HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը

Հայաստանի մշակույթի նախարարությունը ոչնչացրեց պատմական հուշարձանը

Գառնիի կիրճում եմ եւ կամրջի շուրջը երկար պտտվելով փորձում եմ ընդհանրություն գտնել նախկին՝ կիրճին առանձնակի հմայք հաղորդող միջնադարյան կամրջի եւ ներկայիս հարթեցված հատակով ու տուֆաշեն բազրիքով եզերված շինության միջեւ: Նմանություն չտեսա. անցյալի մասին հիշեցնում էր միայն ներքեւից հոսող գետը, որը նախկինի պես վարարած չէր: Կիրճի այդ հատվածն ամենատպավորիչն էր դեպի երկինք ձգվող «Քարե սիմֆոնիան»` իր շլացնող  գեղեցկությամբ, իսկ ներքեւում` Ազատ գետը, որի երկու ափերն իրար էր միացնում գողտրիկ, տարվա այս եղանակին թավշյա կանաչով պատված կամուրջը:

Շատ վաղուց ոչ ոք ոտք չէր դնում կամրջին. ոչ այն պատճառով, որ վթարային վիճակում էր, հետեւաբար՝ անհուսալի, այլ վայրի բնության հետ անքակտելիորեն միահյուսված գեղեցիկությունը ոտնակոխ անելը մեղք էր թվում: Ոչ միայն զբոսաշրջիկները, տեղացիները նույնպես կամրջին վերաբերվում էին որպես անցյալից մնացած մասունքի, որին գյուղի մի քանի դարերի պատմություն էր շաղկապված: Հիշողությանս մեջ տատիս պատմությունն է իր բառերով՝ «առուփախի» տարիների մասին, որը մանկահասակ երեխաներիս ականջին հեքիաթի նման էր հնչում:

Գառնիի ամենատարեց բնակիչը՝ 95-ամյա Զորիկ Հակոբջանյանը, որոշ պատառիկներ պահպանել է այդ պատմությունից: «1921թ.-ին, երբ Հայաստանը խորհրդայնացավ, դաշնակցականներն առանց պատերազմի երկիրը հանձնեցին բոլշեւիկներին՝ պայմանով, որ դաշնակցական գործիչներին ձեռք չեն տա, սակայն բոլշեւիկներն ուխտադրուժ եղան եւ երկիր մտնելուն պես սկսեցին բանտարկել նրանց: Իմ հորեղբորն էլ այդ ժամանակ բանտարկեցին (նկատի ունի գառնեցի խմբապետ Մակեդոնին, ում կացնահարում են Երեւանի բանտում-Ս.Պ.): Մյուս դաշնակցական գործիչները, լինելով իրենց ընկերների կալանավորման ականատեսները, նորից սկսեցին ժողովրդի մեջ քարոզչություն անել, որ սրանք դաժան մարդիկ են եւ գրոհեցին Երեւանի վրա, սակայն բոլշեւիկներն արդեն բանտում գտնվող դաշնակցական գործիչներից շատերին կացնահարել էին: Այդ ժամանակ ժողովրդի մոտ խուճապ է սկսվում: Դաշնակցական գործիչներն ասում են՝ մի՛ փախեք, ձեզ ոչինչ չեն անի, սակայն  ժողովուրդը, կացնահարված դիակները տեսնելով, խուճապի մեջ է լինում եւ բռնում է գաղթի ճանապարհը»,- վերհիշում է Զորիկ պապը:

Նորահաս արհավիրքին զոհ չգնալու համար գառնեցիներն անցնում են կամուրջը, նրանց մի մասը պատսպարվում է գետի ձախ ափին գտնվող եկեղեցիների շրջակայքում, իսկ մյուս մասն անցնում է պարսկական սահմանը եւ բնակություն հաստատում այնտեղ:

Սա կամրջի հետ կապվող թերեւս վերջին հիշարժան պատմությունն է, որը պահպանվել է տեղացիների հիշողություններում, եւ որքան էլ դառը լինեն այդ հի­շո­ղութ­յուն­ները, այնուամենայնիվ, թանկ են, որովհետեւ դրանից հետո կամուրջը դառնում է գառ­նեցիների կենսագրության անցյալի ու ներկայի ջրբաժանը:  Դաշնակցական գոր­ծիչ­նե­րով հայտնի Գառնիի համար 1921 թ.-ը նոր պատմության սկիզբ է դառնում. գյուղում կյանքը շարունակվում է զգալի թվով լքված տներով, երկփեղկված ընտանիքներով, որոնցից որոշներն այդպես էլ չտեսան իրար: Բազմաթիվ ընտանիքների, նույնիսկ գերդաստանների համար այդ օրից կամուրջը դառնում է հայրենքի հետ սահմանը: 

Զորիկ Հակոբջանյանն ասում է, որ 11-13-րդ դար թվագրվող կամուրջը կառուցվել է գետի մյուս ափին գտնվող եկեղեցիների ու Հավուց Թառ վանական համալիր այցելելու համար, եւ այդ նպատակին ծառայեցվել է մինչեւ անցյալ դարի 70-ական թվականները, երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը Գառնի գյուղի ջուրը Երեւան մղելու հարց է բարձրացրել: Ինքն այն ժամանակ շինարարարական աշխատանքներն էր ղեկա­վա­րում, այդ նպատակով ձորում նոր ճանապարհ հիմնեցին ու նոր կամուրջ կա­ռու­ցե­ցին, որն արդեն լավ ճանապարհ էր, եւ մարդիկ այդտեղով էին եկեղեցի գնում-գալիս: Միջ­նադարյան կամուրջը 70-ականներից այլեւս չէր օգտագործվում հետիոտնի համար:

Փաստորեն, 70-ական թվականներից այս կամուրջն արդեն անցյալին կապող պատմություն էր, որից երբեմնի օգտվելու մասին գրքերից պետք է իմանայինք: Սակայն այս արտառոց «ստեղծագործական» մոտեցման արդյունքում, որն անվանեցին վերականգնում, այն ոչ միայն կորցրեց իր պատմական արժեքը, այլեւ ջնջեց անցյալի հիշողությունները: Գառնիի միջնադարյան կամուրջի վերականգնման առաջին փուլի աշխատանքներին ծանոթանալուց հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակույթի հարցերով կցորդ Շոն Օ Հարան հայտնել էր, որ այս հուշարձանը կամուրջ է Հայաստանի անցյալ ու ապագայի միջեւ:  «800 տարի գոյություն ունեցող հուշարձանը, կարծում եմ առնվազն 800 տարի էլ կանգուն կլինի»։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ իրենց բարի նախաձեռնությունը ճիշտ հակառակ արդյունքը պետք է տար. այս տեսքով կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը: Սա բոլորովին նոր կառույց է, որն ընդհանրություն չունի անցյալի հետ եւ ներդաշնակ չէ իր միջավայրին՝ շրջապատող ժայռերին, «Քարե սիմֆոնիային»:

Չեմ կարծում, որ այն տեսքով, ինչպիսին կա այսօր կամուրջը՝ «ասֆալտած» ճանապարհով, օլիգարխների առաձնատներին բնորոշ պարիսպներով, կհետաքրքրեր ԱՄՆ դեսպանատանը, որպեսզի արժեւորեին ու ֆինանսավորեին նրա պահպանումը: Ավելին, այդ տեսքով այն հազիվ թե հետաքրքրեր մշակույթի նախարարին, որպեսզի մտածեր նրա վերականգնման ու պահպանման մասին:

Արված աշխատանքը ոչ թե վերականգնում պետք է համարել, այլ վերակառուցում: Զամանալի չէ, որ շարունակաբար խոսվում է շինարարությունն ավարտելու կամ «շահագործման հանձնելու» մասին: Ողջ թյուրըմբռնումը գալիս է այստեղից, որովհետեւ կամուրջն իր նշանակությամբ պատմական հուշարձան է եւ նրանով պետք է զբաղվեին վերականգնողները (restauration) եւ ոչ թե` շինարարները: Շահագործելու խնդիր չկա եւ չի կարող լինել, քանի որ կամրջի մյուս ծայրին տեղադրված ցուցանակն անգամ զգուշացնում է՝ «Խոսրովի արգելոց մուտքն ագելվում է»: Նախագծողների բերած պատճառաբանությունները, որ այն եղել է սայլի ճանապարհ, այդ պատճառով են լայնացրել կամուրջը, իրականությանը մոտ չեն, քանի որ կամուրջն ավարտվում է եւ սկսվում է հսկայական ժայռով զառիվերը, որտեղ հետիոտնի ճանապարհն ուրվագծված է արդեն մի քանի դար: Մասնագետներից մեկը, անդրադառնալով այս հարցին, հայտնել էր, որ վերականգնողները պետք է ուշադրություն դարձնեին, թե որն էր նրա նշանակությունը: Դա հաստատապես երթեւեկությանը ծառայեցնելը չէր, նույնիսկ եկեղեցիներ այցելելը չէր (դրա համար վաղուց այլ ճանապարհ կա), բացի այդ, գետի մյուս ափն արգելոց է, որտեղ մուտք չկա նաեւ հետիոտնի համար:

Ըստ ԱՄՆ դեսպանատան հետ կնքված հուշագրի, կամրջի վերականգնման աշխատանքները նախատեսվում էր ավարտել անցյալ տարվա նոյեմբերին, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունը պայմանագիրը երկարաձգեց եւս մեկ տարով: «Աշխատանքների կատարման 2-րդ փուլում ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա կամրջի նիշերի փոփոխության հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նաեւ կամրջի եզրապատերի նկարվածքը»,- երկարաձգումն այսպես է հիմնավորում նախարարությունը: Պատճառը, կարծում ենք, կամրջի ձախողված վերականգնումն էր, որը հանրությունը, ինչպես նաեւ մասնագիտական շրջանակը ցավով ընդունեց: Մեծ աղմուկ հանած այս պատմությունը շտկելու նպատակով նախարարությունն սկզբում արդարացումներ որոնեց, ապա հարկադրված եղավ բացատրություններ փնտրել կատարվածի համար, ի վերջո երկարաձգեց ժամկետը: Սակայն բոլորն էլ գիտեն, որ ըստ էության հնարավոր չէ վերականգնել կամրջի իրական տեսքը եւ պետք է փաստել, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը ոչնչացրեց պատմական հուշարձանը: 

Սրտացավ մարդկանց ըմբոստությունը միայն նրա համար է, որ վերականգնելու անվան տակ նույն բնաջնջումը մյուս հուշարձաններին չսպառնա: Գառնիի միջ­նա­դար­յան­ կամրջի «վերականգնման» օրինակն աչքի առջեւ ունենալով` մշակույթի նա­խա­րա­րութ­յանը պետք է արգելվի վերականգնողական աշխատանքներ իրականացնել, եթե չենք ուզում կորցնել մեր երկրի միակ հարստությունը՝ պատմական հուշարձանները:

Մեկնաբանություններ (9)

Վ. Առաքելյան
Որսագողերի համար լայն ճանապարհ: Իշխանության են եկել բարձրագույնը փողով ավարտած տգետ որսագողերը, թալանչիները: Զարմանում եմ, որ շատերը կարծում են թե ԱՄՆ-ի կառավարիչները այլ բան են ցանկանում:
Գեւորգ
Շատ - շատ վրդովեցուցիչ է: Ինքս ինձ հարց եմ տալիս - լավ այս մեկն ինչու? Եթե սարերն ու անտառներն ավերում, այլանդակում են ագահությունից, ապա այստեղ ինչ շարժառիթ է գործել? Հավանաբար մի քաշով ղեկավար իր փայտյա գլխով ցուցում է տվել թե - գյադեք ըսենց սարքեք որ սիրուն ըլնի, գյադեքին էլ ինչ ճարտարապետ - մարտարապետ, աղեն ըսենց է ասել! Քաջ նազարը բա ինչի համար է գրվել! Մարդակապիկների ենք վերածվել ...
Hayk
shatel lav u anvtang kamurd e ,hin@ barder ezrer chuner .zamanakin nor el kmamurapatvi u aveli sirun llini.
Hayk - ին
Հոդվածն էլ հենց այդ է ասում - էդ սարքողը քո խելքին է եղել...
Hayk
VORN E HIN KAMRDI HMAYQ@. INCHU MOTIKICH CEQ NKARE AYD HMAYQ@ ,ICU EQ QDI MAZI PES AMEN INCH@ QNNQDADUM QNQDATELU HAMAR
Lիզա
բնականաբար կամուրջը չքնաղ է իր հնության մեջ, եթե ամրացման, վերանորոգման խնդիր կար, կարող էին դա անել` առանց արտաքին տեսքին դիպչելու......իսկ սա այլանդակություն է: Մասնագետ չեմ, բայց տեսնում եմ, որ հին շինության հետքն անգամ չի մնացել, ինչն անթուլատրելի է, նույնն է թե մեր միջնադարյան եկեղեցիները նոր նյութերով սալիկապատեն` «էլիտար» տեսք հաղորդելով
դիտորդ
Ունեինք միջնադարյան հուշարձան, որը դարձավ ժամանակակից, բոլորովին անիմաստ մի շինություն՝ չոլի մեջ կանգնած, մի ,,ամենագետ,, կնգա կարճ խելքով: Ճիշտ նման մի բան էլ Ղարբաղում արվեց՝ Գանձասարի վանքի պատի հետ: Մարդիկ բացատրեցին, գոռացին, աղաչեցին բայց լսող, դաս առնողն ով եղավ? Փողատեր ինքնահավաններն իրենց էշը քշեցին ու հա կքշեն, քանի դեռ նման էշ-խանական հարաբերությունների փուլում ենք գտնվում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բացարձակ խայտառակություն: Պիտի անել հետևյալը. ա) քրեական գործ սկսել բոլոր պատասխանատուների դեմ` Հայաստանի մշակույթային ժառանգությունը (կամա թե ակամա) վերացնելու համար, և/կամ բ)քաղաքացիական հայց/գործ սկսել բոլոր պատասխանատուների դեմ` պայմանագրի ոչ ճիշտ կատարման համար (breach of contract) ու ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ պահանջել,որը պիտի լինի նույն ձորում ՆՈՒՅՆ/հին կամրջի պես կամրջի կառուցում:........................ՀԳ-1. Ինչքան լավ կլիներ Հայի ճակատագիրը առանց էդ դաշնակների:........................ՀԳ-2. ԱՄԵՆ (թեկուզ չնչին) հարցով դիմեք դատարան-ամենուրեք.աջ ու ձախ: Թող այնքան գործ լինի դատարաններում,որ (կառավարության կցորդ) դատարանները շատությունից գլուխները կորցնեն ու չիմանան ինչ անեն: Միայն այսպես կհաղթեք օլիգարխային կլանին:
drizzlebrain
Էդ էր, Էդ էր, թող չավիրեին հին պատմա-մշակութային հուշարձանը, այլ դրանից ոչ հեռու կառուցեին իրենց ավելի ժամանակակից, սալիկապատ, բետոնապատ կամուրջը: Ինչու անպայման պետք էր ավիրել հինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter