HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՀՅԴ վստահված անձը ապարդյուն համոզում էր ՀՀԿ-ական նախագահին, որ մուտքի մոտ կանգնածները խոսում են ներս մտնող ընտրողների հետ

5/26 ընտատեղամասում գրանցված 1960 ընտրողից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր 202-ը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Մարինա Ամիրյանն ընտրողների ակտիվությունը գնահատեց «բավարար, նորմալ»: Նրա խոսքով` ամեն 80 անձնագիր դրոշմակնքելուց հետո իրենք թարմացնում են թանաքը:

Մարինա Ամիրյանը «Հետքին» ասաց, որ ժամը 12-ի դրությամբ «ոչ մի խախտում, ոչ մի արձանագրություն» չի եղել:

Քվեարկության դահլիճում ընտրության ընթացքը նկարահանում էր 2 լրատվամիջոց: Դահլիճի մուտքի մոտ կանգնած էին ՀՀԿ վստահված անձինք Արման Առաքելյանը և Արմենը, ովքեր ասացին, որ որպես ընտրող` «շատ նեղվում են», որ իրենց նկարահանում են:

Երբ ասացինք, որ քիչ առաջ ընտրատեղամասի շենքից խմբով միջին տարիքի տղամարդիկ դուրս եկան, ՀՀԿ վստահված անձինք ասացին, որ նրանք ընտրողներ էին. «Իրանք մի բակի բնակիչներ են, բոլորով հավաքվել էին ու եկել էին»:

ՀՅԴ վստահված անձ Կեվորկ Փարսեղյանը «Հետքին» ասաց, որ ընտրության 1-ին 4 ժամվա ընթացքում քվեարկության դահլիճում որևէ խախտում չի նկատել, բայց ժամը 11-12-ի սահմաններում դահլիճի մուտքի մոտ տեսել է կանգնած մարդկանց, որոնք խոսում էին սենյակ մտնող ընտրողների հետ: «Կանգնում են, եկողների հետ խոսում են»,- ասաց ՀՅԴ վստահված անձը` հավելելով, որ այդ մասին ահազանգել է հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահին, սակայն նախագահը պատասխանել է, որ քվեարկության դահլիճի դռնից դուրս կատարվողին ինքն իրավունք չունի միջամտելու:

Քիչ անց Մարինա Ամիրյանն ասաց, որ սենյակի մուտքի մոտ կանգնածները դիտորդներ էին: Երբ Կեվորկ Փարսեղյանն ասաց, որ դիտորդները պետք է բեյջ ունենան, նախագահն արձագանքեց. «Բեյջ ոչ մեկ չուներ էսօր, Դուք նկատեցի՞ք, մենք սպասարկեցինք, մենք տվեցինք»: «Ուրեմն պետք չէ` էդտեղ ըլլան: Առանց բեյջի թող չկանգնեն և ժողովրդի հետ թող չխոսեն»,- ասաց ՀՅԴ վստահված անձը: Նախագահը պատասխանեց, որ հանձնաժողովի 8 անդամները բեյջ ունեն, մնացածին որտեղի՞ց ինքը պետք է բեյջով ապահովի:

Մարինա Ամիրյան - Էստեղ կանգնածները բոլոր վստահված անձիք են և դիտորդներ են:

Կեվորկ Փարսեղյան - Կուտակում կար` մոտ քանի հոգիներ, որոնք նույնիսկ չմտան ներս:

-Կուտակում չկար. մեզ մոտ էստեղ հերթ է. Կոմիտաս 18 և 26-ի բնակիչներն էին:

-Ես միայն խնդրում եմ, որ էստեղ մարդ չկուտակվի:

-Ուրեմն Դուք բարի եղեք, երբ մի բան կտեսնեք, մեզ զգուշացրեք:

-Ես զգուշացնում եմ:

-Նորից զգուշացրեք, խնդրում եմ:

Հանձնաժողովի ՀԱԿ-ական անդամ Ալեքսան Լուլիկյանը «Հետքին» ասաց, որ մուտքի մոտ կուտակումներ լինում են, բայց իր նստած տեղից չի երևում, թե այդ ի՞նչ կուտակումներ են, արդյոք կուտակված մարդիկ ուղղորդե՞լ են ընտրողներին:

Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահն ասաց. «Գիտե՞ք` ովքեր են եղել կանգնած. մեր վստահված անձինք և դիտորդները»: Քանի որ հանձնաժողովի նախագահը վստահված անձանց ու դիտորդներին թույլ չի տալիս դահլիճում ծխել, վերջիններս էլ ծխելու են դուրս գալիս դահլիճի մուտքի մոտ` ընտրատեղամասի միջանցքում: «Վերջ: Իսկ թե դրսում ինչ է կատարվում, ես դրսի հետ կապված ոչ մի հարցով չեմ պատասխանում: Ո՞նց ինքը նկատեց, ոչ մեկ չնկատեց»,- ասաց Մարինա Ամիրյանը:

ձախից` Կեվորկ Փարսեղյան և Հովհաննես Պալյան

Երբ նախագահը հարցրեց ՀԱԿ վստահված անձ Հովհաննես Պալյանին, թե որտեղ է ծխում, Պալյանն ասաց, որ դահլիճի մուտքի մոտ է ծխում: Իսկ Կեվորկ Փարսեղյանն ասաց, որ ժամը 11-ից 12-ի սահմաններում Հովհաննես Պալյանին չէ, որ տեսել է, «ուրիշ տղաքներ էին»: Հովհաննես Պալյանն ասաց, որ նման խնդիր չի արձաագրել, և երբ ինքը կուտակում է տեսնում, մարդկանց ասում է դուրս գալ: «Ժամ ու կես ես էնտեղ նստած եմ եղել, ինքը (Կեվորկ Փարսեղյանը - հեղ.) տեսել է` ես էնտեղ եմ»,- ասաց Հովհաննես Պալյանը:

Այդ ժամանակ իր ճշմարտացիությունը հաստատելու համար հանձնաժողովի նախագահը կանչեց հանձնաժողոի ՀՅԴ-ական անդամ Վիկտորիա Մանսուրյանին: Բայց Կեվորկ Փարսեղյանն ասաց, որ Վիկտորիա Մանսուրյանն, առանց դադարի, աշխատել է դահլիճի ներսում և չէր կարող տեսնել, թե դահլիճի մուտքի մոտ ինչ է կատարվել:

«Պետք է նման աշխատանքը ուղղակի իդեալական գնահատել և որպես նմուշ Հայաստանի Հանրապետությունում ցույց տալ: Նկատի ունեմ 5/26-ը, այո»,- վրդովված ասաց Մարինա Ամիրյանը:

Կեվորկ Փարսեղյանն ասաց, որ մեկ անգամ էլ կուտակում նկատելու դեպքում լուսանկարելու է:

Երբ ընտրատեղամասից դուրս էինք գալիս, մոտեցավ ՀՀԿ-ական վստահված անձ Արմենը և ասաց, որ ընտրատեղամասում որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: «100 տոկոս եմ ասում: Եթե մի բան ըլներ, մենք ձեզ կտեղեկացնեինք, որ անօրինական է: Հիմա հարևաններ են, գալիս են իրար հետ, մի 5-6 հոգի որ էկան, մենք ի՞նչ անենք, դո՞ւրս հանենք»,- ասաց ՀՀԿ վստահված անձը:

1-ին լուսանկարում` Մարինա Ամիրյան և Կեվորկ Փարսեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter