HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Ուսման վարձի մակարդակը համեմատաբար բարձր է նման ցածր միջին եկամուտ ունեցող երկրի համար». ՀԲ զեկույց

«Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում» մեկօրյա համաժողովի ժամանակ այսօր ներկայացվեց Համաշխարհային բանկի(ՀԲ) կրթական թիմի պատրաստած զեկույցը՝ Հայաստանի բարձրագույն կրթության կառավարման խնդիրների վերաբերյալ: Զեկույցում ներկայացված են նաև փաստեր, համաձայն որոնց՝ հայաստանյան բուհերում վարձավճարի ներկայիս չափը բավական բարձր է տնտեսական մակարդակի համեմատ: Այս համատեքստում անհասկանալի է դառնում, թե ինչպես մի քանի օր առաջ ԿԳՆ-ն ձեռնարկեց ԵՊՀ-ում վարձավճարի բարձրացման քայլը:

«Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների ոլորտում» զեկույցի պատրաստաման աշխատանքները ղեկավարել է ՀԲ-ի կրթական ոլորտի տնտեսագետ Սաչիկո Կատաոկան: Խորհրդաժողովին ներկա էր նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Սաչիկո Կատաոկան համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ պատրաստած զեկույցի վերաբերյալ՝ անդրադառնալով հատկապես բուհերի կառավարման ոլորտում օրենսդրական խնդիրներին և շեշտադրելով զեկույցի այն հատվածը, որը վերաբերում էր բուհերի ղեկավարման համակարգի ինքնավարության հարցին:

Ա. Աշոտյանն իր խոսքում նշեց, որ ԿԳՆ-ն պատրաստ է ընդլայնել բուհերի ինքնավարության շրջանակները և դրանք վերածել հանրային հաստատությունների՝ «հետևելով եվրոպական զարգացումներին»: «Մենք պատաստ ենք բուհերին տալ մեծ ազատություններ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միաժամանակ փորձելու են բարձրացնել բուհերի հաշվետվողականության մակարդակը:

Զեկույցի հեղինակը՝ Սաչիկո Կատաոկան, նշեց, որ Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի թերի գործունեության պատճառը նաև «անհետևողական օրենսդրական դաշտն» է: Նա նշեց, որ պետական բուհերը կառավարվում են երկու՝ ՊՈԱԿ-ների և «Կրթության մասին» օրենքներով, որոնք հակասում են միմյանց:

Համաժողովի ժամանակ Սաչիկո Կատաոկան անդրադարձավ զեկույցի ոչ բոլոր մանրամասներին: Համաշխարհային բանկի զեկույցում գրված է, որ Հայաստանում դեռևս չբարձրացված ուսման վարձի մակարդակը տնտեսական զարգացման համեմատ բարձր է: «Ներկայումս, պետական բուհի ուսանողների 74 տոկոսի ուսման վարձը տատանվում է 150,000 - 800,000 դրամ ( USD 375-2000),- նշվում է զեկույցում:- Ուսման վարձի մակարդակը համեմատաբար բարձր է նման ցածր միջին եկամուտ ունեցող երկրի համար»:

Հիշեցնենք, որ 2013-2014 ուսումնական տարում ԵՊՀ-ում նվազագույն վարձավճարը կազմելու է 400 հազար դրամ: Նախկինում շեմը 300 հազար դրամ էր: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների ուսման վարձի չափը չի փոխվի: Վարձավճարների նվազագույն շեմը 400 հազար դրամ դարձնելու քայլը ԵՊՀ-ի ղեկավարությունը հիմնավորեց որպես դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու միջոց:

Համաձայն ՀԲ-ի զեկույցի՝ Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթության պետական ֆինանսավորումը «բավականին ցածր է տարածաշրջանային միջինից»: «Չնայած տնտեսության վերականգնմանը, վերջին միջնաժամկետ ծախսերի 2012-2014թթ. ծրագրից երևում է, որ կրթական ընդհանուր ծախսերը կշարունակեն նվազել առաջիկա երեք տարիների ընթացքում՝ հասնելով մինչև ՀՆԱ-ի 2.6 տոկոսը, որով Հայաստանը հայտնվում է տարածաշրջանի ամենացածր կրթական ծախսեր ունեցող երկրների ցանկում»:

Ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանում բարձրագույն կրթության համար հատկացվող պետական ծախսերը ցածր են: Նշվում է, որ Հայաստանում կրթության ոլորտը 2009թ. տնտեսական ճգնաժամից հետո «առավել տուժած ոլորտներից էր, որի սկզբնական բյուջեն կրճատվեց 15 տոկոսով, և այն վերականգնելու նշանները դեռ չեն երևում»:

Հայաստանում բուհերը պետության հարկային եկամուտների ապահովման աղբյուր են, նշված է զեկույցում, օրինակ՝ «բուհերը չեն ազատվում ստացած հասույթից վճարվող շահութահարկից (այդ թվում՝ ուսման վարձից, այլ ուսումնական ծառայություններից ստացված վճարներից, ինչպիսիք են երեկոյան դասընթացները և համակարգչային ուսուցումը, քանի որ դրանք համարվում են շահույթ հետապնդող գործունեություն)»:

ՀԲ-ի զեկույցում գրված է՝ Հայաստանում գիտության զարգացման համար պետական ֆինանսավորումը, որը կազմում է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, հիմնականում հատկացվում է Գիտությունների ազգային ակադեմիային, ինչը «սահմանափակում է հալասարանների գիտահետազոտական կարողությունները»:

«Քանի որ վերջին տասնամյակում պետական ֆիանանսավորման մակարդակը շարունակում է կտրուկ նվազել, պետական բուհերի միակ ընտրությունը մնում է հույսը դնել ուսման վարձերի վրա»,- գրված է զեկույցում: Օրինակ է բերվում Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, որն իր եկամուտների 81 տոկոսը «հայթայթում է ուսման վարձից»:

Զեկույցը պատրաստելիս ՀԲ-ն ուսումնասիրել հայաստանյան 10 պետական բուհեր. նշվում է, որ վերջիններս «կայուն եկամուտներ ապահովելու համար փորձում են ավելացնել վճարովի ուսանողների քանակը, ինչպես նաև բարձրացնել ուսման մակարդակը», ուսումնասիրության մեջ խոսք չկա վարձավճարի բարձրացման մասին` որպես ուսումնական հաստատության եկամուտի ավելացման տարբերակ:

Նշվում է, որ Հայաստանում մինչ այժմ «միայն շահույթ հետապնդող մասնավոր բուհերն են ավելի բարձր ուսման վարձ հավաքագրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter