HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է

Սկսած 2003թ.-ից՝ հողերի առուվաճառքի գործարքների թվի աճով Արմավիրի մարզը հանրապետությունում առաջին տեղն է զբաղեցնում: Այդ «բիզնեսը» պատկանում է մեծահարուստներին, պաշտոնյաներին, որոնք հեկտարներով հողեր ունեն մարզում եւ գնալով ընդլայնում են տարածքները: Գյուղացիները, հողը վաճառելով մեծահարուստներին, հենց այդ հողերում բանվորություն են անում, որ ընտանիք պահեն:

Հողերի առուվաճառքի բուռն մեկնարկը տրվեց Արմավիրի նախկին մարզպետ, ներկայում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ալբերտ Հերոյանի պաշտոնավարման ժամանակ: Մարզպետը նույնպես խոշոր հողատեր էր մարզում: Հետագայում հողերի մի մասը վաճառել է կամ իր մերձավորների անուններով է դարձրել: Ալբերտ Հերոյանի հողակտորների վրա հիմնականում խաղողի այգիներ են: Նա համարվում է Հովիկ Աբրահամյանի մտերիմ ընկերը` դրանից բխող բոլոր «հետեւանքներով»:

Ալբերտ Հերոյանի հողատարածքներին առաջիկայում դեռ կանդրադառնանք:

Հողերի առուվաճառքն ավելի աշխույժ է հատկապես Արմավիրի եւ Բաղրամյանի տարածաշրջանում: Այստեղ գյուղերն անմխիթար վիճակում են, եւ գյուղացիները ոչ միայն տարրական կենցաղային պայմաններ չունեն, այլեւ ի վիճակի չեն հող մշակել, ինչից էլ օգտվում են պաշտոնյաները եւ ցածր գներով գնում նրանց հողակտորները:

Տալվորիկ համայնքի խնդիրներին «Հետքն» անդրադարձել էր դեռեւս նախորդ տարվա աշնանը:

Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանն ասաց, որ չի հիշում, որ իրենց համայնքում հող ունեցող մեծահարուստները կամ պաշտոնյաները գյուղի համար ներդրում անեն, մի ծրագիր իրականացնեն: Թեեւ խնդիրները շատ են, սակայն համայնքապետն էլ նրանց խնդրանքով չի դիմում, ասում է՝ չի ուզում կախվածության մեջ ընկնել նրանցից:

«Դեմ չեմ լինի, եթե իրենք ներդրումներ անեն գյուղում, բայց ես չեմ դիմի նրանց: Բոլորն էլ լավ մարդիկ են, բայց ինձ թույլ չեմ տվել մոտենալ խնդրել, որ ինչ-որ հարցով օգնեն: Միգուցե դիմեմ, օգնեն»,- նշեց համայնքապետը:

Գյուղ կատարած այցելության ժամանակ Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանին փոխանցեցինք հարցում` խնդրելով տրամադրել համայնքի խոշոր հողատերերի ցանկը: Նա ասաց, որ տեղում քարտուղարի օգնությամբ ձեռագիր տեղեկանք կկազմի, քանի որ չի հասցնի 5-օրյա ժամկետում պատասխանել. նամակներ գյուղ գալիս եւ գնում են գրեթե ամիսը մեկ անգամ:

Կ. Սաղաթելյանի ասելով` իրենց համայնքում հողերի գնումները սկսվեցին 2000թ.-ից` 1 հա-ը 500 դոլար արժեքով, իսկ հիմա մեկ հեկտարի արժեքը 2800-3000 դոլար է: Համայնքապետը նշեց, որ արդեն երրորդ տարին է՝ գյուղում անշարժ գույքի գործարքներ չեն լինում: «Միգուցե ճգնաժամն է պատճառը»,- ասաց Կ. Սաղաթելյանը:

Թե ինչու են պաշտոնյաները նախընտրում հենց Բաղրամյանի տարածաշրջանի հողերը հարցին ի պատասխան՝ Տալվորիկի համայնքապետը նշում է՝ հողակտորների մեծ լինելը: Ըստ նրա` Արարատյան դաշտավայրում հնարավոր չէ խոշոր հողակտորներ ձեռք բերել, իսկ Արարատի եւ Մասիսի տարածքներում հողերի մեծ մասն աղակալած է, այդ իսկ պատճառով մեծահարուստները նախընտրում են Արմավիրի մարզի այդ հատվածը:

«Առաջին հերթին շնորհակալ եմ նրանց, ովքեր հողեր են գնել մեր համայնքում, քանի որ մինչեւ 2000թ. համայնքում 70-90 տոկոսով հողերը չեն մշակվել թե՛ ոռոգման ջրի բացակայության, թե՛ սոցիալական այլ պատճառներով: Հիմա մարդիկ այդ հողերում աշխատում եւ ընտանիք են պահում»,- ավելացրեց Կիրակոս Սաղաթելյանը:

Ովքե՞ր են Տալվորիկի խոշոր հողատերերը

Ըստ համայնքապետի տված տեղեկանքի` Տալվորիկի խոշոր հողատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը: Նա ունի 242 հա հողակտոր, որի մի մասը խաղողի այգի է, իսկ մյուս մասը` ծիրանի, դեղձի, սալորի այգիներ:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Քոչարյանների ընտանիքից միայն Սեդրակ Քոչարյանը հողակտոր ունի Արմավիրի մարզում:

«Արմավիրի մարզի նախկին Բաղրամյանի շրջանում որպես սեփականություն, իրոք, Սեդրակ Քոչարյանին պատկանում է շուրջ 260 հա հողատարածք, որը ձեռք է բերվել երկրորդական շուկայից 2008թ. աշնանը: Այն գնվել է մասնավոր անձից այդ պահի շուկայական գնով: Ձեռք բերված հողատարածքն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Մինչ 2008թ. աշունը չմշակվող այդ տարածքի մի մասում հիմնվել է պտղատու այգի, աճեցվում է խաղող»,- ասում է Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն քաջալերել է ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` Արմավիրի մարզի Բաղրամյանի նախկին շրջանում, որտեղ գյուղատնտեսությունը թերզարգացած էր, եւ մեծ քանակությամբ հողատարածքներ տարիներ շարունակ չեն մշակվել:

«Բազմաթիվ հայ գործարարներ, անսալով նախագահի հորդորներին, հողակտորներ են ձեռք բերել այդ շրջանում եւ տնտեսություններ հիմնել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Կիրակոս Սաղաթելյանն էլ նշեց, որ չգիտի, թե ինչ գնով է Սեդրակ Քոչարյանը ձեռք բերել հողակտորը, սակայն իր հիշելով՝ այդ տարիներին, կախված հողակտորի մեծությունից, 1 հա-ի շուկայական արժեքը եղել է 700 հազար դրամից մինչեւ 3000 դոլար:

Տալվորիկցիները նշում էին, որ գյուղացիները հողը վաճառել են Սեդրակ Քոչարյանին, քանի որ ժամանակին այդ տարածքում ոռոգման ջուր չի եղել, եւ կառավարությունը հետաքրքրված չի եղել այդ խնդրով: Հողը գնելուց հետո Սեդրակ Քոչարյանն անցկացրել է ոռոգման համակարգ եւ ոռոգում է իր այգիները:

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի հողատարածքի մի մասն անմշակ է:

Ըստ համայնքապետի` գյուղում երկրորդ խոշոր հողատերը Իջեւանի գինու գործարանի եւ «Բաղրամյանի ալրաղաց գործարանի» սեփականատեր Էմին Եղիազարյանն է: Նա ունի 198 հա հողատարածք, որից 64 հա-ը խաղողի այգի է: Է. Եղիազարյանը տարածքը գնել է անհատներից:

Հաջորդը Նորիկ Պետրոսյանն է: Գյուղացիներն ասում են, որ նա ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ազգականն է: Ն. Պետրոսյանին է պատկանում 118 հա հողատարածք: Դրանից միայն 10 հա-ն է գնել մասնավորից, իսկ 108 հա-ը ձեռք է բերել աճուրդով` 1 հա-ը 582 հազար 500 դրամով:

Պատգամավոր, «ՄԱՊ» գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը եւս խոշոր հողատեր է Տալվորիկում: Նրան է պատկանում 102 հա հողատարածք, որից 98 հա-ը խաղողի այգիներ են, իսկ 4 հա-ը` նռան: Պատգամավորը հողատարածքը ձեռք է բերել մասնավոր անձից:

Մեկ այլ պատգամավոր` Գուրգեն Արսենյանը, նույնպես գյուղում խոշոր հողատերերից է: Նա ունի 84 հա հողատարածք, որից 8 հա-ի վրա առվույտ է ցանված:

«Եթեր» շաբաթաթերթի խմբագիր Գոռ Ղազարյանին է պատկանում 53 հա հողատարածք, որից 7 հա-ը ծիրանի այգի է: Նա 43 հա ձեռք է բերել աճուրդով` 1 հա-ը 33 հազար 500 դրամով, մյուս մասը` մասնավոր անձից:

Խոշոր հողատերերի ցանկում նշված է նաեւ Արտակ Սարգսյան անուն-ազգանունով մի քաղաքացի: Տալվորիկցիներն ասում են, որ նա ԱԺ պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանն է: Սակայն այս լուրը ճշտել չհաջողվեց: Արտակ Սարգսյանը հողակտորները ձեռք է բերել մասնավոր անձից` շուրջ 27 հա, որից 15 հա խաղողի այգի է:

Տալվորիկում այլ խոշոր հողատերեր էլ կան, որոնք հանրությանն այնքան էլ ծանոթ չեն:

Հողերի առուվաճառքի շուկան` ըստ տարիների

Հանրապետությունում 2005թ. համեմատությամբ 2006-ին հողերի առուվաճառքի գործարքների քանակական աճը կազմել է 40.2%: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակը աճել է 16.3%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` 62.3%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ` 5.2 անգամ: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 13083.77 հա, որից 13002.26 հա-ը գյուղատնտեսական նշանակության է:

2007-ին նախորդ տարվա համեմատությամբ հողերի առուվաճառքի գործարքների քանակական աճը կազմել է 26.3%: Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակն աճել է 18.8%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` 34.6%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ՝ նվազել 24.1%-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են դարձյալ Արմավիրի մարզում՝ 6194.23 հա, որից 6075.34 հա-ը գյուղատնտեսական նշանակության է:

2008թ. գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.8%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` 8.4%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ եւս նվազում է արձանագրվել` 5.7%-ով: Չնայած դրան՝ հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 6471.58 հա, որից 6344.53 հա-ը գյուղատնտեսական նշանակության է:

2010թ. հողերի առուվաճառքի գործարքների քանակը 2009թ. համեմատ աճել է 4.1%-ով: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4.8%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` 4.2%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ` 7.9%-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 2606.73 հա, որից 2524.87 հա-ը գյուղատնտեսական նշանակության է:

2011թ. հողերի առուվաճառքի գործարքների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 0.2%-ով: Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակն աճել է 8.0%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` նվազել 8.3%-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ` նվազել 25.7%-ով: Իսկ հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում` 2276.91 հա, որից 2213.65 հա-ը գյուղատնտեսական նշանակության է:

Նշենք, որ 2009թ. հողերի առուվաճառքի ամենամեծ ծավալները գրանցվել են Լոռու, իսկ 2012-ին` Արագածոտնի մարզում:

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ հողերի առուվաճառքի գործարքների թվով Արմավիրի մարզը նույնպես առաջատար է. 324.75 հա, որից 310.63 հա-ը` գյուղատնտեսական նշանակության:

Մեկնաբանություններ (4)

sam
ed qocharyani txun vortexits edqan pox vor haryuravor hektar hoxeri ter e dardzel
Aslan
Uremn,mi zarmacek azgakicners.cankacac avtoritar,anirav,ishxanutyun aydpes e irakanacnum ir kaxakautyuny hamapatasxan tarackum.Kani vor irenk orenky ev ishxanutyuny. Ete uzum ek irapes dzerbazatvel ayd ishxanutyunic,petk e gnal zohoxutyunneri.Mer joxovurdy,cavok srti,der chi uzum gnal nman kayleri.Uremn lav oreri hamar achek sireliners u....mi artagaxtek...
վառված գյուղացի
Այսինքն՝ դեպի տեր ու բատրակ - դժվար պիտի ստացվի: Մարդն իր հողը ծախելուց հետո սովորաբար թքում հեռանում է: Գյուղերում էլ սկզբից փոքր ֆերմերային տնտեսություններ ուզեցին ստեղծել: Մի քանի ճարպիկներ անասունների հիմնական գլխաքանակը հափ արեցին, սակայն տակից դուրս չեկան: Ազատ մարդիկ սոված նստեցին, գաղթեցին, բայց հարեւանի մոտ բատրակ չդարձան: Անասունների մեծ մասը կեղտի մեջ, առանձ կերի սատկեցին: Իսկ հակառակը կարող է լինել՝ ազգայնացում ու կուլակաթափ, այսինքն նորից արյուն ու կռիվ: Կարծում եմ շուտով սրան պիտի գանք - անկուշտ, անտաղանդ իշխանավորները, որպես օրենք, իրենց սարքած ցցի վրա են նստում անպայման:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ընդունեք թե չէ,այսօր Հայաստանում անժխտելի 2 ճշմարտություն կա. 1)Հայաստանում ԱՄԵՆ ՊԱՀԻ հեղափոխություն/հեղաշրջում/ապստամբություն կարող է պոռթկալ,որովհետև երկրում անկառավարելի,ՀՍԿԱՅԱԿԱՆ սոցիալական անարդարություն կա. այս (նեգատիվ) էներգիան ՊԻՏԻ մի օր դուրս ժայթքի; 2) Հայաստանը օլիգարխային/ ՀՀԿ-ԲՀԿ ճիրաաններից ազատագրելու ՄԻԱՅՆ ՄԵԿ խաղաղ-սահմավադրական միջոց կա. համախմբվել «Նոր Հայաստան»/«Բարև» շարժման շուրջ,տարածվել մարզերում ու աստիճանաբար մեծացնել/հզորացնել շարժումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter