HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչի՞ հաշվին է ՀԱԿԿ-ն Երեւանի բյուջեն ավելացնելու

Երկու օրից Երեւանի ավագանու ընտրություններն են: Մասնակցող 6 կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի խոստումներ են շռայլում, որոնց իրագործման համար անհրաժեշտ են շատ լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ որտեղի՞ց են այդ գումարները գտնվելու:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ընտրողներին խոստանում է բազմազավակ, խիստ կարիքավոր ընտանիքների համար Երևանում ստեղծել սոցիալական բնակարանային ֆոնդ, նրանց տրամադրել ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում, իսկ անօթևանների համար հիմնել «սոցիալական հյուրանոցներ»: Բնակչությանը մատուցած ծառայության դիմաց բուժհաստատությանը կվճարի քաղաքապետարանը, իսկ բուժաշխատողները կվարձատրվեն արժանավայել` իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք:

Մայրաքաղաքում կներդրվի տրանսպորտային երթևեկության կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ, կվերացվի վճարովի ավտոկանգառների գործող ինստիտուտը, կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաև կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ երթուղու կառուցումը: 

Քաղաքային իշխանությունը կառաջնորդվի «ոչ մի գրամ աղբ առանց վերամշակման» սկզբունքով, կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար, կվերակառուցվի Աէրացիայի կայանը, կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը եւ ստիճանաբար անցում կկատարվի ծառերի  «կաթիլային» ոռոգմանը:

Կկիրառվեն էներգոխնայություն և շենքերի լայնածավալ ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ, նպատակ ունենալով աստիճանաբար անցում կատարելու էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ էներգետիկայի: Արդյունքում կբացվեն հազարավոր աշխատատեղեր…  

Կուսակցության նախընտրական ցուցակի 8-րդ համարը զբաղեցնող Ավետ Պողոսյանը նշում է, որ իրենց ծրագրի ընդհանուր փիլիսոփայությունը միտված է մայրաքաղաքում փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:  ՀԱԿԿ-ն վերացնելու է տնտեսվարող սուբյեկտների համար այսօր առկա արհեստական վարչարարությունը եւ հնարավորինս պարզեցնելու է լիցենզավորման կարգերը: Թե ինչպե՞ս է այս ամենի արդյունքում համալրվելու Երեւանի բյուջեն, Պողոսյանը մանրամասնում է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ. «Հիմնական մեխն այն է, որ ոչ թե պետական բյուջե մուծումներ արվեն, հետո դրանից առանձին հատկացումներ քաղաքային բյուջեին, այլ մուտքերը լինեն ուղիղ քաղաքային բյուջե: Դա, մեր հաշվարկներով, 4 տարվա ընթացքում 300 տոկոսով Երեւանի բյուջեն կավելացնի՝ հասցնելով մինչեւ 450 մլն ԱՄՆ դոլարի»:

Բացի դրանից, Պողոսյանի խոսքերով, մայրաքաղաքի ներկայիս բյուջեի ծախսերի առնվազն 50 տոկոսն անարդյունավետ է. «Օրինակ՝ նստարանների գինը երկու անգամ ավել է գրված շուկայական ռեալ գնից: Քաղաքապետարանը վարդակակաչի մեկ հատը 800 դրամով է գնել, որը եթե ոչ 10, գոնե 7 անգամ թանկ է իրական գնից: Ամենագլխավոր կոռուպցիոն ռիսկը, որ կա քաղաքապետարանի ծախսերի մեջ, մրցույթների ոչ թափանցիկությունն է»:

Ավագանու ՀԱԿԿ թեկնածուն նաեւ ասում է, որ Վերահսկիչ պալատի՝ Երեւանի քաղաքապետարանի գործունեության ուսումնասիրությունը փաստում է ոչ միայն ծախսերի ուռճացվածությունը, այլեւ տեղեկություններ է տալիս կոնկրետ հանցագործությունների մասին: Եվ այս ուսումնասիրությունը, ըստ նրա, շատ վառ կերպով ցույց է տալիս, թե ինչով է զբաղված քաղաքային ներկայիս իշխանությունը:  

Լուսանկարը՝ Ավետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter