HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի կոմբինատն ուշացնում է աշխատավարձերը. 10 հանքափոր հրաժարվել է աշխատելուց

«Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերությունն արդեն 21 օր ուշացրել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 600 աշխատողների աշխատավարձի վճարումը: Ընկերության տնօրինությունը ԼՀԿ-ում աշխատավարձի վճարման օր է սահմանել յուրաքանչյուր ամսվա 13-ը: Կոմբինատի «Հետքի» աղբյուրները  հայտնում են, որ դեռ ապրիլի կեսերին ընկերությունն իր գնորդներից ստացել է շուրջ 800,000  ԱՄՆ դոլար, որից էլ պետք է վճարեր աշխատավարձը: 

Ըստ  «Հետքի» նույն աղբյուրին՝ աշխատավարձի վճարումը կասեցվել է ընկերության գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի կողմից: Աշխատավարձի ուշացումը հարուցել է աշխատողների դժգոհությունը: Այսօր առավոտյան  հեռախոսով մեզ հայտնեցին, որ այդ պատճառով ԼՀԿ-ի հանքերի հորիզոններից մեկի 10 հանքափորներ երեկ աշխատանքի դուրս չեն եկել: Աշխատավարձի ուշացումների մասին նախորդ երկուշաբթի «Հետքի» հարցմանը «Մեթըլ Փրինս Էլ-Թի-Դի» ընկերության գլխավոր տնօրենի  տեղակալ Օրբելի Թարմինյանը պատասխանել էր, թե ուրբաթ, այսինքն՝ մայիսի 3-ին, կվճարվի աշխատողների աշխատավարձը, սակայն այն այդպես էլ չի վճարվել: 

ԼՀԿ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ այսօր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հայտնեց, որ աշխատավարձ չստանալու բողոքով անցած օրերին իրեն դիմել են ԼՀԿ-ի մի քանի բանվորներ. «Իմ հեռախոսազանգերին Մադլեն Թաշճյանը չի պատասխանել, իսկ նրա տեղակալ Օրբելի Թարմինյանը հայտնել է , որ աշխատավարձը չի վճարվում  գումարներ չլինելու պատճառով»,- ասաց Հայկազ Խաչիկյանը: Վերջինս նաև հայտնեց, որ ընկերությունն առ այսօր համայնքի բյուջեին չի վճարել այս տարվա առաջին եռամսյակի գույքահարկը, որը կազմում է 300, 020  դրամ: 

Ըստ Հայկազ Խաչիկյանին՝ ընկերության շատ բանվորներ առայժմ աշխատավարձ չստանալու համար բացահայտ բողոքի դուրս չեն գալիս, քանի որ աշխատանքից հեռացվելու մտավախություն ունեն: Հայկազ Խաչիկյանը ԼՀԿ-ում ստեղծված վիճակի մասին այլ մտահոգություն էլ հայտնեց. «Կարող է սրանք Արմավիայի օրինակը բերեն մեր գլխին, քանի որ ընթացիկ ծախսեր չեն կատարում, աշխատավարձ չեն վճարում, քաղաքապետարանի հարկերը չեն վճարում, ներդրումներ էլ բացարձակապես չեն կատարում: Թե ի՞նչ մտադրություններ ունի  ընկերության գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանը, դեռևս չենք հասկանում»,- ասաց Ախթալայի քաղաքապետը: 

ԼՀԿ-ի «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ Մադլեն Թաշճյանն ընկերության եկամուտները կուտակում է իր ձեռքում ամուսնուն` մանկապղծության մեղադրանքով քրեակատարողական հիմնարկում գտնվող Սերոբ Տեր-Պողոսյանին ազատելու և ԼՀԿ-ի անվտանգության պետ , Տեր-Պողոսյանի հոգեզավակ Արսեն Չիթչյանին  քրեական պատասխանատվությունից փրկելու համար:   

Երկուշաբթի «Հետքը» նոր մանրամասներ կհաղորդի ԼՀԿ-ում ստեղծված իրավիճակի մասին: 

Մեկնաբանություններ (2)

Ахталаи активист
pti boloq@ wotki kainen
sasun
111111111

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter