Էրեբունին` գիշերային լույսերի մեջ
Մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա թանգարանների մեծ ընտանիքին` նշելով Թանգարանների միջազգային օրը: Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով 1977թ. ի վեր մայիսի 18-ը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով:
2013թ. առաջարկվել է շեշտադրել, թե ինչպես է շարժական մշակութային հարստությունը նորարարության և ստեղծարարության շնորհիվ կենդանություն և աշխուժություն հաղորդում մեր թանգարաններին և դառնում նոր կենսական ուժ` նպաստելով հասարակության սոցիալական առաջընթացին:
Մայիսի 18-ին` ժամը 18:00-ից, «Էրեբունի» արգելոց-թանգարանը հատուկ ծրագրով կմիանա «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությանը` իր այցելուներին առաջարկելով «Հնագիտությանը հյուր», «Թատրոնին հյուր», «Կինոյին հյուր» և «Քաղաքը երգերում» միջոցառումների շարքը` «Բացահայտիր մայրաքաղաքի բնօրրանը գիշերային լույսերի մեջ» կարգախոսի ներքո:
Թանգարանների գիշերը Էրեբունիում կմեկնարկի հնագիտությանը նվիրված ուսուցողական դասով: Ապա, թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնելու պատիվը կվստահվի պատանի հնագետներին, ովքեր էքսկուրսիա կվարեն դպրոցահասակ այցելուների համար: Մշտական ցուցադրությունից զատ, ժամանակավոր ցուցասրահում այցելուն կարող է դիտել «Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը և, միաժամանակ, «Մայաներին որոնելիս» ֆիլմը` արվեստին նվիրված ֆիլմերի «ՌՈԼԱՆԴ» աշխարհահռչակ հավաքածուից:
Ժամը 20:00-ից Էրեբունին կվերածվի բեմի` հյուրընկալելով Երևանի քաղաքապետարանի «Պատանի հանդիսատեսի» և Երևանի մնջախաղի պետական թատրոններին: Բեմական կատարումները կավարտվեն «Քաղաքը երգերում» երաժշտական ամփոփումով` ներկայացնելով հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանին: Այդ երգերում թեև կբացակայի «Երևան» անունը, սակայն այն, բնականաբար, կլինի յուրաքանչյուրիս ներսում` որքան էլ ամեն մեկս մեզ փնտրենք ուրիշ քաղաքներում:
Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին` Էրեբունի ամրոցի բարձրունքից Երևանի համայնապատկերի դիտումով:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 18-ին` ժամը 19:00-ից, կգործի Հանրապետության հրապարակ - Էրեբունի թանգարան անվճար երթուղին` հնարավորություն ընձեռելով գիշերասեր երևանցիներին դառնալ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից` մայրաքաղաքի բնօրրանում:
«Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունն այս տարի իրականացվում է 9-րդ անգամ: Նախաձեռնությանը սատարում են Եվրոպայի խորհուրդը, ՅՈւՆԵՍԿՕ-ն և ԻԿՕՄ-ը: Այն գնահատվում է որպես Եվրոպայի ամենասիրելի մշակութային միջոցառումներից մեկը:
Անցյալ թանգարնային գիշերին Էրեբունի արգելոց-թանգարանն ունեցել է 1465 այցելու:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի ծրագիրը կարող եք զննել.
http://www.nuitdesmusees.culture.fr/musee/archaeological-museum-of-erebuni/533/
http://www.nuitdesmusees.culture.fr/histoires/dedicace-de-la-ville-de-erevan/
Այս մասին հայտնում է «Էրեբունի» արգելոց-թանգարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել