Գյուղնախարարությունում քննարկվել է կարկտահարությունից հետո ստեղծված լարված իրավիճակը
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների ղեկավարներին:
Օրակարգում անբարենպաստ եղանակային պայմանների և կարկտահարության հետևանքով ոլորտում ստեղծված լարված իրավիճակի, աղետից տուժած տնտեսություններին հնարավորինս օժանդակելու և տարվա համար նախատեսված տնտեսական ցուցանիշների ապահովման լրացուցիչ հնարավորություններ փնտրելու հարցերն էին:
«Առանձին համայքներում արձանագրված բերքի կորուստն ու ստեղծված դժվարին պայմանները չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա: Առաջնահերթ խնդիր է հետևողական աշխատանքի և առկա ներուժի նպատակային օգտագործմամբ հասնել նախատեսված ցուցանիշների ապահովմանը, մանավանդ որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ մենք արդեն ստեղծել ենք»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նա այդ նախադրյալների շարքում կարևորեց ընթացիկ տարում 21.5 հազար հա-ով ցանքատարածությունները և 13%-ով անասնագլխաքանակն ավելացնելու փաստերը:
Սերգո Կարապետյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաև տեղում իրավիճակին անբողջովին տիրապետելու, անհրաժեշտ և հավաստի տեղեկատվությամբ նախարարությանն ապահովելու, նոր, լրացուցիչ ծառայություններով արտաբյուջետային միջոցներն ավելացնելու, մասնագիտական խորհրդատվությամբ գյուղացուն օգնելու և այլ խնդիրների վրա:
ԳԱՄԿ-երի տնօրենները հավաստիացրին, որ հաշվի առնելով տարվա դժվարություններն ու յուրահատկությունը՝ կարվի ամեն ինչ տարվա համար նախատեսված ծրագրերն անբողջությամբ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել