HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտպանվա՞ծ է արդյոք լրագրողի արժանապատվությունը Հայաստանում

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Թե որքանո՞վ է Հայաստանում մամուլն ազատ, վիճելի է, սակայն լրատվամիջոցների եւ լրագրողների «գլխին կախված է» հզոր «զենք», որով հանգիստ կարողանում են սահմանափակել նրա գործունեությունը` ստիպելով, որ դառնա իր իսկ գրաքննողը: Խոսքը վերաբերում է ապաքրեականացված վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներին, որոնք վերջին տարիներին կիրառվում են հիմնականում լրատվամիջոցների դեմ:

Լրագրողներն օրենքով եւ էթիկայի կանոններով պարտավոր են հարգել այլոց անձնական եւ ընտանեկան կյանքը, զերծ մնալ վիրավորական արտահայտություններ հրապարակելուց եւ այլն, սակայն նշված հոդվածները քրեականից քաղաքացիական դաշտ տեղափոխելուց հետո մեծամասամբ հենց լրագրողներն են հայտնվում տուժողի կարգավիճակում:

Ամենաթարմ օրինակը ապրիլի 29-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռն է` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի գործով:

Հիշեցնենք, որ Սոնա Գրիգորյանը զանգահարել է գործարար Խաչիկ Խաչատրյանին` հրապարակվելիք նյութի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, սակայն վերջինս պատասխանել է. «... Իհարկե, տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելու: Դե, գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»:

Նախագահող դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռում նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա եւ արված է արդար մտադրություններով։ Ընդ որում, գնահատող դատողություն արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում։

«Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաեւ հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ եւ ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկա հոդվածի իմաստով»,- նշված է վճռում:

«Վեճի առարկա» հոդվածը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն է, որտեղ վիրավորանքը բնորոշվում է որպես «...խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն»:

Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչը դատաքննության ժամանակ ընդունել է, որ բջջային հեռախոսազրույցի ընթացքում Խ. Խաչատրյանն ասել է «պրաստիտուտկա», սակայն առարկել է լրագրողի այն փաստարկի դեմ, որ այն կրել է հրապարակային բնույթ եւ հայտնել է, որ պատասխանողը չի ցանկացել, որ իր կողմից կատարված արտահայտությունը տպագրվի թերթում:

Լրագրողներին վիրավորող պաշտոնյաները կամ ազդեցիկ անձինք հենց « ոչ հրապարակային» ձեւակերպումից են կառչում եւ գտնում են դատական պաշտպանություն: «Պրաստիտուտկա» բառը հասարակության մոտ բացասական ընկալում ունի, ուստի իր մեջ ներառում է վիրավորանքի տարրեր եւ չի կարող դիտարկվել որպես քննադատություն: Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցիչներն ակամայից ընդունում են, որ գործարարը վիրավորել է լրագրողին, դա ասում են դատարանում, սակայն վերջում հաղթում են՝ ինչ է թե վիրավորանքը հրապարակային չի եղել:

Դատարաններն անտեսում են նաեւ լրագրողների գործունեության բնույթը, հանրային կարեւորությունը եւ կայացրած վճիռները տեղավորում են միայն օրենքի հոդվածի նեղ մեկնաբանության սահմաններում:

Նախ՝ լրագրողն իր գործունեությամբ հրապարակայնություն ապահովող, տեղեկություններ ստացող եւ տարածող անձ է, հետեւաբար ճիշտ չէ նրա վրա տարածել  քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի նեղ մեկնաբանությունը: Մասնավորապես, եթե լրագրողը հարցազրույցի համար հանդիպում կամ զանգահարում է X անձի` նպատակ ունենալով նրա պարզաբանումը կամ արտահայտած միտքը մամուլի միջոցով հրապարակային դարձնել, ուստի անտրամաբանական է, թե ինչու չպետք է հրապարակային դարձնել նաեւ իր անձին ուղղված վիրավորական արտահայտությունը, եւ այն դիտարկել որպես «հրապարակային» ասված խոսք:

Այստեղ պետք է նկատի առնել այն, որ երբ զրուցակիցը համաձայնվում է խոսել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի հետ, այդ պահից նրա արտաբերած ցանկացած խոսք ենթակա է հրապարակման, քանի որ լրագրողի նպատակը հենց այդ խոսքը, միտքը հրապարակելն է, իսկ զրուցակիցը, տալով իր համաձայնությունը, համաձայնվում է այդ պայմանի հետ:

Կոնկրետ Սոնա Գրիգորյանի գործով դատարանը կարող էր բավարարել վճիռը, քանի որ լրագրողի զրուցակիցն ինքն է ասում, որ իր արտաբերածը հրապարակվի, իսկ դատարանը չի ասել, որ նշված արտահայտությունը վիրավորական չէ:  «…Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես…»,- Խաչիկ Խաչատրյանի այս արտահայտությունը վկայում է իր արտահայտությունը հրապարակելու նրա մտադրության մասին, ինչը եւ արվել է, ուստի անտրամաբանական է վիրավորական արտահայտությունը հրապարակային չդիտարկելը:

Տողերիս հեղինակի դեպքում էլ, հայցի մերժման հիմքում ոչ հրապարակային վիրավորանքի հանգամանքն էր եւ Սոնա Գրիգորյանի գործով դատարանն անդրադարձել է իմ մերժված հայցին` որպես համանման գործ:

«Ոչ հրապարակային» վիրավորանքը եւս պետք է պաշտպանել

ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են», իսկ 14-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»:

Այս նորմերից հետեւում է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու արժանապատվությունը: Այս դեպքում պետություն ասելով՝ սահմանադիրը նկատի ունի ինչպես դատական իշխանությանը, այնպես էլ՝ օրենսդիր:

Ըստ փաստաբանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը կարգավորում է հրապարակայնորեն անձի արժանապատվությունը արատավորելու հետ կապված հարաբերությունները: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները մասնավոր (առանց երրորդ անձի մասնակցության) զրույցներում կատարված արժանապատվության արատավորման դեպքերը չեն համարում պաշտպանության ենթակա եւ մերժում են հայցերը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն այս երեւույթի վերաբերյալ դեռեւս դիրքորոշում չի հայտնել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «ոչ նյութական բարիքները, սույն օրենսգրքին եւ այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից եւ այդ խախտումների հետևանքների բնույթից»:

Փաստաբանի կարծիքով` ոչ նյութական բարիք է համարվում նաեւ անձի արժանապատվությունը: «Վերոհիշյալ նորմերից հետևում է, որ դատարանները պարտավոր են պաշտպանել անձի խախտված արժանապատվությունը, եւ այսօր դատարանն օբյեկտիվորեն ունի այդ իրավական հնարավորությունը, դատարանը կարող է նույնիսկ օրենքի անալոգիա կիրառել: Քաղաքացուն հետաքրքիր չէ, թե օրենքով նախատեսվա՞ծ է կոնկրետ պաշտպանության եղանակ, թե՞ ոչ, քանի որ կա օրենսդրորեն, այն էլ՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք, հետեւաբար այն ենթակա է պաշտպանության ցանկացած խախտումից»,-ասում է Արա Զոհրաբյանը:

Նրա դիտարկմամբ, եթե Վճռաբեկ դատարանը որեւէ գործով բողոքը վարույթ ընդունի եւ սահմանի, որ այդ եղանակով արժանապատվությունն էլ է պաշտպանության ենթակա, կկանխի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի պարտվելու դեպքերի քանակը, քանի որ, իր համոզմամբ, դատական համակարգի այս մոտեցումը Եվրոպական դատարանը արդարացի չի համարելու:

«Խնդիրը կարող է լուծվել նաեւ սահմանադրաիրավական ճանապարհով: Ի վերջո, այն պետք է լուծվի, քանի որ հակառակ դեպքում այն վտանգավոր նախադեպեր կստեղծի: Պատկերացրեք ինչ կստացվի, եթե դատարանները չպաշտպանեն անձի արժանապատվությունը՝ հայտարարելով, որ այն երրորդ անձի ներկայությամբ չի արատավորվել: Քաղաքացիները կսկսեն իրենք իրենց իրավունքները պաշտպանել՝ կամ համարժեք վիրավորանք կհասցնեն մյուսին, կամ էլ, անցնելով իրավունքի ինքնապաշտպանության սահմանները, կարող են ինքնադատաստան (վենդետա) տեսնել: Աքսիոմա է, որ երբ արդարադատությունը գլուխը կախում է, վենդետան բարձրացնում է իր գլուխը: Դրա համար է, որ պետությունը կատարված հանցագործությունների փոխարեն ինքն է «վրեժխնդիր» լինում՝ իր սահմանած կանոններով, քանի որ պետությունն ի վիճակի է ունենալ արհեստավարժ մասնագետներ, գործիքներ եւ մեխանիզմներ՝ իրական հանցագործին (մեղավորին) բացահայտելու համար»,- ավելացրեց փաստաբանը:

Մեկնաբանություններ (1)

GAIANE
SHNORHAKALUTYUN; SHAT LAV HODVAC E:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter