HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ թրաֆիքինգի հարցերով բարձր մակարդակի հանդիպման նիստին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին: Հանդիպման նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

Նիստի ընթացում Ա.Գևորգյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները:

Այցի շրջանակում փոխվարչապետը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և մոնիտորինգի գրասենյակի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Լուիս Սիդեբակայի հետ:

Զրուցակիցները քննարկեցին թարֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության, Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը վերահաստատեց թրաֆիքինգի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը: Ա. Գևորգյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում կարևորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանը սերտորեն համագործակցում է ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) հետ:

Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ արդեն տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանը պայքարում է այդ երևույթի դեմ: Իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ստեղծվել է միջգերատեսչական համակարգ, մշակվել է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության ազգային ուղղորդման կարգը:

ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է նաև «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», որը մշակելիս հաշվի են առնվել նաև ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի և Հայաստանի կողմից ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ առաջին զեկույցի առաջարկները:

Արձանագրելով, որ կան տեսանելի արդյունքներ՝ փոխվարչապետը միաժամանակ նշեց, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված՝ հաշվի առնելով նաև թրաֆիքինգ երևույթի փոփոխական բնույթը և տարիների ընթացքում ի հայտ եկող նոր մարտահրավերները:

Լուիս Սիդեբական Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ համարեց՝ դրական գնահատելով երևույթի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքները և վերջին շրջանում տեսանալի առաջընթացը: Նա նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter