Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Վանաձորի քաղաքապետին առաջարկում է ներողություն խնդրել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի վարքը քննելու դիմումին:
Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին «Հետքին» տված հարցազրույցում ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր. Վանաձորի քաղաքապետ» վերնագրով հոդվածը, որտեղ պարզաբանել էր Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը և նշել. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»: Իսկ լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչությն ընթացքում և քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի է անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:
Հանձնաժողովը, հաշվի առնելով Վանաձորի քաղաքապետի հետագա «զղջման» տեքստերը և հարցազրույցները և այն փաստը, որ վերջինս ընդունել է «անգիտակից» բառի ոչ տեղին օգտագործման հանգամանքը, եզրակացրել է, որ Ս. Դարբինյանի գործողությունների շղթան գտնվում է էթիկայի կանոնների շրջանկում:
Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել