HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցարնին հրաժարվում է հայերին հայտնած ներողությունից և խախտում նախկին պնդումն ուղղելու խոստումը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 

Ապրիլի 30-ին հայերն արթնացան հրատապ լուրերից. «Ռուսլան Ցարնին ներողություն է խնդրում հայ համայնքից», ինչպես հաղորդում էր Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում հրատարակվող «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթի խմբագիր Ալին Գրիգորյանը: 

Ցարնին մինչև ներողություն խնդրելը միջազգային լրատվամիջոցներին ասել էր, որ «մի իսլամացած հայ լվացել էր» իր զարմիկների՝ Բոստոնի ահաբեկիչներ Թամերլանի և Ջոխարի ուղեղները: Հորեղբայր Ցարնին, մի հայի կապելով այս նողկալի հանցագործության հետ, ցասում էր առաջացրել բոլոր հայերի մոտ, որոնք կասկածելի շարժառիթներ էին տեսնում նրա տարօրինակ պնդումների հետևում: 

Բնականաբար, հայերը հանգստացան, իմանալով, որ Ցարնին «Միրըր Սփեքթեյթըր» թերթին ասել էր հետևյալը. «Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, ուստի ես ցանկանում եմ ընդգծել, որ նրա [Միշայի] ինքնությունը որևէ կապ չունի դրա հետ: Երանի թե ես երբևէ դա ասած չլինեի»: Շարունակելով խոսքը նա ներողություն էր խնդրել՝ հայ համայնքին «այս հրեշավոր իրադարձության» հետ կապելու համար: 

Թեև Ցարնիի ներողությունը լավ սկիզբ էր, սակայն անհամեմատելի էր այն ահռելի վնասի հետ, որ նա պատճառել էր աշխարհասփյուռ հայերին՝ արատավորելով նրանց բարի համբավը: Միայն հայկական թերթում ներողություն խնդրելը չէր կարող ի չիք դարձնել այդ վնասը, քանի դեռ նա իր ասածը չէր կրկնել CNN-ով կամ այլ հեռուստաընկերություններով: 

Կապ հաստատելով Ցարնիի հետ, հարցրեցի նրան, արդյոք նման մի  ներողություն կհայցի ամերիկյան հեռուստատեսությամբ: Նա դրական պատասխան տվեց, քանի որ ափսոսում էր հայի անունը «այս տխուր դրվագի մեջ» ներքաշելու համար: Ցարնին շեշտեց, որ նա չի «խոսել բոլոր հայերի մասին, այլ՝ միայն հայկական ծագում ունեցող մեկի: Ես երբեք մտադրություն չեմ ունեցել վնասել հայերին կամ որևէ մեկին: Շատ եմ ցավում, որ հայ ժողովրդի անունն է օգտագործվել: Ինձ մեղավոր եմ զգում: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել: Ոչ մեկին դուր չի գա առնչություն ունենալ նման արարքի հետ»: Ցարնին խնդրեց ինձ հայ ժողովրդին տեղեկացնել, որ սարսափելի վատ է զգում իր հեռուստատեսային հարցազրույցներում հայերի մասին խոսելու համար: 

Հաշվի առնելով մի նոր հրապարակային հայտարարություն անելու նրա պատրաստակամությունը, նրան առաջարկեցի օգնել՝ ներողություն խնդրելու նոր տեքստ պատրաստելու հարցում՝ հետագայում հեռուստաընկերությունում նրա հավանական ելույթի համար: Սկզբում նա ողջունեց այդ գաղափարը, սակայն ավելի ուշ ինձ տեղեկացրեց, որ նա ոչ իմ առաջարկը կընդունի, ոչ էլ իր սեփական հայտարարությամբ հանդես կգա՝ պնդելով, որ իր նախկին հայտարարությունները հավաստի էին, քանի որ Միշան հայկական ծագում ուներ, բաց թողնելով այն փաստը, որ Ադրբեջանում ծնված Միշա Ալախվերդովն ուներ խառը՝ հայկական և ուկրաինական ծագում: Ցարնին նաև հայտնեց, որ երբեք նկատի չի ունեցել «ողջ [հայ] ազգին: Դա անձնավորության մի պարզ տեխնիկական բնութագիր էր, որի անունը ես այն ժամանակ չգիտեի: Եթե իմանայի, որ նրա անունը Միշա էր՝ նա կլիներ Միշա, այլ ոչ թե մի հայ կամ մեկ ուրիշը»: Նա արդարացրեց նաև «նոր իսլամացած հայկական ծագում ունեցող» արտահայտության օգտագործումը, պնդելով, թե մտադիր է եղել «օգնել լրատվամիջոցներին, լրագրողներին և իրավապահ մարմիններին այդ մարդուն գտնելու համար»: Հետևաբար, նա որոշել էր ներողություն չխնդրել հեռուստատեսությամբ, ինչպես որ նախօրոք խոստացել էր: 

Բացի այդ, նա վիճարկեց «Միրըր Սփեքթեյթըր» թերթի լուրն իր ներողություն խնդրելու մասին, պնդելով, թե իրեն «սխալ են մեջբերել»: Նա հայտարարեց. «Ես երբեք չեմ ասել՝ «Երանի թե ես երբևէ դա ասած չլինեի»: Ես ասել եմ, որ մտադրություն չեմ ունեցել հայերի անունն օգտագործել պայթյունների հետ կապված: Ես խոսել եմ որոշակի անձնավորության մասին, և ինձ ասացին, որ նրա մասին տեղեկությունը հաստատվել է որպես ճիշտ տեղեկություն»: Չնայած Ցարնիի ուշացած հերքմանը, «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթը տեր է կանգնում իր հաղորդած լուրին, և ես որևէ պատճառ չունեմ կասկածելու այդ թերթի ճշմարտացիությանը: 

Ես Ցարնիին հիշեցրեցի նրա անկատար մնացած հանձնառության մասին՝ ամերիկյան հեռուստատեսությամբ հանդես գալու «հայ Միշայի» մասին անհիմն պնդումների վերաբերյալ: Նա դեռ չի պատասխանել, քանի որ զբաղված է իր զարմիկի՝ Թամերլանի հուղարկավորության կազմակերպմամբ: 

Բազմաթիվ անպատասխան հարցեր կան Ցարնիի մասին: Չնայած համացանցը լի է նրա անցյալի վերաբերյալ տարբեր տեսակի մեղադրանքներով, սակայն գերադասում ենք կանգ առնել հայ համայնքի համար առավել անմիջական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա. 

- Ինչո՞ւ Ցարնին ներողություն խնդրեց «Արմինիըն Միրըր Սփեքթեյթըր» թերթից, իսկ հետո շուռ եկավ ու պնդեց, թե իրեն սխալ են մեջբերել: Արդյոք նա ցավո՞ւմ էր լրատվամիջոցներին արած իր նախկին հայտարարությունների համար, իսկ այնուհետև հետ կանգնեց դրանցից՝ «անհայտ շահերից» խորհուրդ ստանալո՞վ, որ պետք չէ հայերից ներողություն խնդրել: 

- Ինչո՞ւ իմ առջև նա անձնական պարտավորություն վերցրեց հանդես գալու գլխավոր հեռուստաընկերություններում՝ հայերից ներողություն խնդրելու համար, իսկ հետո հրաժարվեց դրանից: 

Այս անպատասխան հարցերը ստիպում են միայն զարմանալ հորեղբայր Ցարնիի խորհրդավոր շարժառիթների և առեղծվածային կապերի վրա: 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեկնաբանություններ (1)

GB
Tsarni who is well known to CIA and FBI and was married to daughter of former CIA boss in Turkey, knew how to cover up and knew also Americans way of thinking toward Muslim terrorists. I believe he was told to say that, in order to make Islamist Chechen and terrorists, as freedom fighters in Chechneya. I won`t be surprised, that this Chechen homesick man who spent times in Turkey and Kazakhstan will be invited to Ankara and Baku for e hero welcome, just like Mr. Savarov the Axeri famous axe killer, where Tatars oily Sultan crowned him as a national hero!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter