Արցախի վարչապետը հանդիպել է ուսանողներին
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի և ՀՊԱՀ Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ ուսանողների հետ: Արդեն ավանդական դարձած նմանօրինակ հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կառավարության 2013-2017թթ. գործունեության ծրագրին:
Ա. Հարությունյանը հանգամանալի տեղեկատվություն հաղորդեց ծրագրում ներառված այն 4 կարևորագույն ուղղությունների վերաբերյալ, որոնց շնորհիվ առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է ՀՆԱ-ի 9-11, ներդրումների ծավալի` տարեկան 10-15 տոկոս աճ: Զարգացման բարձր ցուցանիշներ են ակնկալվում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում:
Նախատեսվում են ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, 5-8 հազար աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի ավելացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12-15 տոկոս, հանքաարդյունաբերությունում` տարեկան 20 տոկոս աճ և այլն: Վարչապետի խոսքով, 2012թ. ԼՂՀ-ում գրանցվել է ՀՆԱ-ի 9,9 տոկոս աճ, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում այն կազմել է 7,2 տոկոս, իսկ Ադրբեջանում` 2,2 տոկոս:
Կառավարության ղեկավարը ուսանողներին ներկայացրեց առաջիկայում ԼՂՀ-ում մեկնարկելիք կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձավ հիպոթեքային վարկավորմանը` բնակչության համար ավելի մատչելի դարձնելու հանգամանքին: Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման վերջում վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել