
Գեղարքունիքում կարտոֆիլի «ձեռքն ընկել են կրակը»
Գեղարքունիքի մարզում բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: Չնայած նրան, որ վերջին տարիներին բնակիչները շատ քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակում՝ այնուամենայնիվ, իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ինչպես գյուղացիներն են ասում, այս տարի վերավաճառողները կարտոֆիլը «40 դրամով էլ չեն տանում» գյուղացուց:
Գեղարքունիքի գյուղատնտեսության մարզային աջակցության կենտրոնից տեղեկացրին, որ կան արտահանող ընկերություններ, որոնք գնում են ավելի բարձր գնով' 80 դրամով:
Գեղարքունիք համայնքի բնակչուհի տիկին Գոհարը, ով դեռ մի քանի տոննա կարտոֆիլ ունի վաճառելու, հույս չի կապում այդ ընկերությունների հետ: «Էդ արտահանող ընկերություններն իրենց ստանդարտներն ունեն, մեկ հատ կարտոֆիլը պիտի կշռի երեք հարյուր գրամ, իսկ մեր ստացած բերքը չի համապատասխանում էդ ստանդարտներին: Այդպիսի բերք ստանալու համար նոր սորտերի սերմացու, ինչպես նաև բազմազան թունաքիմիկատներ են անհրաժեշտ, իսկ այդ ամենը ձեռք բերելու համար միջոցներ չկան»,- ասաց նա:
Տիկին Գոհարն այլևս չի ցանկանում կարտոֆիլի մշակությամբ զբաղվել, որովհետև նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ գյուղացին ոչ մի օգուտ չի ստանում, այլ մի բան էլ վնաս է կրում: Մեր հարցին՝ եթե կարտոֆիլ չեն մշակելու, ինչպե՞ս են ապրելու, նա պատասխանեց, որ ամուսինը մեկնելու է արտագնա աշխատանքի, ուրիշ ելք չկա:
Գոհարը գյուղում միակը չէ, ով կանգնել է այս խնդրի առաջ: Վերջին օրերին մեծացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, գյուղում մնում են միայն կանայք, ծերերն ու երեխաները, հետևաբար՝ հողերը չեն մշակվում:
Գեղարքունիքի համայնքի ղեկավար Կամո Աստրյանն ասաց, որ մինչև հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը, ու հիմա եթե կարողանան ինչ-որ կերպ օգնել, անպայման կանեն: Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ վերջին տարիներին անմշակ են մնացել նաև վարելահողերը:
Արդեն գարուն է, իսկ գյուղացիների հորերում անցած տարվա կարտոֆիլի բերքը փչանում է: Գյուղացին դեռ հույս ունի, որ կկարողանա գոնե շատ էժան վաճառել այն:
Նախշուն Մարկոսյան
Մեկնաբանել