Սպասում են 10-րդ երեխային. «Ո՞ր մի երեխուն չունենայինք, հլա նայեք, բա որ դպրոցականներին տեսնեք...»
Ամսվա վերջին Գայանե Ավետիսյանը կունենա իր 10-րդ երեխային: Սեռն արդեն հայտնի է՝ տղա է ծնվելու, անունն էլ դնելու են Հովսեփ: Ընտանիքի 5 տղա երեխաների անունները ևս աստվածաշնչյան են՝ Աբել, Իսահակ, Դանիել, Սամսոն, Հակոբ: Մայրն ասաց, որ շատերին է թվում, թե իրենք կրոնական որևէ կազմակերպության անդամ են և այդ պատճառով են երեխաներ ունենում, մինչդեռ իրենք դավանում են Հայ Առաքելական եկեղեցուն:
Գայանեն 39 տարեկան է և երազում է 7 տղա ունենալ: Իր խոսքով՝ եթե Աստված կամենա, երազանքն անպայման իրականություն կդարձնի: Ամուսինը՝ Դյումա Պողոսյանը, նույնպես շատ է սիրում երեխաներ: «Օրինակ՝ ո՞ր մի երեխուն չունենայինք, հլա նայեք: Բոլոր երեխեքս էլ լավն են, բա որ դպրոցականներին տեսնեք...»,-հպարտությամբ ասում էր Գայանեն:
Երեխաների տարիքային տարբերությունը 1-3 տարի է: 9 երեխայից դպրոց է հաճախում 6-ը: Մայրը պատմում է, որ ավագ որդին գերազանց է սովորում, մյուսներն էլ՝ «նորմալ»: Գայանեն էլ ժամանակին սովորելու նկատմամբ սեր է ունեցել, ավարտել է «Լենինականի երկաթգծի տեխնիկումը», բայց հիմա համապատասխան աշխատանք չի գտնում:
Ընտանիքը սկզբում ապրել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում ամուսնու ծնողների հետ: «Երբ երեխաները շատացան, որոշեցինք գալ Արմավիր, որ կարողանանք նրանց պահել: Ամուսնուս ընտանիքն էլ էր ծանրաբեռնված, հնարավոր չէր մի տան մեջ ապրել»,- պատմում է Գայանե Ավետիսյանը:
Ընտանիքն ապրում է վարձով և ամսական վճարում 13 հազար դրամ վարձավճար: Գումարը ամեն ամիս չեն տալիս, այլ 3 ամիսը մեկ անգամ՝ 40 հազար դրամ: Գայանեի ասելով՝ այդ կերպ կարողանում են մի կերպ ծայրը ծայրին հասցնելով՝ տան վարձը վճարել:
Ընտանիքի միակ կայուն եկամուտը ամսական 83 հազար դրամ նպաստն է, որով էլ ապրում են ընտանիքի 11 անդամները: Մեր այցելության ժամանակ Դյումա Պողոսյանը տանը չէր: Գայանեն ասաց, որ ամուսինը 2-3 վիրահատություն է տարել, սակայն աշխատանքի առաջարկ ստանալուն պես օրավարձով աշխատում է քաղաքում. փոր է անում, ծառեր էտում և այլն՝ վաստակելով 3-5 հազար դրամ:
Կինը այլ բան չէր խնդրում՝ ո՛չ ուտելիք, ո՛չ հագուստ ու պերճանքի առարկաներ, այլ սեփական տուն՝ թեկուզ «բլած» մեկ սենյականոց, մինչև երեխաները մեծանան ու իրենց միջոցներով կառուցեն:
Հարցին, թե կարողանո՞ւմ է նպաստով 9 երեխա պահել, որոնց թիվը շուտով մեկով կավելանա, Գայանեն ասում է, որ նպաստի գումարն այնպես է տնտեսում, որ երեխաների հացը չկտրվի, իսկ հագուստի մասին չեն էլ մտածում, քանի որ հարևանները, բարի կամեցող մարդիկ իրենց երեխաների հագած հագուստները նվիրում են բազմազավակ ընտանիքի երեխաներին:
«Առաջ էլ են մարդիկ շատ երեխաներ ունեցել: Զարմանում եմ, թե ո՞նց են կարողացել պահել... Եսիմ, ես նախընտրում եմ երեխաներ ունենալը, քան աբորտ անելը»,-ավելացնում է Գայանեն:
Ի տարբերություն այլ կարիքավոր ընտանիքների մայրերի՝ Գայանեն բավականին զուսպ է նյութական ցանկությունների հարցում: Չի դժգոհում, որ երեխաները ուրիշի հագուստներն են կրում: «Թող մաքուր ու առողջ լինեն, հագած հագուստ հագնելը վնաս չէ»,- ավելացնում է նա: Իսկ երեխաներն, իրոք, մաքուր էին, կոկիկ հագնված: Թափթփված էր միայն տունը, որը դեռ չէին հասցրել հավաքել: Իսահակը օգնում էր մորը տունը կարգի բերել:
Գայանեի ասելով՝ չնայած շուտով 10-րդ երեխան կունենան, սակայն որևէ մեկից աջակցություն չեն ստացել, թեև չի էլ դիմել այդ խնդրանքով: Օրեր առաջ միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է դիմել, վերջինս էլ 70 հազար դրամի օգնություն է հատկացրել ընտանիքին: 100 հազար դրամով էլ օգնել է Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Գայանեի և ամուսնու այս պահի միակ մտահոգությունը 4-ամյա Թինայի առողջությունն է: Աղջնակն անցյալ տարի 11 ժամ տևողությամբ վիրահատության է ենթարկվել. գխից կիստա են հեռացրել: Վերջերս բժիշկները կասկածել են, որ կիստա կա նաև երեխայի ողնաշարի վրա, և ստուգում անցնելուց հետո հնարավոր է՝ այս անգամ էլ վիրահատեն ողնաշարը, որպեսզի հենաշարժողական խնդիրներ չունենա:
Մայրն ասում է, որ երեխայի բուժման միակ հույսը պետպատվերն է, հակառակ դեպքում չեն կարողանա վճարել վիրահատության գումարը: Միայն համակարգչային ստուգումը 70-100 հազար դրամ արժե:
«Աստված մեծ է, ես հավատում եմ Աստծուն»,- ասում է Գայանեն և Թինայի ուղեկցությամբ մեզ ճանապարհում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել