HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մրցակցություն «թաղի տղերքի» և «քաղաքի աղջկերքի» միջև կամ վերահսկվող ժողովրդավարական ընտրություններ

«Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ մի կողմից մասնակցում են քաղաքական ուժեր՝ դրանց անունը կլինի ընդդիմություն թե այլընտրանք, կարևոր չէ, և մասնակցում է իշխող քաղաքական ուժը, որը ոչ թե որպես առանձին կուսակցություն է հանդես գալիս, այլ մասնակցում է պետության անունից... Պետությունն իր բոլոր ռեսուրսներով, ընդդեմ տարբեր կուսակցությունների: Եվ նույնիսկ ամենաաղքատ, ամենաթույլ երկրում այդ կուսակցությունները չեն կարող մրցել պետական ռեսուրսների հետ: Պետությունը միշտ ավելի ուժեղ է, քան այդ կուսակցությունները: Այդ պատճառով մենք անընդհատ այդ փակ շրջանի մեջ ենք լինելու»,- այսպիսի գնահատական տվեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հետընտրական առաջին օրը դիտորդություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ:

«iditord.org» կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ, ի տարբերություն նախագահի ընտրությունների, երբ ամբողջ գիշեր իրենք շարունակ խախտումների մասին հաղորդումներ էին ստանում կուսակցությունների շտաբներից, այս անգամ միայն ՀԿ-ների կողմից էին ահազանգներ լինում: «Տպավորություն էր, որ երբ ժամը երեկոյան 8-ը եկավ, քաղաքական ուժերը համարեցին, որ ներկայացումն ավարտված է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

«Հարմոնիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Էդուարդ Ուդրունցի դիտարկմամբ՝ այս ընտրությունները վերահսկվող ժողովրդավարական ընտրություններ էին:

«Քաղաքացիական հասարակություն ինստիտուտից» Արտակ Կիրակոսյանը նշեց, որ դիտորդներին շատ տեղամասերում թույլ չէին տալիս ընտրատեղամասը փակելուց՝ 20:00-ից հետո ներս մտնել, մինչդեռ օրենքը թույլ էր տալիս, և ստիպված էին ամեն անգամ կապվել ԿԸՀ-ի հետ, ովքեր իրենց հերթին զանգահարում էին տվյալ հանձնաժողովի նախագահին, և նոր միայն դիտորդները մտնում էին տեղամաս: Կիրակոսյանը կատարեց նաև մի դիտարկում, իր խոսքերով՝ ոչ պաշտոնական, գենդերային բնույթի, ընտրությունները որակելով որպես մրցակցություն «թաղի տղերքի» և «քաղաքի աղջկերքի» միջև:

«Հետքի» հարցին, թե դիտորդական առաքելություն իրականացնողները կատարել են որևէ այց համատիրություններ, ընտրական շտաբներ կամ այլ վայրեր, որտեղ ենթադրվում էր, որ կարող էին լինել ընտրախախտումներ, մասնավորապես կաշառքի բաժանում կամ ուղղորդում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ փողերի բաժանումը միայն համատիրություններում չի լինում, պատահում է, որ հենց բնակարաններում են բաժանում, կամ հենց տեղամասի մոտ, մեքենայի մեջ, ֆանտազիան անընդհատ աշխատում է կաշառք բաժանողների, և, փաստորեն, բարդ է դա վերահսկել: Դիտորդություն իրականացնող մյուս ՀԿ-ների ներկայացուցիչներն այս հարցի շուրջ ավելացնելու ոչինչ չունեցան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter