Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում` Թբիլիսիում
Մայիսի 8-ին Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպել էին Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, վրաց հասարակության և հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպանության դիվանագիտական կազմը և աշխատակիցները:
Դեսպան Մանուկյանը բացման իր խոսքում, շնորհավորական մաղթանքներ հղելով մայիսյան հաղթանակների կապակցությամբ, արժևորեց և' Հայրենական մեծ պատերազմում, և' Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած հայ քաջասիրտ կամավորականների և ռազմական գործիչների անձնվեր պայքարի արդյունքները` խաղաղ և կայուն ապագա կերտելու հարցում: «Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում յուրաքանչյուր հայի սիրտ, քանզի քսաներկու տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին, հայոց պատմությունը արձանագրեց նոր հաղթանակ: Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայ ժողովրդին, որն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու որևէ բռնություն»,-իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:
Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից` ցուցահանդեսից և համերգից: «Ուրարտուի արձագանքը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին թբիլիսահայ նկարչուհի Ալլա Անտոնյանցի աշխատանքները: Միջոցառման համերգային մասում հանդես եկան թբիլիսահայ կատարողներ Հենրիխ Պետրոսյանը, Նինա Կարապետյան-Գևորկովան, Աննա Պողոսովան, Նադի Զախարյանը, «Ջեյրան» և «Մուշ» անսամբլները: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել