երևան» և բարեկագ շենք ու բակ ունենալու հարմար հետևյալ կետերն է ամրագրել.
• շենքերի ֆասադների և կամարանցումների մաքրում, նորոգում և գունազարդում
• շենքերի ջերմամեկուսացում, էներգաօգտագործման արդյունավետության բարձրացում
• բազմաբնակարան շենքերի մուտքերի, վերելակների, տանիքների հիմնանորոգման և վերանորոգման շարունակականության ապահովում (2009-2013թթ. «Լավ Երևանում» հստակ թիվ կար` բազմաբնակարան շենքերի 3430 մուտքերի և 950 վերելակների վերանորոգում),
• պատշգամբների վերանորոգում
Սակայն թե ով պետք է իրականացնի ծրագրային այս դրույթները` համատիրությունները, թաղապետարանները, քաղաքապետարանը, թե ՀՀԿ-ն` իր գրպանից, հայտնի չէ:
ՕԵԿ. Կոմունալ-բնակարանային տնտեսության բարեփոխում, հայեցակարգի մշակում
Իշխող կուսակցության հետ կոալիցոն սերտ կապեր ունեցող «Օրինաց երկիր» կուսակցությունն արձանագրել է, որ Երևանը միայն այն ժամանակ կդառնա ժամանակակից եվրոպական քաղաք, երբ քաղաքային իշխանությունները կլուծեն կոմունալ-բնակարանային տնտեսության հետ կապված հիմնախնդիրները: «Այսօր դրանք դեռ բազմաթիվ են` առկա բնակարանային ֆոնդը հիմնականում գտնվում է անմխիթար վիճակում, անբարեկարգ են շենքերի մուտքերը, տանիքները, միջբակային տարածքները, բազմաթիվ բակերում բացակայում են հանգստի գոտիներն ու խաղահրապարակները»:
Կուսակցությունը գտնում է, որ այս ոլորտում անհրաժեշտ է մայրաքաղաքի կոմունալ-բնակարանային տնտեսության ժամանակակից բարեփոխման և զարգացման հայեցակարգի մշակում, ուր կներառվեն բազմաբնակարանային շենքերի սեփականատիրության կառավարման և պահպանման համակարգի արդիականացումն ու համատիրությունների գործառույթների հստակեցումը, բազմաբնակարանային շենքերի բարեկարգման աշխատանքների` կապիտալ կամ ընթացիկ վերանորոգման ծրագրավորումն ու իրականացումը, շենքերի տանիքների և ջրհորդանների, նկուղների և աստիճանավանդակների, մուտքային դռների, աղբատար խողովակների և զետեղարանների /բունկեր/ հիմնովին վերանորոգումը, բնակչության սպասարկման վարձերի գանձման գործընթացի հստակ կանոնակարգումը` հիմք ընդունելով այն սկզբունքը, որ մարդիկ պետք է վճարեն միմիայն մատուցված ծառայությունների դիմաց, նախկինում կուտակված պարտքի մարման հարցի օբյեկտիվ և իրավական լուծումը:
ԲՀԿ. 100 %-ով անվտանգ վերելակներ
ԲՀԿ-ն գտնում է, որ գերարդիական է բնակարանային ֆոնդի պահպանման և բնակարային սպասարկման, անհրաժեշտության դեպքում հիմնանորոգման ծրագրային աշխատանքների իրականացումը, քանզի հանրապետության բնակարանային ֆոնդի գրեթե մեկ երրորդը գտնվում է Երևանում, որի գերակշիռ մասն ունի մաշվածության բարձր աստիճան: Հետևաբար, այս առումով կարևոր է քաղաքացու, բնակչի շահերը պաշտպանող միջոցների համատիրությանը վճարված դրամական արդյունավետ օգտագործումը:
ԲՀԿ-ն կարևորում է նաև համատիրությունների կայացման և հզորացման գործընթացին պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, ընդհանուր օգտագործման գույքի նկատմամբ սեփականատիրոջ պատասխանատվությունն ու հոգածությունը, բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում սեփականատերերի մասնակցության դերի մեծացումը: Ըստ այդմ` գտնում է, որ անհրաժեշտ է հիմնավորապես լուծել բազմաբնակարան շենքերի շքամուտքերն անվտանգության համակարգերով ապահովելու, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների մաքրության ու լուսավորության հիմնահարցերը, իսկ հարմարավետ շենքն անհնար է պատկերացնել առանց անխափան և անվտանգ աշխատող վերելակային տնտեսության. «Անհրաժեշտ է 100 %-ով ավարտին հասցնել բոլոր բազմաբնակարան շենքերի վերելակների անվտանգ շահագործման գործընթացը, ամբողջապես ապահովել բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հիմնանորոգման աշխատանքները»:
«Բարև Երևան» դաշինքն արձանագրել է, որ համատիրությունները/լիազորագրային կառավարիչները կամ թաղապետարանները որպես կանոն չեն կատարում իրենց պարտականությունները.
ա/ չեն հրավիրում շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ բնակարանների սեփականատերերի տարեկան ժողովներ,
բ/ չեն ծանոթացնում սեփականատերերին իրենց վճարած սպասարկման. գումարների ծախսումների հաշվետվություններին, ինչը պարտավոր են անել՝ հրապարակելով դրանք ամեն ամիս եւ այնպես, որ սեփականատերերը կարողանան ծանոթանալ դրանց.
գ/ գրեթե չեն իրականացնում շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ աղբամուղների եւ աղբահավաք խցերի դեզինֆեկցիա եւ դեռատիզացիա (պայքար միջատների եւ կրծողների դեմ):
դ/ գրեթե չեն իրականացնում շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում՝ այն, ինչը պարտավոր են անել առնվազն երկու օրը մեկ անգամ,
ե/ գրեթե չեն իրականացնում ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում. այն, ինչը պարտավոր են անել առնվազն տարին մեկ անգամ.
զ/ գրեթե չեն իրականացնում վերանորոգման աշխատանքներ եւ կանխարգելիչ միջոցառումներ:
Այս պարագայում հարց է առաջանում, թե ո՞ւր են գնում Երեւանի մասշտաբով հավաքագրվող միլիարդավոր դրամները:
«Բարեւ Երեւան». մարդավայել կոմունալ սպասարկում
«Բարեւ Երեւան» դաշինքը խոստանում է ներդնել բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարում, համատիրությունները դարձնել բնակիչներին հաշվետու, իսկ գործունեությունը` թափանցիկ, կյանքի կոչել համատիրությունների ձեւավորման՝ օրենքում ամրագրված ընտրովի սկզբունքը, ապահովել բոլոր համատիրությունների ֆինանսական մուտքերի եւ ծախսերի հաշվետվությունների տեղադրումը համացանցում ամենամսյա ռեժիմով, ինչպես նաեւ դրանց տպագիր տարբերակների տրամադրումը սեփականատեր-բնակիչներին առձեռն, տուն առ տուն:
Դաշինքը նշում է` թե կենտրոնական քաղաքային իշխանությունների, թե վարչական շրջանների ղեկավարության լիազորությունների իրականացումն թվարկված ոլորտներում հեռու է բավարար լինելուց: Դրան գումարվում է համատիրությունների գրեթե օրինաչափ անգործությունը (որոշ բացառություններ չհաշված) բազմաբնակարան շենքերի, սեփական տներով թաղամասերի բնակիչների անհատական անկարողությունը, անտարբերությունը, սոցիալական համերաշխության պակասը, ապա պատկերը կատարյալ է դառնում. մաշված եւ հաճախակի խցանվող կոյուղագծեր, չաշխատող կամ վթարային վերելակներ, չվերանորոգված եւ վթարված տանիքներ, անբարեկարգ շքամուտքեր, որոնց դեմ հանդիման միայնակ են մնում հատկապես այն բնակիչները, ում բնակարանը վթարի առաջին թիրախն է: Արդյունքում` բնակիչներից շատերը հրաժարվում են վճարել կոմունալ ու սպասարկման այլ հարկեր եւ վճարներ, հավաքագրված գումարների մի մասը գնում է բյուջե, մյուս մասը` համատիրության աշխատողների աշխատավարձի վրա, եւ արդյուրնքում գրեթե խնդիր չի լուծվում, կամ լուծվում են չնչին, կոսմետիկ բնույթի խնդիրներ, որոնք չեն լուծում բազմաբնակարան շենքերի պահպանության հարցը:
«Բարև Երևանը» երևանցիներին առաջարկում է հետևյալը.
- որքան էլ որ կխրախուսվեն բազմաբնակարան շենքերի բակերի, մայթերի ձնամաքրման կամ ավլելու աշխատանքները համայնքի բնակիչների կողմից, այդուհանդերձ հաշվի առնելով, որ դրանք գտնվում են համատիրությունների, Երեւանի վարչական շրջանների ղեկավարության պարտականությունների դաշտում՝ կապահովվի դրանց պատշաճ կատարումը:
- վերացնել համատիրությունների ու ծառայություն մատուցող ընկերությունների միջեւ պատասխանատվության քաոսը, որ երբեմն առաջանում է բազմաբնակարան շենքի տարածքում եւ դրանից դուրս հատվածներում առաջացած վթարների խցանումների կապակցությամբ` քաղաքացուն ազատելով քաշքշուկից, անհարմարությունից:
Ինչպես երևում է` բեկումնային փոփոխություններ չեն սպասվում համատիրությունների գործունեության կարգավորման ոլորտում: Ծրագրերերից ելնելով` կարելի է նկատել, որ անհրաժեշտությունը գործող կարգերի և օրենսդրության պահանջների կյանքի կոչումն է: Թերևս միակ կտրուկ առաջարկը երիտասարդ առաքելականներին է` փակել համատիրությունը: Թեկնածու ուժերի առաջարկներում տեղ չեն գտել այնպիսի դեպքերը, որոնց ժամանակ բնակիչը, ինչպես Աբովյան 26 շենքի, 8-րդ մուտի դեպքում, հրաժարվի համատիրության ծառայությունից, եթե որևէ էական դերակատարություն այն չի ունենում կոմունալ սպասարկման տեսակետից. կամ վճարի բացառապես այն ծառայությունների համար, որոնք մատուցվում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել