HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խախտումների թիվը մեծ չէր, բայց կիրառված մեթոդները կոշտ էին

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ամփոփում

2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց 6 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք` Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Առաքելություն» կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը:

Նշված կուսակցություններից միայն «Առաքելություն»-ն էր առաջին անգամ մասնակցում ընտրություններին: Մյուսների քաղաքական հայացքներին ու կողմնորոշումներին հանրությունը քաջածանոթ էր: Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը հնարավորություն ունեին իրականացնելու իրենց քարոզչությունը լրատվամիջոցներով, ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելով, սոցիալական ցանցերի միջոցով, հանրային քննարկումների մասնակցելով եւ այլն: Մասնակից կուսակցությունները հիմնականում օգտվել են ընձեռված հնարավորություններից՝ բոլոր ձեւաչափերով իրենց տեսակետներն ու ծրագրերը կարողացել են ներկայացնել հանրությանը: Հիմնական բացթողումը բանավեճերն են, որը սեփական ծրագրերը մրցակիցների ծրագրերի հետ համադրելու, հակադրելու, համեմատության մեջ կառավարման իր մոտեցումների առավելությունն ընդգծելու լավագույն միջոցն է, սակայն առայժմ անիրականանալի է մասնակից կուսակցությունների, հատկապես մրցակից թեկնածուների մերժումների պատճառով:

Այս ընտրությունն այդ առումով նույնպես չառանձնացավ. լրատվամիջոցների (հեռուստատեսություն, կայքեր), ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնած բանավեճերը հիմնականում ձախողվեցին, քանի որ իշխող քաղաքական ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, մերժեց բոլոր առաջարկները: Հարկ է նշել, որ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, ով հիմնական մրցակից թեկնածուն էր համարվում, մերժեց ոչ միայն մասնակցությունը բանավեճերին, այլեւ հրաժարվեց ցանկացած ձեւաչափով հանդես գալ հեռուստալսարանի առջեւ: Գործող քաղաքապետն իր քարոզարշավը սահմանափակեց միայն վարչական շրջանների բնակչության հետ հանդիպումներով՝ այդ ընթացքում անգամ հրաժարվելով պատասխանել քարոզարշավը լուսաբանող լրագրողների հարցերին:

Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունեին իրենց էջերը, սակայն դրանք չծառայեցին իբրեւ հարթակ` ընտրողին ներկայանալու, մայրաքաղաքի խնդիրները համատեղ քննարկելու եւ ընտրազանգվածի կողմնորոշումներն ընկալելու համար: Կուսակցությունների ֆեյսբուքյան էջերում հիմնականում տեղ էին գտնում նրանց հանդիպումների մասին տեղեկությունները եւ քաղաքական հայտարարությունները:

Ավելին, ոմանք տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն օգտագործեցին ֆեյսբուքյան օգտատերերին գայթակղելով տարբեր սենսացիոն հրապարակումներով` համակիրների լայն շրջանակ ունենալն ընդգծելու համար: Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին սպասարկող «Ավելի լավ Երեւան» էջը հավանության էր արժանանում սենսացիոն հրապարակումներին հղում անելով, որը բացելուց հետո միանգամից գնահատվում էր թեկնածուի էջը: Այս հանգամանքը առաջացրեց օգտատերերի զայրույթը, սակայն բարձրացված աղմուկից հետո անգամ մի խաբեությունը փոխարինվեց մյուսով:

Քարոզչության շրջանը զերծ չէր նաեւ հակաքարոզչությունից՝ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը մեղադրեց տեղամասային հանձնաժողովներում  իր տեղերը ՀՀԿ-ին վաճառելու մեջ, ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքի անհամաչափ զարգացման համար: Հայ ազգային կոնգրեսը ՀՀԿ թեկնածու, քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքի բյուջեն վատնելու եւ կոռուպցիայի մեջ մեղադրեց:

Քարոզչությունը առաջին երկու շաբաթվա ընթացքում խաղաղ ընթացավ, սակայն հետագայում քարոզչությունը խոչընդոտելու դեպքեր գրանցվեցին, որոնք թվաքանակով շատ չեն, բայց բավականին կոշտ են: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ստացվել է 23 ահազանգ, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը` ծեծի եւ վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկությանը նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 16 նյութ գտնվում է ընթացքի մեջ:

Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում

«iLur.am» կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ Կարապետյանը  ոստիկանություն  հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 23-ին, ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Տարոն Մարգարյանի քարոզարշավը, մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում,  այդ ընթացքում  ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, մեկը բռունցքով հարվածել է դեմքին եւ վնասվածք պատճառել: Իր կողմից ճշտված տվյալներով հարվածողը եղել է Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ «Տուրբո» մականունով Աշոտ Պապայանը: Նրան են միացել էլի մի քանի հոգի, նույնպես սկսել են քաշքշել ու հարվածել: Միջադեպին ներկա եւ ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որեւէ մեկը չի կասեցրել իր նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ իր ձեռքից խլել են ֆոտոխցիկը, քիչ անց մեկը վերադարձրել է այն, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:

Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը նշանակել է ծառայողական քննություն, որի արդյունքներով կարգապահական տույժի է ենթարկվել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանը՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գագիկ Ամիրջանյանն  ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ապրիլի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր.օր 164-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը): Լրագրողական 6 կազմակերպություններ դատապարտեցին լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը եւ պահանջեցին իշխանություններից պատժել մեղավորներին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:

Քարոզարշավի խոչընդոտում

Ոստիկանությունում գրանցվել է քարոզարշավը խոչընդոտելու 6 դեպք: Մամուլի հրապարակումներից առանձնացրել ենք ամենաակնառու խախատումները, որից երկուսը գրանցվել է ՀԱԿ-ի քարոզարշավի ժամանակ, երկուսը՝ «Բարեւ Երեւան» դաշինքի:

25.04.2013թ., ըստ www.ilur.am-ի, երկու անձինք փորձել են խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, ովքեր նախընտրական քարոզչություն էին իրականացնում: Դեպքը տեղի է ունեցել Կոզերն թաղամասում: Ակտիվիստ Արեգ Գեւորգյանը պատմել է, որ իրենք քարոզչություն էին իրականացնում մոտ 15 երիտասարդներով, երբ տաքսի մեքենայով մոտեցել են երկու երիտասարդներ, իջեցրել են ապակիները եւ սկսել են հայհոյել երիտասարդներին` հայտարարելով, թե «դավայ ստուց, ստեղ սաղ Տարոնն ա»: Որոշ ժամանակ անց, երբ Կոնգրեսի երիտասարդներն արդեն ավարտում էին նախընտրական քարոզչությունը, նույն երիտասարդները նորից են մոտեցել նրանց ու փորձել վիճաբանություն հրահրել: Սակայն, երբ հասկացել են, որ իրենց նկարահանում են, երիտասարդները փախուստի են դիմել:  

Ապրիլի 26-ին Երեւանի Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ) Հանրապետական կուսակցության Աջափնյակի երիտասարդ անդամները խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների քարոզչական ակցիան: Այդ ժամանակ 3-րդ գյուղում է եղել նաեւ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը: Ոստիկանները ՀԱԿ ակտիվիստներից պահանջել են հետաձգել քարոզարշավը մի որոշ ժամանակ մինչեւ Տարոն Մարգարյանը կհեռանա 3-րդ գյուղից: Սակայն ՀԱԿ-ականները շարունակել են քարոզարշավը «Լեւոն, նախագահ» կոչերով: Այս կոչերը լսելով, ըստ ակցիայի մասնակիցների, ՀՀԿ-ական երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել առաջին նախագահի հասցեին: Նրանց ասելով՝ ՀԱԿ ակտիվիստների այս ակցիային Սիլիկյան թաղամասում իր ծառայողական մեքենայի պատուհանից հետեւել է նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Ապրիլի 22-ին Աջափնյակ համայնքի 17 թաղամասի 11 շենքի բակում թռուցիկներ բաժանող ՀԱԿ երիտասարդները ենթարկվել են հարձակման: ՀԱԿ ներկայացուցիչը պատմել է, որ իրենց մոտեցել են ինչ-որ երիտասարդներ եւ ասել, որ դա իրենց թաղն է ու իրենք թույլ չեն տալիս շարունակել իրենց գործը: Երբ ՀԱԿ երիտասարդներն ասել են, որ իրենց գործողություններն օրինական են եւ չեն ենթարկվելու նրանց պահանջին, թաղի տղերքը պատասխանել են` սպասեք մեր մեծերին ասենք: Դրանից հետո մոտ 30 հոգի հարձակվել են տղաների վրա եւ ծեծել: Նրանցից մեկը՝ Ալիկ Հախվերդյանը, գլխի լուրջ վնասվածք է ստացել եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Ալիկ Հախվերդյանի պատմելով` քարոզարշավի շրջանակներում քարոզչական բուկլետներ բաժանելիս հենց շենքերի մուտքերի առջեւ իրեն խոչընդոտել են հանրապետական ներկայացող թաղի տղաները: «Սկզբում մոտեցան չորս երիտասարդ ու հարց ու փորձ արեցին, թե որտեղից եմ, ինչ եմ անում, հետո ասացին՝ էս մեր տարածքն է, ինչ գործ ունեք, սաղ ստեղ մեր ձայներն են, սաղ հանրապետական են, սաղ մերոնք են:  Իրավունք չունեք, մի մտեք մուտք: Ես էլ բացատրեցի՝ աշխատանքի մեջ եմ, քարոզարշավ եմ իրականացնում ու ասացի՝ ձեր կատարածը օրենքի խախտում է»: Ակտիվիստի պատմելով, վերը նշված երիտասարդների թիվն ավելի ուշ կրկնապատկվեց, նրանց միացան արդեն հասուն տարիքի ավելի քան տասը տղամարդ, ու սկսվեց ծեծկռտուքը. «Նրանցից մեկը հարվածեց գլխիս եւ մոտ քառասուն տարեկան տասնհինգ տղամարդ միացավ հարվածներին»,- հայտնել է Ա. Հախվերդյանը:

ՀԱԿ ակտիվիստ Գեւորգ Գեւորգյանը ԳԱԼԱ TV-ին պատմել է, որ այդտեղ եղել է պարեկային ծառայության մեքենա: ՀԱԿ-ի երիտասարդներից մի քանիսը ոտքով գնացել են այդ կողմ, որ օգնություն խնդրեն, բայց ոստիկանը մատը տնկել է, թե` ինչ եք ասում, ինչ գանք ձեզ օգնենք: Որից հետո զանգահարել են Մաշտոցի բաժանմունք, եւ ոստիկանությունը բաժնի պետի՝ Պողոսյանի գլխավորությամբ բոլորը եկել են դեպքի վայր: Տուժածները հայտարարություն են տվել ոստիկանությունում, սակայն հարձակվողները դեռ չեն բացահայտվել: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀԱԿ ակտիվիստ Ալիկ Հախվերդյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հարուցվել է քրեական գործ:

28.04.2013թ., ըստ 1in.am-ի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախատեսված «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական քարոզարշավը խոչընդոտել են թաղային հեղինակությունները: Հանդիպման հենց սկզբում անհայտ անձինք կտրել էին հոսանքի լարը, եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչները հնարավորություն չունեցան բնակիչների հետ խոսել բարձրախոսի միջոցով: Երբ հաջողվեց վերանորոգել լարը, թաղամասը հոսանքազրկվեց: Այս ամենի պատճառով վեճ եւ քաշքշուկ տեղի ունեցավ դաշինքի համակիրների եւ մոտակայքում գտնվող Հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչների միջեւ: «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտեց քարոզարշավը խոչընդոտելու ՀՀԿ-ի որդեգրած գործելաոճը:

Դաշինքի շտաբի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ` կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից, ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո: «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբը ոստիկանությունից պահանջեց ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու սադրիչներին, ինչպես նաեւ ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը եւ մասնակիցների անվտանգությունը»:

02.05.2013թ. «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում ահազանգել է Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակում Երեւանի Նոր Նորք համայնքում «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավի խոչընդոտման դեպքի մասին: «Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում: Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցն անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրեորեն պատժելի արարք է թույլ տալիս: «Ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թո՛ղ պատժեն»,- հայտարարեց նա քիչ առաջ:

Ինչպես եւ նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողնվեց Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաեւ պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին: Դեպքի վայրից նա փորձել է կապ հաստատել թողնված հեռախոսահամարով, սակայն հեռախոսը չի պատասխանել զանգերին (տեսանյութը):

Ուռճացված ընտրացուցակներ

Ընտրություններին մասնակից կուսակցություններն ահազանգեցին  ընտրացուցակների ուռճացված լինելու մասին: ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ընտրացուցակներում ներառել են նաեւ մարզերի քաղաքացիներին։ «Ցուցակներում բազմաթիվ են մարդիկ, որոնք նախագահական ընտրություններում հաշվառված են եղել մարզերում, այժմ քվեարկելու են Երեւանում։ 1000-ից ավելի այդպիսի մարդ կա։ Խորն ուսումնասիրելու դեպքում ավելի շատ կլինեն, եւ ՀՀԿ-ն իր իշխանական լծակները օգտագործում է՝ զբաղված է ցուցակների աճպարարությամբ»։

ԲՀԿ-ի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ բազմաթիվ ահազանգեր կան, որ տարբեր օլիգարխ-պատգամավորների սուպերմարկետների նկուղների վրա գրանցել են մարզերի բնակիչներին: «Քիչ առաջ Աջափնյակից ենք ահազանգ ստացել, որ ութ հազար ապարանցի բերել եւ գրանցել են Աջափնյակում, որոնք մայիսի 5-ին պիտի գնան եւ ընտրեն որպես երեւանցի»:

Վարչական լծակների օգտագործում

Քարոզարշավի հենց սկզբից բազմաթիվ էին ահազանգերը, որ դպրոցների տնօրեններին պարտավորեցնում են Հանրապետական կուսակցության օգտին քվեարկողների ցուցակներ տրամադրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից: Լրագրողները հեռախոսազանգերով ստուգել են տեղեկատվությունը:  

Հանրապետական կուսակցության աշխատակից ներկայացած լրագրողին Երեւանի 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը հեռախոսով մանրամասներ է ներկայացրել ցուցակների վերաբերյալ. «Ընդհանուր շատ են, էս տեղամասում մոտ 400 մարդ, հիմնականը ես գրել եմ ընդեղ, հերթով գրել եմ, պատասխանատուն ով ա, քանի հոգի ա բերում:

197 դպրոցի գործավարը լավ չէր հիշում, թե հիշյալ ցուցակները որտեղ է ուղարկել՝ Նոր Նորքի թաղապետարա՞ն, թե՞ Հանրապետական կուսակցության Նոր Նորքի գրասենյակ. «Երեքշաբթի օրը մենք կոլեկտիվի մեծ մասի ցուցակները, եւ ընտանիքի կազմով, արդեն ընտրողների քանակով ապահովված, ըտենց ուղարկել եմ»։ Ջրվեժում գտնվող 187 դպրոցի տնօրենն էլ է վստահեցնում, որ ունեն 100 հոգու ցուցակ, որոնք, անկասկած, իրենց ձայնը տալու են Տարոն Մարգարյանին» (տեսանյութ 12

Տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում ընտրություններում

Քարոզչության ընթացքում մարզպետները նախընտրական շտաբեր էին ղեկավարում մայրաքաղաքում, եւ նրանցից ոմանք լրագրողներից չթաքցրին այդ հանգամանքը: Այսպես` Գեղարքունիքի մարզպետը հաստատեց, որ ժամը վեցից հետո զբաղվում է նախընտրական շտաբի աշխատանքներով:

Արմավիրի մարզպետի օգնական, ՀՀԿ-ական Նվեր Պետրոսյանը «Հրապարակ» օրաթերթի հարցմանը պատասխանել է, թե չգիտի՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ցուցակ ունի՞, թե՞ ոչ, բայց գիտի, որ նա, ՀՀԿ-ական լինելով, մասնակցում է Երեւանի ավագանու քարոզչական աշխատանքներին: Ինչպես եւ ինքը: Երեւանում Արմավիրը շտաբ կամ գրասենյակ չունի: Պետրոսյանը գնում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ Մելիք-Ադամյան փողոց: Քարոզչական աշխատանքներին, իր ասելով, մասնակցում է երեկոյան՝ աշխատանքից հետո: 

«Ժողովուրդ»գրեց, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեւանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը`ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում: Ս. Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչեւ ժամը 14:00-ը եւ ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը: Սակայն մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է լուրը: «Չէ, սուտ են ասում, տենց բան չկա: Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրություններին, ասել ենք, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Դա ինձ չի սազում, ես տենց բաներ չեմ անում, ի՞նչ փողի մասին է խոսքը: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ, մարդկային փոխադարձ ճիշտ փոխհարաբերությունների»:

«Հայկական ժամանակ»-ն էլ գրեց, որ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջեւ պահանջ է դրվել` կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին: Թերթի տեղեկություններով, կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երեւանցիների հեռախոսահամարներով` անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը: Թերթի թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է եւ հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին ապրիլի 23-ին Աջափնյակ վարչական շրջանում քարոզչություն իրականացնելիս ծեծողները Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմնակիցներն են եղել: Պարզվում է՝ Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել, եւ այդ գրասենյակում աշխատում են ոչ թե երեւանցիներ, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ Արագածոտնի մարզի բնակիչներ: «Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել, թե արդյոք մարզպետի կողմնակիցներն են ծեծել ՀԱԿ ակտիվիստներին: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Իսկ երբ հետաքրքրվեց՝ «Դուք Աջափնյակում գրասենյակ ունե՞ք, որը հատուկ աշխատում է ավագանու ընտրությունների համար՝ հօգուտ ՀՀԿ-ի», մարզպետն ակտիվացավ. «Այո, ունեմ, այնտեղ աշխատում են մարզից եկած մարդիկ»: Իսկ թե կոնկրետ որ հատվածում է գտնվում գրասենյակը, մարզպետը չկարողացավ բացատրել:

Ավագանու ընտրություններում կիրառվեցին վերջին 20 տարիների ընտրակեղծարարության բոլոր տեխնոլոգիաները

2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններն անցան սպասվածից ավելի լարված մթնոլորտում, եւ այդ լարվածությունը չէր սահմանափակվում մայրաքաղաքի տարածքով, քանի որ ընտրություններին մասնակցող իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները նախագահական ընտրությունից հետո իրենց հաղթաթուղթը համարում էին Երեւանի ավագանու ընտրությունը: Այս ընտրությունը սոսկ պայքար չէր ավագանու կազմում մի քանի տեղ ունենալու համար, ավագանու ընտրության միջոցով ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական դաշտում վերահաստատվելու ցանկություն ունեին: Իշխանությունների համար այս ընտրությունը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները  վերհաստատելու հնարավորություն էր, իսկ ընդդիմության համար` նախագահական ընտրություններում իշխող կուսակցության կրած պարտությունը փաստարկելու հնարավորություն:

Ընդդիմադիր կուսակցությունների համար՝ «Բարև Երևան» դաշինք, ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ավագանու ընտրություններով եզրափակվում էր առաջիկա չորս տարիներին երկրում  ընտրությունների միջոցով քաղաքական իրավիճակը շտկելու հնարավորությունը, ուստի նրանց ձգտումն էր այս ընտրությամբ երկրում վերջ դնել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհին: Ավագանու ընտրություններով էին նրանք պայմանավորում երկրում լրջագույն փոփոխությունները՝ «Երեւանի միջոցով հասնել Հայաստանի վերափոխմանը»:

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության իրականացրած մոնիտորինգի շրջանակն ներառում է` տպագիր մամուլի եւ էլեկտրոնային լրատվական կայքերի օրվա լրահոսը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված օգտատերերի հրապարակումները, ընտրություններին մասնակից դիտորդական խմբերի դիտորդության արդյունքների հրապարակումները, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության լրագրողների կողմից 20 տեղամասերում քվերակության ընթացքի վերաբերյալ հրապարակումները (նրանք ընտրություններին հետեւել են 2013 թ. մայիսի 5-ին, ժամը 07:00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 04:30-ը, երբ բոլոր տեղամասերից բերվել են քվեարկության արդյունքները), ինչպես նաև հրատապ ահազանգերի հիման վրա դեպքի վայր մեկնած «Հետք»-ի լրագրողների հրապարակումները (տես` http://hetq.am/arm/subjects/94/): Ավագանու ընտրությունների վերաբերյալ մեր եզրահանգումներն արվել են այդ բոլորի արդյունքների ամփոփման հիման վրա:

Ընտրությունների վերաբերյալ մամուլում ամենաշատ հանդիպող բնութագրումն այն էր, որ «Երեւանի ավագանու ընտրություններն ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին»։ Այս ընտրություններում իշխանությունները լրացրին այն «բաց թողումը», որ ունեցել էին նախագահական ընտրությունների ժամանակ: Այսինքն, վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունների ժամանակ կիրառված կեղծարարության բոլոր տեխնոլոգիաները, որոնք օրենսդրությամբ ընտրախախտում են որակվում, կիրառվեցին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ` ընտրակաշառք, թաղային հեղինակությունների, «գործարար» կանանց ներգրավում ընտրություններում,  ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակա անձանց փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն։ Այս ամենը մեզ թույլ է տալիս ասելու, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով եւ այն չէր կարող չազդել ընտրության արդյունքի վրա:

Այս ընտրություններով վարկաբեկվեց նաեւ «դիտորդների» ինստիտուտը,  առաջին անգամ լրագրողներն ուսումնասիրեցին դիտորդական առաքելություն իրականացնող հ/կ-ների գործունեությունը եւ հրապարակված տվյալների համաձայն`կանխատեսվում էր, որ ավագանու ընտրություններին ավելի շատ դիտորդներ կհետեւեն, քան եղել էր մոտ երեք ամիս առաջ անցկացված նախագահական ընտրության ժամանակ, որը համապետական ընտրություն էր:

Ընտրական օրվա ավարտին ավանդաբար դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները հրապարակեցին երեք հ/կ-ի անուն` «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոն, «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա», որոնք դիտորդներ են ունեցել գրեթե բոլոր տեղամասերում եւ նրանք բացահայտ աշխատանք են տարել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համար` քաղաքացիներին ուղեկցել են տեղամասեր, ուղղորդել են քվեարկողներին, ստանձնել են վստահված անձի դերակատարություն եւ այլն:

Մայիսին 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին հետեւելու համար գրացվել են նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվածների համեմատ 362-ով ավելի շատ տեղական դիտորդներ։  Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին հանրապետության 1988 ընտրատարածքներում հետեւելու համար գրանցվել էր 6250 դիտորդ, մինչդեռ Երեւանի ավագանու ընտրությունները կազմակերպելու նպատակով ձեւավորված 464 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն անցկացնելու համար գրանցվել է 6612 տեղական դիտորդ։

Ամենամեծ թվով՝ 1544 դիտորդներով ընտրություններին հետեւելու իրավասություն է ստացել, մասնավորապես, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն չի իրականացրել։ Այս հասարակական կազմակերպության հիմնադիրը եւ նախագահը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, քաղաքացիական ակտիվությամբ հայտնի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին հաջողվել է գրանցել ընդամենը 134 դիտորդի:

Բացի «Համահայկական երիտասարդական ասոցիացիայից», մեծաթիվ դիտորդներով են ընտրություններին մասնակցելու մի քանի այլ հասարակական կազմակերպություններ եւս։
«Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն ընդգրկել է 1048 տեղական դիտորդի: Այս կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ այն իրականացնում է առողջապահական, կրթական, մշակութային մի շարք ծրագրեր:
Մայիսի 5-ին մեծաքանակ տեղական դիտորդներ ապահովելու հնարավորություն ունեցող մյուս հասարակական կազմակերպության անվանումն է՝ «Համաչափ Զարգացում Համայնքային Զարգացման» ՀԿ: Վայոց ձորում գրանցված այս կազմակերպությունը 777 դիտորդների է ներկայացրել, իսկ կազմակերպության պաշտոնական կայքի հասցեն է՝ santaclaus.am (
Անուշ Մարտիրոսյան «Ազատություն ռադիոկայան», Հրապարակված է՝ 02.05.2013

Անակնկալ էր նաեւ քվեարկության օրը տեղամասերում նույնքան շատ «լրագրողների» ներկայությունը, որոնք չեն ունեցել համապատասխան վկայականներ:

ԲՀԿ-ն գաղտնի զենք էր պատրաստել այս ընտրությունների համար: Եվ խոսքը ամենևին բաժանվող փողի մասին չէ, որովհետև դա վաղուց արդեն գաղտնիք չէ: Խոսքը հարյուրավոր նորաթուխ «լրագրողների» մասին է, որոնք հեղեղել էին ընտրատեղամասերը, առանց իմանալու թե որ ԶԼՄ-ն են ներկայացնում, ով է գլխավոր խմբագիրը և այլն: Այսպիոսվ ԲՀԿ-ն ապահովեց նորանոր «բոցեր», իսկ «Լրագրող» օպերացիան տապալվեց (http://blognews.am/arm/news/53301/):

Ընտրախախտումներն ըստ բնույթի

Ընտրական գործընթացի գնահատում եւ խախտումների դասակարգումն իրականացրել ենք հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նորմերը եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշները:

Կեղծ դիտորդական խմբերի ներգրավում ընտրություններում

08/10 տեղամասում 19:20-ին մուտք էին գործել պատճենված վկայականներով 3 հոգի` ներկայանալով որպես դիտորդ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, դիտորդ Արթուր Սաքունցի` ԿԸՀ-ին  հարցում անելուց հետո, այդ երեք հոգին լքել են տեղամասը:

08/10 ընտրատեղամասում` թիվ 97 մանկապարտեզ, Ա-3 թաղամաս, ներկա են դիտորդներ, ում մոտ եղած դիտորդական կազմակերպության վկայականները պատճենի տեսքով են: Դրա մասին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդը ահազանգել է հանձնաժողովի նախագահին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել կամ գրանցել փաստը: 19:44 

Մայիսի 5-ի ընտրությունները նշանավորվեցին նաեւ անվավեր քվեաթերթիկներով, որոնցում ընտրողներն իրենց բողոքն էին արտահայտել  ընտրակեղծարարների դեմ ` «Փող չտվիք՝ չընտրիմ», «թուրքեր», «Ռադ եղեք, ոնց մեզ եք անում», գարեգին Նժդեհ, բոլորին դեմ եմ», «Ընտրում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի պապային, բայց անունը չգիտեմ» եւ այլն (տես` http://hetq.am/arm/news/26258/anvaver-tchanachvats-qveatertikner-lusankarner.html)

8/09 քիչ Մի դատարկեք Երևանը». 8/09 ընտրատեղամասում առաջին քվեաթերթիկն անվավեր ճանաչվեց

Ընտրատեղամասում քիչ առաջ սկսվեց հաշվարկը: Առաջին քվեաթերթիկը, որ քվեատուփից հանեց հաձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանը, անվավեր էր: Դրա վրա գրված էր՝ «Մի դատարկեք Երևանը»:

 Ընտրակաշառք

 

12/37 ընտրատեղամասի մոտ ընտրակաշառք էին բաժանում. ՀՀԿ-ի ներկայացուցիչը չզլացավ և ցույց տվեց ստորագրություններով լեցուն ցուցակը: Ն. Խարբերդում տեղակայված 12/37 ընտրատեղամասի շրջակայքի մոտ «Հետք»-ի լրագրողին մի ծեր կին հայտնեց, որ ընտրատեղամաս տանող ճանապարհի վերևում ինչ-որ մարդիկ ցուցակները ձեռքերին ընտրակաշառք են բաժանում: Ինչպես պարզվեց արդեն տեղում, ընտրություն կատարելուց հետո քաղաքացիները ներկայանում էին, ստորագրում ինչ-որ ցուցակում, «+» ստանում, վերցնում իրենց հասանելիքն ու հեռանում: Ովքե՞ր էին «+»-ներ և ստորագրություններ հավաքող քաղաքացիները, ինչո՞ւ էին նրանք կանգնել ճանապարհի եզրին և ո՞ւմ էին ներկայացնում՝ տեսահոլովակը դիտելուց հետո: http://hetq.am/arm/news/26274/yntrakan-serial.html 

 Էրեբունու թիվ 178 դպրոցի նախասրահում՝ անմիջական հարևանությամբ տեղակայված 12/32 և 12/33 ընտրատեղամասում քվեարկող քաղաքացիները անակնկալի եկան ներս մտած մի կնոջ գոռոցից, որը բղավում էր նրանց հասցեին, ովքեր բոլորին փող էին բաժանել, սակայն չգիտես ինչու՝ իրեն բաժին չէին հանել: http://hetq.am/arm/articles/26325/pox-chtviq-chyntrim-erevancu-verabermunqy-yntrutyunnerin.html

ՀՅԴ «Թեժ գիծը» ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենում երկու օր առաջ քաղաքացու տուն են բերել Տարոն Մարգարյանի նախընտրական բուկլետը` մեջը 20 000 դրամի կտրոն, ըստ որի` վճարվել է քաղաքացու` համատիրությանը վճարվող վարձը: Քաղաքացին պետք է ընտրի 5/09 ընտրատեղամասում: Իսկ 3/19 տեղամասում Քանաքեռ-Զեյթուն/ 5 հոգի տարբեր ընտրատարածքներում փորձել են ապօրինաբար ընտրություն  կատարել, սակայն բռնվել են: Կազմվել է արձանագրություն (http://www.yerkir.am/am/news/49927.htm 17:26 - 05.05.2013):

Ճնշումներ կամ հարկադրանք

 

Այս պահին Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/26 ընտրատեղամասում հաշվում են քվեաթերթիկներըԸնտրատեղամասը փակվելուց հետո տեղամաս է մտել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Վլադիմիր Կոստանյանը և նստելով հանձնաժողովի նախագահի գլխավերևում՝ հորդորեց հաշվել քվեաթերթիկները: Նա ժամանակ առ ժամանակ դիտողություն էր անում հանձնաժողովի նախագահին, որ երբ տուփից հանում է ԲՀԿ-ի թերթիկը, բարձր ձայնով ասի ԲՀԿ
http://www.panorama.am/am/politics/2013/05/05/election11/#.UYammXC80-E.facebook

ԲՀԿ-ի թեկնածուն տեղամաս էր գնացել զինված

Քվեարկության ավարտից հետո ԲՀԿ-ի ավագանու թեկնածուներից մեկը՝ Ռուբեն Դադաշյանը, զինված գնացել է 4/07 ընտրատեղամաս։ Դժվար է ասել, թե որն է եղել թեկնածուի զինված տեղամաս գնալը, սակայն «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, զինված տեղամասային կենտրոն մուտք գործելու համար ժամը 20։30-ի սահմաններում Դադաշյանը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն http://www.pastinfo.am/hy/node/13539։

Քվեարկության սահմանված ընթացակարգի խախտում  

08/08 տեղամասում ավագանու անդամին ներս են թողել ժամը ութից հետո:

07/32 տեղամասում ժամը ութից հետո ՀՀԿ-ի վստահված անձնիք եկել են տեղամաս ներկա գտնվելու հաշվարկին, հանձնաժողովի նախագահը գրանցել է եւ թույլատրել ներկա գտնվել:

13/30 տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 19:50-ից մինչեւ այս պահը` 20:35 մի ոստիկանի հետ առանձնացել է մի սենյակում` քվեասրահին կից եւ դուրս չի գալիս, հանձնաժողովի մի քանի ադամներ ելումուտ են անում այդ սենյակ ու չեն սկսում քվեների հաշվարկը: Միաժամանակ հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս դիտորդներին եւ լրագրողներին մտնել այն առանձին սենյակը, որտեղ հանձնաժողովի նախագահն է եւ ոստիկանը, բացատրում են թե ոստիկանը ինչ-որ հետաքննությունէ  անում http://www.asparez.am/news-hy/yerevan-19-20/ 05 Մայիս, 2013 19:05    

Նկատենք, որ այստեղ է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը, ով հավաքում է ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները, բղավում է, գոռգոռում, բարձր ձայնով խոսում և հրահանգներ է տալիս հանձնաժողովի նախագահին: Իրավիճակը կարելի է գնահատել «անբռնազբոսիկ»: Երբ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկ են հանում, հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանը հայտարարում է՝ «Մունք»: Իսկ երբ քվաթերթիկների թիվը շատացավ, գեներալ Մանվելի օգնականը հանձնաժողովի նախագահին խոստացավ 400 դոլարանոց օծանելիք: Մինդեռ Նարինե Շահբազյանը առարկեց, և ցույց տալով իր հեռախոսն՝ ասաց, որ իրենը հին է, iPhone է ուզում (http://www.haynews.am/hy/1367776383):

Բերման ենթարկելու դեպքեր

«Այսօր ուղեւորներին սպասարկելու փոխարեն՝  6/01 եւ 6/02 ընտրատեղամասերի մոտ թիվ 52  եւ 74 երթուղայինները ընտրողների էին բերում: Aravot.am-ը լուսանկարեց կայանած երթուղայինները: Նրանցից մեկում մի խումբ երիտասարդներ էին, որոնք տեսնելով, որ նկարում եմ, սկսեցին հարցուփորձ անել, թե՝ ինչու եմ նկարում: Երբ բացատրեցինք, որ ընտրատեղամասի մոտ են երթուղայինները, նրանք հորդորեցին չնկարել: Վրա հասան խոշոր կազմվածք ունեցող մի քանի տղաներ նույնպես ու սկսեցին գոռգոռալ, թե՝ «

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter