HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Խոշտանգումները ազատազրկվածների հանդեպ Հայաստանում

«Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն 2011-2012 թթ. «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform International) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» ուսումնասիրություն:

Արդյունքներն ամփոփվել են զեկույցում, որը ներկայացնելիս այսօր Ավետիք Իշխանյանը նշեց, որ այն պատրաստելիս սոցիոլոգի հետ կազմել են խոշտանգումների թեմայով հարցաթերթիկ, որը լրացրել են 30 ազատազրկված, մինչդեռ իրավապաշտպան ՀԿ-ն զրուցել էր շուրջ 80 հոգու հետ: Եվ այդ 30-ից ընդամենը մեկն է համաձայնել, որպեսզի իր անունը հրապարակավի` 2011 թվականին դատապարտված Արման Դավթյանը:

Իշխանյանի դիտարկմամբ, հետաքրքրական է այն, որ Հայաստանում, պարզվում է, «խոշտանգում» տերմինը քրեական օրենսգրքի մեջ այնպես ներկայացված չէ, ինչպես աշխարհի այլ, զարգացած երկրներում: Իսկ խոշտանգումներ իրականացնելը մեր երկրում, ըստ երեւույթին, անպատիժ է մնում, քանի որ նախադեպեր գրեթե չկան, երբ քրեակատարողական հիմնարկում կամ ձերբակալվածներին պահելու վայրերում ազատազրկվածի հանդեպ խոշտանգում իրականացնելու մեջ մեղադրվողը դրա համար պատասխատավության ենթարկվի:

Զեկույցում «ազատազրկված» տերմինն օգտագործվել է այն բառի փոխարեն, որը Հայաստանում պաշտոնապես անվանվում է՝ «կալանավորված» կամ «ձերբակալված», քանի որ, ըստ զեկույցը կազմողների, պետք է իրերն անվանել իրենց անուններով, և երբ մարդը հայտնվում է ոստիկանության բաժանմունքում, կամ նրան բերման են ենթարկում, ապա նա զրկվում է ազատությունից` դառնում է ազատազրկված:

Զեկույցի վերջում ներկայացված են նաև որոշ առաջարկություններ, որոնք հաջողությամբ կիրառվում են ոչ միայն զարգացած երկրներում, այլ նաև իր զարգացվածությամբ Հայաստանին ոչ այնքան գերազանցող երկրում, ինչպես օրինակ, Բուլղարիայում, որտեղ իրավապաշտպաններին և հասարակական դիտորդ կազմակերպություններին թույլ են տալիս ներկա գտնվել քննչական սենյակում, որտեղ քննվում է գործով կասկածյալը: Իսկ որոշ երկրներում նույնիսկ տեսախցիկներ են տեղադրված քննչական սենյակում, որոնք, նախաքննության գաղտնիությունը երաշխավորելու համար, միայն տեսագրում են, բայց չեն ձայնագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter