HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորածին երեխային սպանելու գործի դատական նիստն իրականացվեց առանց ձայանգրման եւ սղագրման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Գորիս) դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 7-ին շարունակվեց անչափահաս տարիքում հղիացած Ա.Մ-ի գործով դատական նիստը: Իր նորածին երեխային սպանելու մեջ մեղադրվող Ա. Մ.-ն Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի զոհերից մեկն է, որի համար վերջինս դատապարտվեց «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով:

Դատական նիստին չէին մասնակցում գործով ներգրավված երեք վկաները, որոնցից երկուսը տեղեկացրել էին իրենց բացակայության մասին եւ խնդրել հիմք ընդունել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Երրորդ վկան` Ա.Մ-ի մայրը, դատարան չէր ներկայացել:

Ա.Մ-ի դատապաշտպանը` հանրային պաշտպան Կարմեն Սահակյանը, դատարանին միջնորդություն ներկայացրեց արագացված դատաքննություն իրականացնելու համար, որին համաձայնվեց նաեւ դատախազ Հայկ Կարապետյանը: Վերջինիս խնդրանքով, մեղադրական ճառ պատրաստելու պատճառաբանությամբ, դատական նիստն ընդմիջվեց 20 րոպեով, որը երկարաձգվեց եւս 10 րոպեով, սակայն դատական նիստը շարունակվեց 55 րոպե անց: Այդ ընթացքում, սակայն, Հայկ Կարապետյանն անընդհատ երթեւեկում էր դատարանի բակում, հարակից զբոսայգում:

Դատական նիստը վերսկսվելուց հետո դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը եւ դատարանին միջնորդեց մեղադրյալի` ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը փոխարինել կալանքով եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման: Մեղադրողն իր առաջարկը հիմնավորեց «մեղմացուցիչ փաստարկների բացակայությամբ, մեղադրյալի կողմից հանրության համար վտանգավոր արարք գործելու, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու հանգամանքով»:

Պաշտպան Կարմեն Սահակյանը նշեց, որ իր պաշտպանյալն ընդունել է իր մեղքը եւ առաջարկեց մեղմ պատիժ նշանակել:

Կարճատեւ ընդմիջումից հետո, վերադառնալով խորհրդակացական սենյակից, դատավոր Դավիթ Գրիգորյանը hրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ մեղադրյալ Ա.Մ դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման` մեկ տարի փորձաշրջանով:

Դատարանը վճիռը հրապարակեց առանց պաշտպանի ներկայության, քանի որ նա այդ ընթացքում հարեւան դահլիճում մեկ այլ դատական նիստի էր մասնակցում: Դատարանից դուրս գալուց հետո Ա.Մ.-ն դիմեց լրագրողներին. «Կարծում էի՝ իմ դեմ էիք, շնորհակալ եմ»: 

Այսքանով կարծես թե ավարտվեց մեկ տարուց ավելի ձգվող դատական գործերի շղթան, որն սկսվել էր Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանի դեմ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս) ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործից, որը հետագայում փոխվեց` մեղադրանք առաջադրելով 138 հոդվածի 2-րդ մասի երրորդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ): 

Ամիսներ անց նույն մեղադրյալի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվեց նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով): Նոր գործի հիմք հանդիսացավ այն, որ «Հետքը» հոդված գրեց եւ իրավապահներին հիշեցրեց Աննայի գոյության ու դռնփակ դատական նիստում դատավոր Նապոլեոն Օհանյանի եւ դատախազ Հայկ Պետրոսյանի ներկայությամբ նրա տված ցուցմունքների մասին:

Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր հոդված` «Բացահայտվել է Հարթաշենի գյուղապետի անառակաբարո գործողությունների մեկ այլ զոհ» վերնագրով: Ըստ  հոդվածագրի` նշված համայնքի ղեկավար Ա. Ղուկասյանը նույն համայնքի անչափահաս բնակչուհու` Ա. Մ.-ի  հետ, վերջինիս կամքին հակառակ, շանտաժի ենթարկելով, սեռական հարաբերություն է ունեցել, որի արդյունքում ծնված նորածնին Ա. Ղուկասյանի պահանջով Ա. Մ.-ն սպանել է:

Հարուցված նոր քրեական գործով կալանավորվեց նաեւ Ա.Մ-ն: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն) մեղադրանք ներկայացվեց նաեւ բուժքույր Ա. Ե.-ին, ով սակայն 57 oր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից: Հետագայում հիմնավորված համարելով անչափահասին բռնաբարելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 27.02.2013թ. դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել 8 տարվա ազատազրկման: 

Վերոնշյալ գործի հետ կապված քննությունների վերջին «ակորդը» դարձավ անչափահաս տարիքում հղիացած Ա.Մ-ի գործով քննությունը, ըստ որի՝ նա մեղադրվում էր  նորածին երեխային սպանելու մեջ: Առաջին դատական նիստը, որը  տեւեց մի քանի րոպե, ընդմիջվեց այն պատճառով, որ մեղադրյալը ցանկություն hայտնեց պաշտպան ներգրավելու: Հետարքրքականն  այն է, թե ինչպես էր, որ մինչ դատական քննությունը քննչական մարմիններն աղջկան չէին բացատրել  պաշտպան ունենալու իր իրավունքի մասին, առավել եւս աղջկա սոցիալական վիճակը նկատի ունենալով չէին առաջարկել գործով հանրային պաշտպան  ներգրավել: Ուշագրավ է, որ հենց նույն նիստի ժամանակ Դավիթ Գրիգորյանը, դիմելով  Ա.Մ-ին, շեշտեց, որ նա հրաժարվել է պաշտպանից, որին մեղադրյալը առարկեց, նշելով, թե իրեն ասել են, որ դեռեւս պաշտպանի կարիք չկա:

Ամբաստանյալին հանրային պաշտպան տրամադրելուց հետո հաջորդ երկու նիստերը նույնպես հետաձգվեցին՝ սկզբում փաստաբանի զբաղվածության պատճառով, որի համար նա պատշաճ կարգով ծանուցել էր դատարանին, ապա` դատավորի հիվանդության պատճառով: Մեղադրյալը բոլոր դատական նիստերին ներկայանում էր միայնակ:

Դատական նիստին մշտապես հետեւելու առումով ակտիվ էին տեղի հ/կ-ները: Այս հանգամանքը, սակայն, չնպաստեց, որպեսզի, չնայած դահլիճում անհրաժեշտ սարքավորումների առկայությանը, քննվող գործով դատական վերջին նիստը ձայնագրվեր կամ սղագրվեր: Սա հաստատեց նաեւ նիստը վարող դատավորը՝ մեր հարցին ի պատասխան: Դավիթ Գրիգորյանը նաեւ մերժեց նիստը տեսագրելու  թույլտվության խնդրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter