HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Եթե հեքիաթային իրականության մեջ ապրեինք, հեքիաթի կարիք չէր լինի». Արմինե Անդա

2011 թ. Արմինե Անդայի (Աբրահամյանի) հետ հանդիպում եմ Կոմիտասի փողոցում եւ վերցնում դեռեւս գրքի չվերածված, հեղինակային պատկերազարդմամբ հեքիաթ-վեպը՝ «Անկիմյուրի բնակիչները»:

«Նա ուներ այնքան երկար թարթիչներ, որ երկրի բոլոր պատուհաններից դրանք երևում էին... »,- այսպիսին է Անկիմյուրի բնակիչ Մյուսետը:

Այս հեքիաթ-վեպն ամբողջությամբ տեղափոխում է ընթերոցողին մի աշխարհ, որի երեւակայականի եւ իրականի հատման կետը դժվար է գտնել նույնիսկ այն պարագայում, երբ զրուցում ես հեղինակի հետ:

Նիմբլյումների, պերիսետների, կոլոսների ու անտագոնիստ թփաների այս աշխարհում ամեն բան միաժամանակ հեքիաթային կերպով եւ հակառակ երեսից՝ իրականությանը շատ մոտ, բացահայտումների ու մարդկային կարեւոր հատկանիշների մասին է:

Այս յուրօրինակ հեքիաթ-վեպը 2011թ.-ին դարձավ «Օրանժ գրքի մրցանակ» գրական մրցույթի հաղթող ստեղծագործությունը հեքիաթի ժանրում, իսկ այսօր արդեն այն ընթերցողին հասանելի է տպագիր տարբերակով:

Արմինե, դեռ երկու տարի առաջ եմ կարդացել «Անկիմյուրի բնակիչները», եւ շատ բան թարմ է հիշողությանս մեջ: Մի հատվածում գրում ես՝ «եթե մեկը չի կարողանում տեսականորեն մտածել, պետք է գործնականորեն գործի»: Այդ ինչպե՞ս:

Սրտի թելադրանքով: Ռույաս լիճն այդպես էլ անում է. ուղղակի ծիծաղում է, ծիծաղում, ծիծաղից փոքրանում եւ փրկում իր ջրերում խեղդվող բլյումբլյումներին՝ առանց «տեսականորեն մտածելու»: Թե չէ մտածելով այդպիսի լուծում չես գտնի:

Գրքում կան մտածողներ նույնպես, բայց նաև նրանք, ովքեր սրտի թելադրանքով են գործում՝ առասպելի, լեգենդի, հեքիաթի հերոսի սրտով:

Ինքդ ընթերցողին ներկայացնում ես Անկիմյուր երկիր-քաղաքի քարտեզը: Քարտեզագրո՞ւմ ես երեւակայությունը:

Երեւակայությունը եզր չունի: Եվ նույնիսկ Անկիմյուրի քարտեզն ու գիրքը միասին դա են ապացուցում. Անկիմյուրում մի օր երկիր են հայտնաբերում, որն այնքան փոքր է, որ չի երեւում, եւ բնակիչներն իրենց աշխարհում այդ նոր աշխարհը մի օր գտնում, մի օր կորցնում են:

Էլ չեմ ասում Անկիմյուրի երկնքի մասին, որը միաժամանկ առանձին եւ Անկիմյուրի հետ միասնական աշխարհ է:Այնպես որ, ամեն ինչ չէ, որ կարող է երեւալ քարտեզների վրա. Անկիմյուրի քարտեզի վրա էլ այդպես է:

Ինչո՞ւ հենց այս ժանրով որոշեցիր գրել, ի՞նչը դրդեց, ինչպիսի՞ ընթացք ստացավ գիրը:

Շատ արագ եմ գրել, հերոսները շատ էին, ու ես ոչ մեկին չէի ուզում նեղացնել, պետք էր բոլորին արագ անդրադառնալ՝ նույնիսկ թփաներին, որ այդ ընթացքում չհասցնեին պատերազմ հայտարարել Անկիմյուրին և ինձ, թե չէ պատերազմը թփաների սիրած գործն է. այսօր էլ է այդպես:

Մտապատկերումդ թփաների իրական հիմքը գոյություն ունե՞ր:

Որոշ հերոսներ իրական հիմքեր ունեն, որոշ հերոսներ էլ ինձ համար բացարձակ հայտնագործություն էին:

Այդ դեպքում Անկիմյուրի աշխարհն այս աշխարհի հետ ի՞նչ կապ ունի:

Եվ ունի, եւ չունի: Ավելի ճիշտ՝ չունի եւ ունի:

Իսկ թե ինչով և ինչքանով է կապը, կարծում եմ՝ ամեն կարդացող ինքը կորոշի: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ամեն մարդու եւ երեխայի կապերն աշխարհի հետ, որտեղ նա ապրում է, իրականում տարբեր են, ինչ-որ տեղ դա է պատճառը, որ ֆենթզի (fantasy) ժանրի ստեղծագործությունները մեծ հանրաճանաչություն ունեն աշխարհում:

Այնտեղ երեխաները շատ են հեքիաթային վեպեր կարդում, ֆիլմեր դիտում, որովհետեւ այդ աշխարհների միջոցով իրենց կապերն են գնահատում, նաև հասկանում երազանքները:

Իսկ «Անկիմյուրն» այստեղ է գրված՝ այս տարածության մեջ, եւ երազանք է, որ առաջինն այստեղի երեխաները կարդան՝ իրենց աշխարհում գրված հեքիաթային աշխարհի մասին:

Անկիմյուրի բնակիչ Մյուսետը Անկիմյուրի քարտեզը

Անդրադառնանք հորինվածքին: Յուրաքանչյուր գաղափարի նյութականացումը եւ բազմաթիվ տեխնոլոգիական նվաճումները արդյոք հե՞տ չեն մղում երեւակայական պատկերի, տեքստի կարեւորությունը:

Ես շատ սուբյեկտիվ եմ այս առումով: Ինձ համար հորինվածքն իրականության մաս է, քանի որ մարդն է հորինել, որը իրականության մաս է նույնպես... Ուղղակի դա իրականության անտեսանելի մասն է, ինչպես այն երկիրը, որը անկիմյուրցիները անընդհատ գտնում ու կորցնում են:

Եթե ավելի հետ գնանք, կտեսնենք, որ հորինվածքի ու իրականության միջեւ այդքան ուժեղ սահմաններ չեն դրել, եւ արդյունքում ստեղծվել են առասպելներ, էպոսներ, լեգենդներ, իսկ հիմա մարդիկ հորինվածքից վախենում են. ես դա երբեք չեմ հասկացել, չէ՞ որ դու հորինում ես, որովհետև ավելի կատարյալին ես ձգտում: Այլապես ինչպե՞ս ճանաչես այդ կատարյալը:

Հորինելով երբեմն ավելի շատ ես ճանաչում իրականությունը, եւ դա է գաղտնիքը, որի ապացույցը արվեստի գոյությունն է:

Այսօրվա հորինվածքը հեքիաթի պես միայն դրական վերջաբանով չի ավարտվում: Ուրեմն ինչ-որ տեղ, եթե դիտարկենք հեքիաթի տեսնակյունից, մի բան խարխլվե՞լ է:

Բոլոր հեքիաթները չէ, որ դրական վերջաբան են ունեցել, և հետո՝ դրական, թե բացասական, հարաբերական է: Եվ դրանում չէ բանը, որովհետեւ երկու տեսանկյունից էլ պատմվում են աշխարհի ճշմարտությունները՝ ուրիշ օրենքներով: Այսօր մենք դրա կարիքը շատ ու շատ ունենք:

Եթե մենք հեքիաթային իրականության մեջ ապրեինք, հեքիաթի կարիք չէր լինի, եւ պատճառը, որ երեխաներն ու դեռահասներն այսօր այդքան կարիք ունեն ֆենթզի ժանրի, հենց դա է իմ կարծիքով, որովհետև մենք անհնար պրագմատիկ իրականության մեջ ենք ապրում:

Երեխաներն ավելի իմաստուն են. անկախ իրենցից հավասարակշռություն են փնտրում, եւ ֆենթզի ժանրի լավագույն գրքերն էլ են այդ հավասարակշռությունը փնտրում:

Ես երեխաների իմաստությանը վստահում են (իհարկե, մեծահասակներն ամեն ինչ անում են նրանց խանգարելու համար):

Եվ որպես վերջաբան այս հարցի ասեմ, որ ես Անկիմյուրի բնակիչներին էլ  անսահմանորեն վստահում եմ ավելի, քան ինքս ինձ: Միշտ ափսոսում եմ, որ իրենց չափ իմաստուն չեմ:

Այսինքն՝ համոզվա՞ծ ես, որ երեխաների երեւակայական աշխարհի անարգել կերպով զարգացումը մի օր երեւակայությունն իրականություն կդարձնի:

Իմ կարծիքով, եթե երեխան կարիք ունի որոշակի տիպի ինֆորմացիայի, մեծահասակների պարտականությունն է օգնել նրան գտնել դրա լավագույն նմուշները՝ լինի գիրք, ֆիլմ, մուլտֆիլմ, թե որևէ այլ բան: Եթե նա մենակ մնա իր որոնումների մեջ, իհարկե, մի օր կգտնի, մի օր կսխալվի, բայց նույնիսկ այդ պարագայում կարող ենք հանգիստ ասել, որ բոլորս էլ սխալվելով ենք գտնում այն, ինչ փնտրում ենք:

Հ.Գ. Լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է Արմինե Անդային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter