HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011 թվականից ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները:

Այս տարի համաժողովը համընկել է հայկական շախմատի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության նշանավոր իրադարձություններից մեկի՝ 50 տարի առաջ՝ 1963 թվականի մայիսի 20-ին, Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն հռչակվելու հոբելյանի հետ:

«Մեր շախմատիստների բոլոր հաջողությունները, փառահեղ նվաճումները Տիգրան Պետրոսյանի թողած այդ մեծ ավանդույթների ու ժառանգության շարունակությունն են կամ արգասիքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

2011 թ. Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը երրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականի տղաներին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով աջակցել են, որ տաղանդավոր այդ շախմատիստները կարողանան դրսևորվել:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև աղջիկների շախմատի Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մասին՝ նշելով, որ աղջիկները դեռևս փոքր-ինչ ետ են մնում տղաներից: Նա հույս է հայտնել, որ աղջիկների հավաքականին ևս կհաջողվի դառնալ չեմպիոն կամ գավաթ նվաճել:

Հաշվետու ժամանակաշրջանը նշանակալից է համարվել նաև այն առումով, որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը մտավ հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ՝ որպես պարտադիր առարկա:

Համաժողովի օրակարգի հաստատումից հետո ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ավելի մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաև ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախանշվել են ֆեդերացիայի առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները:

Համաժողովի պատգամավորները քննարկել են հաշվետու զեկույցը, ներկայացրել նաև մարզերում շախմատի զարգացման ուղղությամբ վերոնշյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքն ու առկա խնդիրները:

Այնուհետև տեղի են ունեցել ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը: Համաժողովի պատգամավորները քննարկել և հաստատել են 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության կազմը և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ:

Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ՝ Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Գագիկ Հովհաննիսյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter