HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Աղաջանյան-«Ժողովուրդ» դատական վեճը՝ վերաքննիչ դատարանում

Ապրիլի 22-ին Գուրգեն Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ մարտի 19-ին կայացրած վճռի դեմ:

Հիշեցնենք, որ Գուրգեն Աղաջանյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Աշոտ Մարկոսյանի եւ Կարինե Կիրակոսյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները «Ժողովուրդ» թերթում հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, որպես փոխհատուցում` 500.000 դրամ գումարի, նախապես վճարված պետական տուրքի` 4.000 ՀՀ դրամ գումարի, ինչպես նաեւ փաստաբանին վճարման ենթակա` 300.000 դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:

Վեճը վերաբերում էր «Ժողովուրդ» օրաթերթի 09.08.2011թ. համարում հրապարակված «Գալուստի որդուց պահանջում են» վերնագրով բաց նամակին, որը ստացվել էր Գուրգեն Աղաջանյան անուն-ազգանունով քաղաքացուց:  Հայցվորը, դիմելով դատարան, նշել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ինքը նման տեղեկատվություն որեւէ ձեւով չի տարածել, առավել եւս՝ հոդվածում նշվածի վերաբերյալ նամակ չի պատրաստել եւ որեւէ մեկին նամակ չի ուղարկել:

Գուրգեն Աղաջանյանը պնդել է, որ իր անունից տարածած տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ դրա հետեւանքով արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը:

Նշենք, որ հրապարակված նամակը վերաբերել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանի եւ նրա տեղակալ Աշոտ Մարկոսյանի կողմից իբր կատարված չարաշահումների մասին:

Նամակում եղել են այսպիսի տողեր, որոնք, ըստ Գ. Աղաջանյանի, ինքը չէր կարող գրել. «...Յոթ տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ «գիտնական» կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ...», «...Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք, եւ դժվար չէ պատկերացնել, թե դրա դեմ ինչպիսի խախտումներ են արել այդ գործի գիտակ Աշոտ Մարկոսյանի հետ...», «...Կարինե Կիրակոսյանն իրեն այդ ոլորտում ավելի ապահով զգալու համար եւ պետգույքի մի զգալի մասը յուրացնելու նպատակով աճուրդի կենտրոնի տնօրեն է նշանակել իր քեռու տղային` Մարտին Քալաշյանին, ով «նույնպես կեղծիքների մեծ վարպետ է...», «...Տիկին Կիրակոսյանը նման խարդախություններն իրականացնում է` հանրապետության ղեկավարության աչքերին թոզ փչելով...», «...կոչ է անում նորանշանակ պետ Արման Սահակյանին` մաքրել վարչությունը Աշոտ Մարկոսյանից եւ մի քանի նման տականքներից...» եւ այլն:

Նամակում նշված փաստերի պարզաբանման նպատակով խմբագրությունը զրուցել է Կարինե Կիրակոսյաեի հետ, որն էլ պատասխանել է, թե այդ նամակը հայցվորը գրել է չարությունից դրդված, քանի որ 2-3 տարի առաջ Գուրգեն Աղաջանյանին հեռացրել է աշխատանքից չարաշահումների պատճառով:

Նյութի ուսումնասիրությամբ դատարանը պարզել է, որ հրապարակված նամակը եղել է Գուրգեն Աղաջանյանի անվամբ, իսկ ըստ ՀՀ ոստիկանության՝ 01.07.2011թ. դրությամբ տրամադրված ընտրողների ռեգիստրի տեղեկությունների` ՀՀ-ում քաղաքացի, ընտրելու իրավունք ունեցող անձանց ցանկում հաշվառված են «Գուրգեն Աղաջանյան» անունն ու ազգանունը կրող 23 քաղաքացի: Այդ իսկ պատճառով նյութի հեղինակը նամակագրի անունն ու ազգանունն այնտեղ օգտագործելու ժամանակ նամակի հեղինակի անվան տվյալներից առաջ բարեխղճորեն նշել է «քաղաքացի» արտահայտությունը, ինչը փաստում է այն մասին, որ դա կոնկրետ հայցվորը չէ, ինպես նաեւ վկայում է այն մասին, որ հայտնի չէ նամակի հեղինակի կոնկրետ ինքնությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված պատասխանատվություն կրելու պարտավորությունն օրենսդիրն ուղղարկի դրել է վիրավորողի կամ զրպարտողի վրա, այնինչ այստեղ նամակի հեղինակը հայտնի չէ:

Վերը նշվածով դատարանն արձանագրել է, որ լրատվամիջոցը չէր կարող նախքան հայցվորի գրավոր կամ բանավոր դիմելը սահմանափակել իր իսկ ընթերցողների ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ այն կդիտվեր ոչ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, ուստի նամակի բովանդակությունը հրապարակվել է նյութի տեսքով` այնտեղ հստակ կատարելով նշում տեղեկատվության աղբյուրի մասին:

Դատարանն ամբողջությամբ մերժել էր Գուրգեն Աղաջանյանի հայցը` անհիմն լինելու հիմքով եւ թերթի օգտին բռնագանձել 150.000 դրամ` որպես պատասխանողի կողմից կրած ու փաստացի կատարված դատական ծախս:

Վերաքննիչ բողոքը մայիսի 13-ին մակագրվել է Լևոն Գրիգորյան, Գոհար Մատինյան, Արմեն Էդուարդի Թումանյան դատարանի կազմին: Նիստի օրը դեռ հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter