HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկերոջս՝ Արամայիս Միրզախանյանի հիշատակին

Կյանքում երբեմն դաժան, չարագուշակ ճշմարտություններ կան, կապված անձանց մահվան և դեպքերի հետ, որոնց իմացությունը ասես մեզ հոգեպես անդամալույծ են դարձնում, մեզ որբացումի զգացում են հաղորդում, իսկ իմացության այդ պահը կարևոր շրջադարձային, ավելի շուտ բեկման կետ է դառնում մեր կյանքում, դառնում է մեր անցյալի հետ խզման պահ, որովհետև այդ անցյալը և ներկան լիովին հագեցված են եղել այդ անձերով, և ապագան առանց նրանց անպատկերացնելի է:

Նման երկու դաժան լուրեր ես ստացա բոլորովին պատահական պայմաններում և կողմնակի անձերի միջոցով, երկու դեպքում էլ անակնկալը ինձ համար այնքան մեծ էր, որ այն զգացումը ունեի, թե կորցնում եմ իմ հենարանը, ոտքերիս տակ դատարկվում է:

Առաջինը Հայաստանի խորհրդարանում կատարված մահափորձն էր Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և այլոց նկատմամբ: Այդ ինչպիսի՞ հանցագործներ համարձակվեցին գլխատել նորաստեղծ հայկական պետականությունը, որի հետ հայ ժողովուրդը, թե հայրենիքում և թե սփյուռքում այդքան մեծ հույսեր էր կապում:

Այդ հայ ժողովրդի ո՞ր ոխակալ թշնամին էր, որ դավեր նյութեցին և սեփական չարագործների ձեռքով, այն էլ նորաստեղծ անկախ պետականության խորհրդարանում, կրակեցին ամբողջ հայ ժողովրդի սրտին, շարունակեցին ցեղասպանությունը, Հայաստանի հայությանը դարձնելով հլու, հնազանդ, վախվորած, հարմարվող, թափառական, երկիրը դարձյալ որբերի ու սովյալների վայր, իսկ նորաստեղծ բռնակալությունը՝ կառավարության մի ամոթալի թյուրիմացություն: Այո, հայ ժողովուրդը շատ է տառապել օտարների լծի տակ, բայց միշտ էլ նրան կործանման են տարել սեփական իշխաններն ու կառավարողները:

Երկրորդը իմ ընկերոջ՝ Արամայիս Միրզախանյանի մահվան լուրն էր, որը ինձ հաղորդվեց ամպրոպի նման: Այդ ինչպե՞ս, ինչո՞ւ, ե՞րբ: 48 տարիների իմ ամենամոտ ընկերը, տարիների քաղաքական մեր փնտրտուքների իմ հոգեհարազատ գաղափարակիցը երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է, շատ ինտերնետային էջեր գրել են այդ մասին, բայց ես չգիտեմ և այդ այն դեպքում, երբ մենք բացի վերջին մի քանի շաբաթներից, որ նա իմ հեռախոսներին չպատասխանեց ու իմ հոդվածին չարձագանքեց, ամսվա մեջ գրեթե մի քանի անգամ, այն էլ ժամեր իրար հետ հեռախոսով զրուցում էինք:

Առօրյայում երբեմն մեզ անհասկանալի ամլության, տարօրինակ թմրության պահեր են պարուրում ու չես հասկանում թե ինչո՞ւ...

Այդպես էր ինձ հետ կատարվում վերջին շաբաթների ընթացքում, ինչ որ տեղ սրտնեղած, ինչ որ տեղ վախվորած անգամներ հեռախոսին էի նայում, ինձ հարց տալով.

- Ինչո՞ւ է Արամը լռում: Ինչո՞ւ չի զանգահարում: Ինչո՞ւ չի արձագանքում...

Հետո իմացա, որ տարիներ առաջ վահանագեղձի քաղցկեղի պատճառով անգամներ վիրահատվել է, իսկ վերջին կես տարվա մեջ ավելի չարորակ զարգացման պատճառով կրկին է վիրահատվել, ճառագայթումների ենթարկվել, բայց մեր հեռախոսային երկար զրույցների ընթացքում երբեք ոչ մի ակնարկ այդ մասին, երբեք ոչ մի նշույլ հիվանդության, երբեք ոչ մի հոռետեսական խոսք: Միայն, եթե նախկինում հաճախակի իր հոդվածներում անդրադառնում էր Հայաստանի իրական սոցիալական և քաղաքական հանգամանքներին և քննադատում էր իշխանություններին, ապա վերջին տասը ամսվա ընթացքում այլևս ոչինչ չգրեց, դա ինձ զարմանալի չէր թվում, որովհետև նախկինի նման նա դարձյալ ակտիվորեն մասնակցում էր Ֆեյսբուքում տարբեր հարցերի շուրջ վիճաբանություններին, ինչպես միշտ նույն տեսակետով և գաղափարախոսությամբ առաջնորդվելով: Ցանկանալով տեսնել իր սահմաններում ապահով, բարգավաճ, զարգացած Հայաստան, որտեղ աշխատավորությունը և գյուղացիությունը սոցիալապես ապահոված կլինեն և որտեղ կիշխի իսկական ժողովրդավարություն, ինքնին հասկանալի է՝ թե քաղաքկանապես, թե սոցիալապես և թե կուլտուրապես:

Նման աշխարհայացքը նրա մոտ ձևավորվել էր դեռ մանկական տարիներից, այո, այն պայմանավորված էր եղել նրա իսկ ծագումով: Դա Իրանի դեռ միջնադարյան, ֆեոդալական գյուղի պայմաններն էին, հետո Իսֆահանին կից փոքրիկ հայաբնակ՝ Ջուղա քաղաքի սոցիալական ահավոր անհավասարությունը, որտեղ նա դպրոց էր հաճախում, որոնք էլ նրա մոտ արմատավորելու էին սոցիալիզմի գաղափարախոսությունը, հավատը՝ սոցիալիստական հասարակարգում սոցիալական հավասարություն և արդարություն հաստատելու հնարավորությանը: Այնպիսի հասարակարգ, որտեղ ամեն մի անհատ անկախ իր ծագումից հնարավորություն կունենա համապատասխան իր ընդունակություններին առաջ գնալ, որտեղ հնարավոր կլինի հասարակական համերաշխության միջոցով նաև հասարակության թույլ անդամների համար արժանավայել կյանքի պայմաններ ստեղծել:

Բացի քաղաքական նման զարգացումից, նրա մոտ դեռ մանկահասակ տարիներից ձևավորվում էր նաև հայրենիքի նկատմամբ սերը: Այդ մեծերի՝ հայրենիքի կարոտախառն երգերն ու առասպելական թվացող հեքիաթներն ու պատմվածքներն և «զուլումի»՝ 1604 թվականի մեծ գաղթի մասին զրույցներն էին, որոնք էլ նրա մոտ սերմանելու էին սերը դեպի այդ հեռավոր, անտես հայրենիքը: Եվ այդ սերը և ուսման ձգտումը 1963 թվականին նրան Հայաստան տարան:

Երազային ցանկություններով օրորված և սոցիալիզմի գաղափարախոսության նկատմաբ հավատ տածողի համար այնքան էլ հեշտ չէր դեմ առ դեմ գալ «ռեալ» սոցիալիստական երկրի իրականության հետ, շփվել առօրյայում առկա բազմապիսի բացասական երևույթների և բարքերի հետ, հասկանալ դրանք, ամենակարևորը՝ հաշտվել դրանց գոյության հետ և որպես սփյուռքահայ անտարբերությամբ անցնել դրանց կողքով, ինչպես շատերը, ինչպես բոլորը: Արամայիսը այն քչերից մեկն էր, ով իր եռանդուն, հուզական, երբեմն շատերին «ծայրահեղ» թվացող և արդեն իսկ «էքստրեմիստ» անունը կրող բնավորությամբ, ծառանում էր այդ բարքերի և այլ դեպքերի ու երևույթներիի դեմ, երբեմն նույնիսկ կոնֆլիկտի մեջ մտնելով Հայաստանի իշխանությունների, կամ պոլիտեխնիկական ինստիտուտի, որտեղ մենք սովորում էինք, ղեկավարության հետ...

Դա 1965 թվականի ապրիլ 24-ին էր, երբ հազարավոր երևանի բնակիչներ դուրս էին եկել ցույցի: Ցույց տալու, որ տեր են կանգնելու իրենց պատմությանը: Չէ որ հայ ժողովուրդը երբեք ինքը չի տնօրինել իր ճակատագիրը և իր պատմությունը: Չէ որ որքան էլ ցանկանաս հասկանալ և պաշտպանես եղած սիստեմին և աչք փակես նրան հատուկ բացասական բարքերը չտեսնելու համար, ապա այդ մեկը հասկանալ չես կարող, որ այդքան տարիներ ժողովուրդը իրավունք չի ունեցել ազգովի իր սուգը սգալ, իր ազգի նկատմամբ կատարված ոճիրը ցեղասպանություն անվանել:

Չէ՞ որ այն ինչ կատարվել է, կատարվել է ազգի նկատմամբ, ոչ միայն մի սերնդի, որ սպանդի ենթարկվեց, այլ նաև այն սերնդի նկատմամբ, որը բռնի հավատափոխ եղավ, այն սերնդի, որը վտարանդի դարձավ և այն ապագա սերնդի, որ անհայրենիք է մնալու և այն սերնդի, որ իր փոքրացած, սեղմված հայրենիքում ապրելու հնարավորություն չի ունենալու: Մեզ հերոսներ պետք չեն, այդ պարզ ճշմարտությունների, ողբերգությունների դեմ ծառանալու համար...

Եվ վերևներից չէ, որ մեզ պետք է թույլատրվի, որպեսզի մենք տեր կանգնենք մեր ճակատագրին, մեր անցյալին ու ապագային: Այո, 50 տարի լռությունից հետո այդ օրը հայ ժողովուրդը փողոց դուրս եկավ, ազգային նոր գիտակցությամբ, նոր պահանջներով: Ցույցի էր դուրս եկել նաև համալսարանի ուսանողությունը, բայց այլ էր պարագան պոլիտեխնիկական ինստիտուտում: Ղեկավարությունը իրենց աթոռի վախից փակել էին տվել ինստիտուտի դռները և ուսանողությանը արգելել ցույցերին մասնակցել:

Արամայիսը միակն էր, որ իր պատկառազդու արտաքինով իր մի քանի ընկերների գլուխն անցած ինստիտուտի ներսում լսարանից լսարան գնացին և ուսանողության կոչ արին փողոց դուրս գալ և գրեթե մարմնական ուժ գործադրելով բացել տվին ինստիտուտի դռները, որից հետո պոլիտեխնիկի ամբողջ ուսանողությունը ցույցի դուրս եկավ: Այն ինչ հետո կատարվեց Երևանի փողոցներում, ոչ ոք կանխատեսել չէր կարող, դա ոչ մի ցուցարարի, ով միմիայն ազգային գիտակցության մղումով և որոշակի պահանջով էր փողոց դուրս եկել, արարքը չէր...

Իհարկե ինստիտուտի վախվորած ղեկավարությունը չմոռացավ Արամայիսի այդ հանդուգն և ինքնագլուխ քայլը և չուզեց անպատիժ թողնել նրան, այլ ինստիտուտի հաջորդ կուսակցական ժողովում որոշում կայացրեց նրան ինստիտուտից հեռացնելու համար: Միայն այն բանից հետո, երբ նրա համակուրսեցիները և մի քանի դասախոսներ համարձակորեն և անվերապահ պաշտպան կանգնեցին նրան և բողոքեցին այդ չափազանցված որոշման դեմ, ինստիտուտի ղեկավարությունը բեկանեց իր այդ որոշումը:

Բայց լուսավորության մինիստրությունը, հենց ինքը՝ մինիստր Ասլանյանը, էլեկտրոֆակուլտետի դեկան՝ ընկեր Գուլխանդանյանը և էլեկտրոբանեցման ամբիոնի վարիչ ընկեր Դիլանյանը, դեռ նաև ավելի վերևները, մինչև վերջ էլ չմոռացան այդ և ժամանակին իրենց հաշիվները մաքրեցին նրա հետ: Երբ Արամայիսը դիպլոմային աշխատանքը հաջողությամբ հանձնեց և որովհետև Իրան վերադառնալ չէր կարող և չգիտեր ուր գնալ, ցանկացավ գոնե մի տարի մնալ Հայաստանում և աշխատել իր մասնագիտությամբ, բայց ոչ ինստիտում և ոչ էլ համապատասխան այլ մարմիններ չցանկացան հասկանալ նրա անել դրությունը և չընդառաջեցին նրա խնդրանքը:

Բայց դա բոլորը չէր: Այստեղ չի կարելի չհիշել մի այլ դեպք, որի հիշեցումը այսօր էլ ինձ մոտ ամոթի զգացում է առաջացնում: Այդ դեպքից երկու տարի անց, Համալսարանի մեծ դահլիճում սփյուռքահայ ուսանողների խնդիրների շուրջ ընդհանուր խորհրդակցության ժողով էր հրավիրվել և երբ Արամայիսը, ով այդ օրերին պատահական Երևանում էր գտնվում, փորձեց իր խոսքում քննադատել իր հետ կատարվածը և այլ քաղաքական հարցեր բարձրացրեց, լուսավորության մինիստր Ասլանյանը բեմ բարձրացավ, բարկացած և բարձարագոչ կտրեց նրա խոսքը և նրան ցած հրավիրեց: Այո, իսկապես ամոթալի էր մեր բոլոր ուսանողների նման կեցվացքը, որովհետև ոչ մեկը մեզանից չհամարձակվեց պաշտպանել Արամայիսին, չհանդգնեց բողոքել մինիստրի՝ վիրավորական, մինիստրին և այդ լսարանին ոչ վայել արարքի դեմ, գոնե բողոքել, հանուն հենց այդ լսարանում ազատ խոսքի արգելման դեմ:

Բայց այդ բոլորը չէր, ժամանակին Էլեկտրոբանեցման ամբիոնի վարիչը մերժեց ընդհառաջել Արամայիսի խնդրանքին, նրա դիպլոմային աշխատանքը, (անհասկանալի պատճառներով այն մեզ չէր հանձնվում) կամ դրա համառոտ բովանդակության գրառումը նրան հանձնել, ինչը Բեռլինի տեխնիկական համալսարանը նրանից պահանջում էր: Եվ հետո, երբ նա 1973- ին կնոջ՝ Ջոկոնդայի և երկու տարեկան Մանուշի հետ Երևան վերադարձավ ասպիրանտուրայի համար ինստիտուտում ուսումը շարունակելու համար, չնայած որ նրա համար տեղ էր հատկացված եղել, ապա դարձյալ ինչ որ անհայտ անձեր հասան այն բանին, որ նա տեղում չկարողացավ շարունակել և վեց ամիս քաշքշուկներից հետո Մոսկվա գնաց, այնտեղ շարունակեց և հաջողությամբ ստացավ գիտական կոչում:

Հայաստանում սովորելու տարիներին Արամայիսը երբեք չցանկացավ հաշտվել պետական հիմնարկներում աշխատողողների աշխատանքային մորալի, անխնամ, ոչ հոգատար աշխատաձևի հետ: Երբեք չհաշտվեց խանութների վաճառողների՝ անտարբեր, երբեմն վանող մոտեցման և վերաբերմունքի հետ, կամ աշխատավորության ոչ ապահով, ոչ հիգենիկ աշխատատեղի և վերևից նրանց նայելու փորձերի հետ, ու բողոքում էր վերևներին, վիճում էր նրանց հետ, պախարակում: Իսկ դրա համար առիթներ շատ էին լինում:

Այնպես պատահեց, որ 1968 թվականին Լիբանանի ներքին քաղաքացիական պատերազմի պատճառով, շատ ուսանողներ չկարողացան ամառային արձակուրդներին տուն վերադառնալ, այդ պատճառով լուսավորության մինիստրությունը ուսանողության համար հնարավորություն ստեղծեց հանգստանալ Սևանի ափին: Արամայիսը նշանակվել էր ուսանողության ղեկավար: Միշտ էլ առիթներ էին լինում մեզ հյուրընկալող տեղի ղեկավարության հետ տարաձայնությունների և բախումների համար, ոչ թե հնարավորությունների, այլ նրանց անխնամ, ոչ անկաշառ վերաբերմումքի պատճառով...

Կամ, որ Սևանի ափի ռեստորանի տանիքում տեղադրված բարձրախոսից մի ամբողջ օր թուրքերեն երգեր լսեցինք, այն էլ սոսկալի անորակ, ահռելի բարձր, լսողություն և ինչ որ տեղ զգացմունքներ վիրավորող: Շատերի բողոքը տեղ չհասավ, իսկ այդ ո՞վ կհամարձակվեր պետական գույքը փչացնել, այո, այդ բառերով էլ այդ ռեստորանի աշխատողը Արամայիսին մեղադրեց, երբ նա տանիք բարձրացավ և բարձրախոսի լարերը կտրատեց...

Կամ որ նա մինչև պոլիտեխնիկական ինստիտուտի ճաշարանի դիրեկտորի մոտ բողոքի բարձրացավ, երբ նկատեց, որ ճաշարանում աշխատող տարեց կնոջ մատները արյունոտվելու չափ մաշվել էին, ամանները առանց ձեռնոցների լվանալու պատճառով և հասավ այն բանին, որ այդ կինը հաջորդ օրը ձեռնոց ստացավ...

Շատ սփյուռքահայ ուսանողների, կամ կողմնակի մարդկանց համար նրա այդ անհաշտ բնավորությունը և միանձնյա պայքարը անհասկանալի, այո, երբեմն «Դոն Կիշոտային» էին թվում, բայց նա չէր կարող այլ լինել, որովհետև նա ոչ թե ձևի համար էր այդ անում, այլ նրա համոզմունքն էր այդ: Ինչպես վերը ասվեց նա իր իսկ ծագումով գիտեր, թե ինչ է նշանակում դասակարգային խտրականությունը, տեսել էր, թե ինչպես են Իրանում աշխատավորները, իր շրջապատի մարդիկ, իր հայրը, եղբարները շահագործվում, արհամարհվում:

Երիտասարդական դյուրահավատությամբ, որը երբեմն շատերիս ֆանտաստիկ և հեռու էր թվում իրական դառնալուց, հավատում էր, որ կարելի է մարդկային հասարակությունում հաստատել իսկական հավասարություն, իսկական ժողովրդավարություն, ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական և կուլտուրական: Որքա՜ն զոհեր, որքա՜ն զրկանքներ է պահանջվել Հայ ժողովրդից նման՝ իր բազմաթիվ թերություններով հանդերձ, հասարակարգ և պայմաններ ստեղծելու համար: «Միայն մնում է մարդիկ բարեխիճ կատարեն իրենց պարտականությունը»: Սա ուտոպիա է հնչում, բայց երիտասարդության հենց առավելությունն էլ այն է, որ նա անհամբեր է, երբեմն «ծայրահեղ», հավատում է ուտոպիաներին և ձգտում է դրանց:

Արամայիսի նկարագիրը միակողմանի կլիներ, եթե նա դրսում, սփյուռքում էլ հանդես գար Սովետական Հայաստանում առկա պայմանների և ընդհանրապես Սովետական Միության քննադատողի դերում: Ոչ, նա դրսում համարյա նույն կրքոտությամբ ամենուր պաշտպանում էր Սովետական Հայաստանին և անհանդուրժող էր ոչ բարյացակամ այն անձերի նկատմամբ, ովքեր ինչ- ինչ դիրքերից ելնելով, կրկնում էին արևմտյան երկրների հակասովետական, թշնամական քարոզչությունը: Սփյուռքի շատ ձախ շրջանների և անձերի նման նա էլ համոզված էր, որ թեև հայ ժողովուրդը շատ մեծ փրկագին վճարեց երկրում Սոցիալիստական սիստեմի կառուցման և Սովետական Միության կազմում գտնվելու համար, սակայն հենց այս պարագան էլ ապահովեց նրա անվտանգ գոյությունը ներկա սահմաններում և նրա աննախնթաց զարգացումը:

Նա ասում էր, որ ամբողջ կապիտալիստական աշխարհը թշնամաբար լծվել է Սովետական Միության դեմ, բոլոր միջոցներով ցանկանում է խափանել սոցիալիզմի զարգացումը այդ երկրում, որի մի մասն է Հայաստանը, ապա ձախ ուժերիս պարտքն է մեր կարողությունների չափով դեմ գնանք դրան: Որ Հայաստանը դարձել էր համատարած կրթության, արվեստի մշակույթի հանրապետություն և էլէկտրաֆիկացված երկիր դա անուրանալի է: Ու որ այդ սիստեմը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացավ Հայաստանում կենտրոնացնել հայ ժողովրդի մեծամասնությունը, փաստ է: Իսկ ամենակարևորը՝ Հայաստանի անվտանգությունը: Դրա երաշխիքը նա տեսնում էր Սովետական Միության կազմում գտնվելը, կամ անկախությունից հետո, ամուր ու հարատև դաշինքը Ռուսաստանի հետ:

Տանել չէր կարող այն նորելուկ հոդվածագիրներին, ովքեր հակառուսական քարոզչություն էին տանում և «չկան հարատև բարեկամներ ու հարատև թշնամիներ» լուզունգն էին շրջանառության մեջ գցել: Ինչ խոսք, իրականում մարդկային առողջ բանականությունը ցանկանում է որդեգրել նման լուզունգը, Եվրոպայի ժողովուրդները փաստեցին, որ այո, իրոք որ հնարավոր է խաղաղությամբ ապրել իրար կողքի: Բայց այլ է դարավոր թշնամիներով շրջապատված Հայաստանի պարագան: Քանի դեռ Ադրբեիջանի և Թուրքիայի ծայրահեղ և մոլեռանդ շրջանները շարունակելու կլինեն իրենց հակահայ քարոզչությունը և քաղաքականությունը և որդեգրած կլինեն Հայաստանի ոչնչացումը, ապա նման մտայնությունը և մոտեցումը կործանարար է լինելու հայ ժողովրդի համար:

Արամայիսը այն սփյուռքահայ ուսանողներից քչերից մեկն էր, ով Արցախի ազգային ազատագրական պայքարի հենց առաջին օրերից տարբեր տեսակի գործնական օգնություն կազմակերպեց Արցախի մարտնչող բնակչության համար: Լինի դա Շվեդիայից բեռնատարներով բարձված հագուստեղեն և այլ իրեր Արցախ հասցնել, կամ անձնապես լինել մարտիկների կողքին, խրամատներում , թիկունքում, բարոյապես նրանց քաջալերելու համար...

Եթե չեմ սխալվում նա գրեթե միակն էր Սովետական ժամանակաշրջանի սփյուռքահայ ուսանողներից, ով բազմակողմանի օգնություն է ցույց տվել պոլիտեխնիկական ինստիտուտին: Նա 2003 թվականին, պոլիտեխնիկ ինստիտուտի 70 ամյակի կապակցությամբ էլէկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանողների համար, Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանի, Գուլբենգյան և եվրապառլամենտի հատուկ ֆոնդի դրամական օժանդակությամբ, ստեղծեց մի քանի տասնյակ համակարգիչներով հագեցված «տեխնոլոգիական գործընթացների և էլեկտրաբանեցումների ավտոմատացման» լաբորատորիա և տարին մեկ- երկու ամիս Երևան էր գնում ինստիտուտում անվճար դասախոսելու համար:

Ապա որքան կրքոտությամբ էր նա Երևանում համապատասխան մինստրությունների պատասխանատու անձանց դռները թակում, նրանց առաջարկներ անելով, Հայաստանում հողմային գեներատորներ տեղադրելու համար: Նա որպես մասնագետ, բազմակողմանի ուսումնասիրել էր Սկանդինավյան երկրների տասնամյակների փորձը այդ ուղղությամբ:

Գիտեր նաև, որ Հայաստանը առատ քամիների և արևաշատ երկիր լինելով, գրեթե բնական՝ քամու և արևի էներգիայի իդիալական անսպառ աղբյուր է, պետք է միայն կամք, ձեռներեցություն, հոգատարություն, որ կարողանալ համապատասխան տեխնոլոգիաներ տեղադրելով, այդ բնական էներգիաները փոխադրել էլէկտրաէներգիայի: Բայց ամենուր էլ նա խուլ անձանց հանդիպեց: Նրա եզրակացությունը. «Ամեն մի պաշտոնյա նախ մտածում է, ինքը անձամբ ի՞նչ շահ է ստանալու դրանից»:

1988 թվականին պրոֆեսոր Կոնստանդին Խուդավերդյանը Բեռլինում մեզ հիշեցրեց մի կարևոր պատմական փաստ. «Իր բազմադարյան պատմության մեջ Հայաստանում պատերազմ չի եղել միայն 1828 թվականից մինչև 1918 թվականը, երբ Հայաստանը միացված է եղել Ռուսաստանին, ինչպես նաև Սովետական ժամանակաշրջանում»:

Այս փաստը նկատի առնելով անցյալ դարի ինիսնական թվականներին Արամայիսն էլ շատերիս նման տագնապով էր հետևում Հայաստանում և Հայստանին անմիջապես առնչվող նոր ցնցումներին: Երկրաշարժ, Սումգայիթի, Բաքվի կոտորածներ, Սովետական Միության փլուզում, անկախություն, արդյունաբերության և արտաքին տնտեսական հարաբերությունների խափանում, Արցախին պարտադրված պատերազմ, ամեն մեկը իր հերթին ահավոր կործանարար մի երևույթ Հայաստանի նման փոքրիկ երկրի համար և պետք է հպարտությամբ ասել, որ հայ ժողովուրդը սկզբնական ցնցումներից ու երերումներից հետո, ամբողջությամբ վերցրած, պատվով դուրս եկավ այդ փորձություններից, բայց միայն այդ:

Երկիրը անկախության տանող մտավորականությունը, քաղաքականությամբ զբաղվող վերնախավը զլացավ, կարելի է ասել չուզեց այնպիսի ամուր պետական ժողովրդավարական կառավարման մեխանիզմներ ստեղծել, որպեսզի երկիրը առողջ զարգացման ուղու վրա դրվեր: Լևոն Տեր Պետրոսյանը և նրա ՀՀՇ- ականները, որոնք սկզբում շահում էին հայ ժողովրդի մեծամասնության վստահությունը, շուտով Հայաստանը հասցրին՝ ըստ Արամայիսի՝ անցյալ դարի 20-ական թվականների Թումանյանի Հայաստանի մակարդակին: Նման ներքին տնտեսական և կառավարման քաղաքականության արդյունքն եղավ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրանց հովանավորող օլիգարխիան հասան իրենց զոռբայական իշխանության հաստատմանը Հայաստանում:

Արամայիսը գրեց, քննադատեց այդ իրավիճակը, ոչ ընդհանուր, ոչ անհասցե, այլ հատուկ հասցեով, կոնկրետ օրինակներ բերելով, այն իր հասարակական պարտքը համարելով: Այն ինչ նա կարող էր սփյուռքից բարոյապես անել Հայաստանի՝ գյուղերում որբացած, անհայր մնացած և ցնցոտիներով վառելիքի փայտ կրող երեխաների համար:

Բարոյապես թիկունք կանգնեց Սարդարապատ շարժմանը, Թեղուտում, Քաջարանում, կամ Երևանի Մաշտոցի պուրակում բնապահպան ցուցարարներին: Անգամներ գրեց, քննադատեց, որ արևմուտքի տնտեսական և շուկայական սանձարձակ ազատությունը չի կարող Հայաստանի՝ նման ռեսուրսներով աղքատ երկրի համար լուծում լինել: Որ պետական բազմակողմանի սրտացավ ծրագիր է պետք, տնտեսական ճգնաժամի պարագայում տնտեսության մեջ պետական սեկտորի ուժեղացման միջոցով, աշխատատեղեր ստեղծել և կասեցնել երիտասարդ մասնագետների արտագաղթը...

Եվ նրա այս հարցը՝ «ի՞նչ կարժենա մեկ կրակոցը թանզանիայի անտառներում»: Թե, Ռոբերտ Քոչարյանի՝ Աֆրիկայում առյուծի որսի գնալը և գրող՝ Զորի Բալայանի (ում և ընդհանրապես Հայաստանի մտավորականության կեցվացքը՝ մեզ, Հայաստանի առօրյայով ապրող սփյուռքահայերիս այնքան հիասթափեցրեց) աշխարհի ծովերը չափչփող առագաստանավը ուղղակի կապ ունեն Հայաստանում դպրոցական երեխայի ծակ կոշիկի հետ:

Թե միջնադարյան գրողի խոսքերի օրինակը՝ «Մեկին հազար ձի ու ջորի, մեկն էլ իսկի մաքի չունի», ավելի քան պատկերավոր խոսում են Հայաստանի իրավիճակի մասին և վկայում, թե նրա ազդու խոսքը (եթե ականջ կար այն լսելու) ում էր ուղղված, թե նրա բաբախող սիրտը ում հետ էր, ում համար էր ցավում...

Իսկ այսօր այդ սիրտը անժամանակ, երկարատև և ծանր հիվանդությունից հետո դադարեց բաբախելուց, մեծ կսկիծ, ցավ պատճառելուվ նրա կնոջը՝ Ջոկոնդային և դստերը՝ Մանուշին, աշխարհում սփռված, իր բազմաթիվ հարազատությանը, բարեկամությանը և մեզ՝ իր մոտիկ- հեռու ընկերներին...

1970 Թվականին Երևանից հրաժեշտի գիշերը Արամայիսը ասես ինքն իրեն խոսք տալով ասաց. «Ես գնում եմ, բայց կվերադառնամ Հայաստան, երբեք չէի ցանկանա, որ իմ երեխաները թափառական դառնան»: Իսկ թե ինչո՞ւ նա ինքը թափառական դարձավ, պատճառը նրա անհաշտ, չհարմարվող բնավորությունն էր: Երբեք չկարողացավ, չուզեց հաշտվել վերինների հետ, լիներ դա Սովետական շրջանում, թե հետո:

Նա երբեք չէր կարող Հայաստանում մի անկյուն քաշվեր, իր ու իր ընտանիքի համար լավ, ապահով կյանք ստեղծեր և չտեսներ, թե ինչ է կատարվում շուրջը, մանավանդ վերջերս, թե ինչպես է ժողովուրդը հարստահարվում, երկիրը դեպի անկում տարվում: Վերջերս, երևի ավելի դյուրազգաց լինելու պատճառով, համոզված էր, որ հեղափոխությունից բացի այլ ելք չկա, չնայած գիտեր, որ դա կարող է և ազգակործան լինել...

Կա՞ այլ ելք...

Մարդկային հասարակությունների զարգացման ընթացքում ամեն ինչ էլ հնարավոր է եղել և այսօր այն ժողովուրդն է արժանավայել ապրում, եթե ժամանակին նրան հաջողվել է պայքարել և գտնել այդ ելքը, դա նաև իմ ընկերոջ՝ Արամայիսի պատգամն էր, ում դիպուկ խոսքերը այլևս մեզ պակասելու են, ում տեղը իմ կողքին, իմ թիկունքում միշտ էլ բաց կմնա...

Սամվել Հովասափյան
Բեռլին, մայիս 2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter