HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակում ընթանում է Նախախորհրդարանի հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է Նախախորհրդարանի հավաքը: Այն վարում է դիրիժոր Վարդան Հակոբյանը:  Նախախորհրդարանի համակարգող քարտուղար Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ ընտրություններին, գազի գնի թանկացմանը և արտագաղթին: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ եթե որևէ երկրից պակասել է բնակչության կեսը, ուրեմն այդ երկրի դեմ պատերազմ է հայտարարված: Հայաստանը օկուպակցված է, և եթե զավթիչների ազգանունները հայերեն են հնչում, կամ խոսում են որևէ բարբառով կամ քարթու ժարգոնով, ապա չի նշանակում, որ նրանք ազգի դավաճաններ չեն: Տիգրան Խզմալյանն ասաց, որ ամեն օր շուրջ մեկ գյուղ է հեռանում Հայաստանից, «արյուն է հոսում Հայաստանից»: 

Ռեժիսորը հավելեց, որ Նախախորհրդարանը կուսակցություն չէ, այլ վերկուսակցական է, որը ստեղծելու է իշխանությունը, իսկ իշխանությունը ձևավորվելու է հրապարակում, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի պայմաններով: 

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ պետք է սկսել գործ անել, ինքնակազմակերպվել. «Մի հատ վերցնենք շոգեքարշի ղեկը մեր ձեռքը»,- ասաց փորձագետը և ավելացրեց, որ արդեն շոգեքարշը հզորություն է հավաքում. «Ժողովուրդը պետք է լինի նույնը, պետությունը` սրընթաց շարժվող շոգեքարշ»: 

Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը նույնպես կարևորեց Մեսրոբյանի կազմակերպման և ինքնակազմակերպման կոչը և ասաց, որ պետք է ստեղծել կառավարման կառույցները, դրանք լեգիտիմացնել և ժողովրդի անունից ստանձնել իշխանությունը:

Հավաքի ընթացքում մասնակիցները գրավոր հարցերին էին ուղղում Նախախորհրդարանի անդամներին, և նրանցից մեկն էլ հստակ քայլերի մասին էր հարցնում: 

Ալեք Ենիգոմշյանն իր խոսքում թվարկեց այն տեսլականները, որով Նախախորհրդարանը պիտի առաջնորդվի, այն է` նոր որակի Հայաստանում չի լինելու հինգ տարին մեկ տրվող հաշվետվություն, հաշվետվությունը պետք է լինի ամեն օր, որպեսզի հանրային վերահսկողությունը լինի մշտական և տևական: Հայաստանը պետք է լինի մշակույթի ազգ` դադարելով չարչի, առևտրական ազգ լինելուց: Պետք է լինի ստեղծագործ ազգ, աշխարհը լուսավորող ազգ: Այդ տեսլականով, ըստ Ա. Ենիգոմշյանի, պետք է ապրել և հաղթել: Եվ այդպիսի Հայաստանին հասնելու համար միասին պետք է որոշումները կայացնել:

«Մենք պիտի կանգնենցնենք գազի գնի աճը, եթե այսօր չեղավ, դա կլինի վաղը, մեկ ամսից»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը և հավելեց, որ պետք է համաձայնության գալ գազ արտադրվող երկրի հետ, բայց ժողովուրդը պետք է որոշի այդ գազի վաճառքի գինը Հայաստանում. «Չենք թողնելու ոչ ոք, որ առաջին գնման ակտից հետո որևիցե մեկը որոշի այդ գնման գինը կրկնապատկել»: 

Ալեք Ենիգոմշյանի հույս ունի, որ հասնելու են այն բանին, որ մաքսային արդար համակարգ լինի, չլինեն գերշահույթներ, և Հայաստանում պիտի լինի բարեկեցիկ ժողովուրդ: Իսկ այդ ամենի համար ժամանակ չկա. մեկ տարվա ընթացքում պետք է իրականացնել վերոնշյալը, քանի որ ևս հինգ տարի ժողովուրդը չի դիմանա: «Մենք, դուք, ոչ ոքից չպիտի սպասենք փոփոխությունների, փոփոխությունը մեզնից է գալու, փոփոխությունը մեր մեջ է»,-ասաց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter