HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կանայք ֆեյսբուքում տարիքը չեն նշում, բայց ԿԸՀ-ն լրացնում է այդ «բացը». Ս. Մարտիրոսյան

«Զարմանալի է՝ միշտ սպասում ես, որ ապրիլի 24-ին և մոտակա օրերին կլինի հարձակում հայկական կայքերի վրա, սակայն այնպես է պատահում, որ ոչինչ տեղի չի ունենում, ինչպես, օրինակ, այս տարի», -այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Սակայն, ըստ նրա, դա էլ իր հերթին մտահոգվելու առիթ է քանի որ միգուցե մեկ ուրիշ՝ էլ ավելի վատ բանի են նախապատրաստվում, օրինակ, տվյալների արտահոսքի, որը ժամանակ առ ժամանակ լինում է. կա հայկական էլեկտրոնային փոստի ծառայություն, որը կոտրվում է, և նամակագրությունը բաց տեղադրվում է ինտերնետում: ՏՏ մասնագետի դիտարկմամբ անձնական տվյալների նմանօրինակ հրապարակայնացումն ավելի տխուր երևույթ է, քան հարյուրավոր անհայտ կայքերի կոտրումը, որոնցից կեսն ինչ-որ ռաբիզ երգիչների կայքեր են, և որոնց կոտրումը, բացի հոգեբանականից, այլ վնաս չի տալիս:

Ըստ բանախոսի, Հայաստանում անձնական տվյալների պահպանման և պաշտպանության մշակույթը դեռևս չկա, և վառ օրինակը ԿԸՀ-ի կայքն է, որտեղ տեղադրված է բոլորիս ծննդյան օրը, գրանցման հասցեն և այլ տեղեկություններ:

«Կա անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, բայց մյուս կողմից էլ կա ընտրական օրենսգիրք, որը պահանջում է, որպեսզի այդ տվյալները բաց լինեն: Միշտ այդ օրինակն եմ բերում, երբ կանայք ֆեյսբուքում չեն նշում իրենց ծննդյան թիվը, բայց ԿԸՀ-ն լրիվ հնարավորությունները տալիս է դա պարզելու»,- կես կատակ-կես լուրջ ասաց Ս. Մարտիրոսյանը և բերեց մեկ օրինակ ևս, երբ փոստերում կոմունալ վճարումների բաժնից կարող ենք իմանալ գրեթե յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու մասին որոշակի ինֆորմացիա՝ որքան պարտք ունի ջրի, գազի, հոսանքի և այլ ծառայությունների դիմաց: Նույն սկզբունքով կարելի է բանկերից իմանալ, թե տվյալ մարդն ինչ ապրանք է ապառիկ վերցրել, որքան է վճարել դրա համար և որքան է դեռ մնացել  վճարելու: Այս ամենը անձնական տվյալներ են, որոնք, հրապարակային են դարձվում անկախ մեր կամքից, սակայն, ըստ Ս. Մարտիրոսյանի, գրեթե ոչ ոքի մտքով չի անցնում, որ ԿԸՀ-ն, փոստը, կամ բանկերը իրավունք չունեն դա անել:

Խոսելով ադրբեջանական կողմի հակերային հարձակումներին պատասխանելու մասին` ՏՏ մասնագետը կարծիք հայտնեց, որ «ընկնել ադրբեջանական բաղերը» և ամեն մի հարձակմանը պատասխանելը, այն էլ սիմետրիկ կերպով, սխալ է: «Իրենք կարծես թե նպատակ են դրել ուղղակի մեծ քանակությամբ կայքեր կոտրել, օրինակ` կոտրել էին քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնությամբ զբաղվող մի կայք: Ժամանակին կար մի հայ հակեր, որը կոտրում էր Բաքվի դպրոցների կայքերը: Ինչ-որ մեծ հերոսություն չեմ տեսնում այդտեղ»,- նշեց Ս. Մարտիրոսյանը և ավելցարեց, որ այդպիսի գործողություններ էլ են երբեմն անհրաժեշտ անել, որպեսզի մեր հայրենակիցները չհամարեն, թե մենք պարտվում ենք այս դաշտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter