Փոխվարչապետը հյուրընկալվեց Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանի անդամներին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սեւանում հյուրընկալվեց Ջրի եվրոպական 11-րդ երիտասարդական խորհրդարանի անդամներին: Այս տարի երիտասարդական խորհրդարանի հյուրընկալող երկիր է ընտրվել Հայաստանը, եւ մայիսի 12-19-ը եվրոպական 15 երկրից 90 երիտասարդ միասին քննարկում են ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները:
Փոխվարչապետը ողջունեց խորհրդարանի մասնակիցներին` նկատելով, որ հավաքի քննարկման թեման կարեւոր եւ արդիական է ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Նա նաեւ ուրախություն հայտնեց, որ երիտասարդներին հետաքրքրում են նման կարեւորագույն խնդիրները եւ ողջունեց դրանց լուծմանը մասնակից լինելու նրանց ձգտումը:
Փոխվարչապետը նշեց, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են: Գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման հարցերը, վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի ենթակառուցվածքների, համայնքներում խմելու ջրի ցանցի վերականգնման ուղղությամբ: Նա տեղեկություններ ներկայացրեց ոլորտում նախատեսվող եւ իրականացվող ծրագրերի մասին:
Ա. Գեւորգյանը պատասխանեց նաեւ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ջրային պաշարներին, դրանց կառավարման մեխանիզմներին: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել