Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» ծրագիրը, և նշվում թանգարանների միջազգային օրը
Այս տարի թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» միջոցառումը համընկնում են և նշվում են մայիսի 18-ին: Թանգարանների օրն ավանդաբար թանգարանների մուտքն ազատ է լինում առավոտից մինչև կեսգիշեր:
Հայաստանը միջոցառմանը մասնակցում է 2005 թ.-ից (9 թանգարան): Տարեցտարի մեծանում է մասնակից թանգարանների և այցելուների թիվը: 2013 թ. միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան (ք. Երևան, ՀՀ մարզեր):
Առաջին անգամ մասնակից թանգարանների ցանկը համալրել են Ացախի 5, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Հայ հեղափոխական դաշնակցության պատմության և այլ թանգարաններ, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:
2013 թ. թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ. հիշողություն + ստեղծագործականություն = հասարակական փոփոխություն խորագրի ներքո»: Այս համատեքստում Հայաստանը հանդես է գալու «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով:
Նույն թեմայով 2013 թ. մայիսի 22-23-ը Հայաստանի ազգային գրադարանում երիտասարդ թանգարանագետների մասնակցությամբ տեղի կունենա գիտաժողով, որը առաջին անգամ է իրականացվում ծրագրի շրջանակում:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը 2005 թ.-ից անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Նպատակն է այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր՝ ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնելու թանգարանային հավաքածուներին:
Մայիսի 18-ը որպես թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թ.-ից Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
Նախորդ տարի թանգարանների միջազգային օրը նշել է 129 երկրի 32000 թանգարան: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Իր հերթին «Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս տարի միանում է «Թանգարանային գիշեր» ծրագրին և այսօր՝ սկսած ժամը 15:00-ից, «Յուքոմի» սպասարկման բոլոր սրահներում կցուցադրվի արվեստի տարբեր ճյուղերում աշխատող, Հայաստանում և արտասահմանում բնակվող 32 ժամանակակից երիտասարդ արվեստագետի 160 ստեղծագործություն:
«Լոկատոր» ընկերությունը հայտնում է, որ այն և Երվանդ Քոչարի թանգարանը այսօր «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ևս անակնկալ են պատրաստել այցելուների համար` վիրտուալ ճամփորդություն դեպի քոչարյան մոնումենտալ քանդակներ: Առաջին անգամ այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ և եռաչափ մոդելավորված տարբերակը: Վիրտուալ կցուցադրվեն նաև Սասունցի Դավթի և այլ քանդակներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել