HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ինչի՞ հաշվին է ԲՀԿ-ն Երեւանի բյուջեն ավելացնելու

Երկու օրից Երեւանի ավագանու ընտրություններն են: Մասնակցող 6 կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքն իրենց նախընտրական ծրագրերում այնպիսի խոստումներ են շռայլում, որոնց իրագործման համար անհրաժեշտ են շատ լուրջ ֆինանսական միջոցներ: Իսկ որտեղի՞ց են այդ գումարները գտնվելու:

Իր «կենսունակ եւ միանգամայն իրականանալի» նախընտրական ծրագրով ԲԿՀ-ն հայցում է ընտրողների վստահությունը՝ մայրաքաղաքը «մեր բոլորի երազած Երեւանը» դարձնելու համար: Այստեղ եւս խոստումների պակաս չկա. կուսակցության հաղթանակի դեպքում մայրաքաղաքն առաջիկա տարիներին գրավիչ կդառնա իր բոլոր փողոցներով, պողոտաներով, նրբանցքներով եւ ծայրամասային թաղամասերով: Իսկ թե ինչ միջոցներով, պարզաբանում է ԲՀԿ ավագանու ցուցակի 4-րդ համարի թեկնածուն՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:

«Նախ՝ մենք գտնում ենք, որ եղած բյուջեի մուտքային մասն ամբողջովին ապահովված չէ թափանցիկությամբ եւ շատ ոլորտներ կան, որոնց ծավալներն իրապես թաքցնում են: Հատկապես կարեւորում ենք տրանսպորտից գոյացած հարկային մուտքերը քաղաքային բյուջե: Ինչպես գիտեք, երթուղային տաքսիների բազմազանությունն ու առատությունը չեն բերում այն մուտքային մասի ծավալը, որոնք մեր հաշվարկներով գրեթե հասնում են 12 միլիարդ դրամի: Այնինչ, մենք տեսնում ենք, որ մրցույթի արդյունքում այն ընկերությունները, որոնք ձեռք են բերում այս գծերը շահագործելու իրավունք, 4-5 մեքենա ցույց տալով՝ սպասարկում են 20-30 մեքենա: Եւ, բնականաբար, մուտքերը 6 անգամ ավելի պետք է լինեն, քան իրապես վճարվում են»,- ասում է Ս. Բագրատյանը:

Ըստ նրա՝ քաղաքային իշխանությունները վարձակալության տրված պետական գույքի զգալի մասը շատ ավելի ցածր վարվարձավճարներով են հաշվարկում, քան գործող շուկայական գներն են:

«Բացի դրանից, բավականին հարկատեսակներ կան, որոնք կիրառված էլ չեն: Օրինակ՝ պետք է տուրք վճարեն Երեւան քաղաքի անունն օգտագործող բոլոր կազմակերպությունները. մեկ անգամ օգտագործելու արժեքը 200 հազար դրամ է: Այնինչ մուտքային մասում տեսնում ենք 0 գումար, իսկ մենք գրեթե 1000-ից անցնող օրինակներ ունենք, որ գրանցված կազմակերպություններն օգտագործում են Երեւան բառը,- ասում է Սերգեյ Բագրատյանը: - Նաեւ կան ընտանի կենդանիներին պահելու հարկեր, որոնք կրկին թափանցիկ չեն եւ չեն արտահայտվում բյուջեի մուտքերում»:

Նախկին մարզպետի վստահեցմամբ՝ միայն թվարկված միջոցներով Երեւանի այսօրվա բյուջեն կարելի է 1,5 անգամ ավելացնել: Մյուս կողմից՝ շատ ցածր է բյուջեի ծախսային մասի էֆեկտիվությունը: Օրինակ՝ ճանապարհներն ամեն տարի «կարկատելու» փոխարեն կարելի է հիմնանորոգել, որն առնվազն 7 տարվա կյանք կունենա եւ կպահանջի «կարկատանի» միայն 3-4-տարվա գումարը. «Այսինքն՝ մենք այդպես էլ խնդիրը չենք լուծում, չենք ստանում որակյալ ճանապարհներ, բացի այդ էլ գումարների փոշիացում է տեղի ունենում»:

«Բացի դրանից, միամյա բույսերի այս պրակտիկան, որ օգտագործում ենք Երեւանով մեկ, պետք է փոխել բազմամյա բույսերով: Ամեն տարի ծախսեր չհատկացնել այդ բույսերին, այլ եղածը օգտագործել մի քանի տարի,- ասում է ԲՀԿ-ական Բագրատյանը,- կան նաեւ ավելորդ ծախսեր շների վերացման հարցում: Մեկ շան համար 200 հազար դրամ ծախսելն ահռելի գումար է եւ բացարձակ հավատ չի ներշնչում: Մեկ գնդակը, որ արժե 400-500 դրամ, մեկ կենդանուն բավական է. 200 հազարը զավեշտի հասնող թիվ է: Բացի այդ, նաեւ շատ գերադասելի կլիներ, որ չվերացնեին այդ կենդանական աշխարհը, այլ օգտագործեին զարգացած քաղաքների փորձը»:

Սերգեյ Բագրատյանի խոսքերով՝ խնդիրներ կան այլ ոլորտներում եւս: Օրինակ՝ Հրազդանի կիրճի բարեկարգման համար քաղաքապետարանը հատկացվել է 650 միլիոն դրամ: Մինչդեռ հարեւանությամբ կան ռեստորանային համալիրներ, եւ այդ աշխատանքները հենց նրանք պետք է կատարեին, ինչպես զարգացած երկրներում է. «Երեւանցին ինչո՞ւ պետք է վճարի, որ որեւէ մեկը գեղեցիկ ճանապարհով գնա եւ գումար աշխատելու հնարավորություն տա օբյեկտի տիրոջը»: Իսկ թե ինչքանով է արդյունավետ ծախսվել այդ 650 միլիոնը, Բագրատյանը չի կարողանում ասել, քանի որ համապատասխան փաստաթղթերը, չնայած փնտրտուքներին, այդպես էլ չի գտել: Այստեղ էլ, ըստ նրա, ծագում է մեկ այլ լրջագույն խնդիր՝ քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործունեությունը: Իսկ եթե ԲՀԿ-ն ստանձնի քաղաքի իշխանությունը, կապահովի այնպիսի թափանցիկություն, որ ուղղակիորեն կնպաստի միջազգային ներդրումների հոսքին՝ քաղաքի այս կամ այն խնդիրը լուծելու համար:

«Առաջին պայմանը, որ ներդրումային միջավայրը լինի, թափանցիկությունն է: Իսկ դրա ցուցիչը եղած բյուջեի վերլուծությունն է: Ներկայիս մեր բյուջետային իրավիճակը որեւէ միջազգային կառույցի մոտ վստահություն չի ներշնչում»,- ասում է Ս. Բագրատյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործող ավագանու կազմում ներկայացված է, սակայն կազմը մեծ չէ, ինչը, ըստ Սերգեյ Բագրատյանի, հնարավորություն չի տալիս սեփական նախաձեռնությամբ խնդիրներ բարձրացնել եւ հասնել դրանց լուծմանը. «Անկեղծ ասած՝ մի քանի առաջարկ ես անձամբ մեր ավագանու ընկերների հետ քննարկել եմ: Երկու-երեք կարեւորագույն առաջարկ մեր ավագանին չի կարողացել նույնիսկ օրակարգ մտցնել. չեն ընդունում, արգելափակվում է: Ավագանու մեր 17 անդամը 65 հոգու դեպքում... Երբ առաջարկը չի ընդունվում, արդեն ստիմուլն էլ չկա, որ անընդհատ մշակումներ անես ու անընդհատ մերժվես»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter