HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տաղանդավոր զրպարտողը». հավելված «Մի զտման պատմությանը»

Լեռ Կամսար 

70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին անօգուտ ու ապարդյուն շրջում էի խմբագրությունից խմբագրություն՝ փորձ անելով, բառիս բուն իմաստով, Լեռ Կամսարից որեւէ ֆիլիետոն մամուլ խցկելու, որ նրա անունը մոռացության չմատնվի։ Այդպիսի դեգերումներից մեկում հայտնվեցի «Սովետական գրականություն» հանդեսի խմբագրատանը։

Երբ վիզս ծռած, աղաչական համոզում էի խմբագրության աշխատակիցներին` եթե չտպել, գեթ վերցնել եւ կարդալ նյութը, հանկարծ օտիսկները ձեռքին՝ շտապ ընդհանուր բաժին մտավ փոքրամարմին, արդեն տարիքն առած  մի մարդ։ Լսելով, որ Լեռ Կամսարի թոռնուհին եմ, մոռացավ, թե ինչու էր շտապում, մեխվեց տեղում։

- Իրա՞վ թոռնուհին ես,- հարցրեց նա շատ անհանգստացած,- անտիպների՞ց ես բերել, կտպագրեմ, անպայման կտպագրեմ. նա անառարկելի մեծություն է։ Խնդրում եմ գնանք իմ առանձնասենյակը։

Հասկացա, որ խմբագրապետ Ստեփան Կուրտիկյանն էր։ Այդ թվերին առաջին անգամ լսելով ասպիսի խոստովանություն՝ ուրախ հետեւեցի նրան։ Իմ հետեւից մտնելով առանձնասեյակը՝ նա բանալիով ներսից կողպեց դուռը եւ առաջարկեց բազկաթոռը։ Վատ բան կանխազգալով՝ ոտքի վրա մնացի։

- Լեռ Կամսարը հրաշք երգիծաբան է, ես շատ բարձր եմ գնահատում նրան, բայց ես շատ ստոր գտնվեցի նրա հանդեպ` վախից, ուղղակի վախից, դե՜, գիտես՝ ի՜նչ ժամանակներ էին։ Նոր էի հայրենադարձվել, մի երիտասարդ տղեկ էի, ում, առանց աչքը թարթելու, կվերացնեին։ Բա՜, այսպիսի գարշանքի մեջ էինք ապրում, աղջի՛կս։ Ես  մասնակիցն եմ եղել երգիծաբանի ամոթալի, սարքովի «զտում»-դատավարությանը։ Հիմա սրանով ո՛չ ապրել եմ կարողանում, ո՛չ մեռնել։

Չարենցը չէր կարողանում ներել պապիդ գրած մեկ ֆելիետոնը իր մասին։ Հավաքելով գրողներին եւ մեզ`երիտասարդ աշխատակիցներիս՝ ասաց.

- Շատ է լեզուն երկարացրել էդ … խեղկատակը, չափը չի ճանաչում, դասեր է տալիս ողորմելի գրչակը, էն էլ ո՞ւմ, ինձ, պատկերացնո՞ւմ եք, ինձ` Չարենցիս, ես դրա…  Կջնջեմ, փոշի կսարքեմ քեզ, ընկե՛ր Լեռ Կամսար…Էնպես ոչնչացնեմ քեզ, որ հետքդ անգամ չմնա աշխարհիս երեսին։ Չարենցի վրա կկոտրվի քո օձի ատամը, несщастныи клоун, խաղ ես անում ինձ հետ, վիժվածք։ Հաջորդ օրը կայացավ մի եղկելի դատավարություն, որի լուռ մասնակիցն էի ես։

Ես փլվեցի բազկաթոռին.

- Իսկ ես մինչեւ հիմա կարծել եմ, թե գաղափարի կռիվ էր, եւ պապս դատվել է որպես այլախոհ։ Դուրս է գալիս ուղղակի հրաշալի ժամանակներ էին՝ մարդկային ճղճիմ հաշվեհարդարների համար։ Բայց ինչո՞ւ Չարենցն ընտրեց վրեժխնդրության այդ անարգ ճանապարհը։ Կամսարը մեկն էր գրել, թող նա տասնմեկը, հարյուր մեկը գրեր. չէ՞ որ էպիգրամի հանճարեղ վարպետ էր։ Թող լիներ նույնիսկ պասկվիլ, ինչ անենք, արդարացում կլիներ։ Եվ վերջապես տղամարդավարի տար իրեն նեղացնողի մռութը ջարդեր։ Ինչո՞ւ այսքան անազնիվ։

- Ի՞նչ իմանամ, աղջի՛կս, հանճարները անիմանալի են։

Չգիտեմ այս խոստովանությունից հետո  այդ պատվարժան մարդը հաշտվեց իր խղճի հետ, եւ արդյո՞ք նա խաղաղ է հանգչում հիմա։ Բայց տեսնես նա զգաց, թե ինչ բեռ դրեց իմ ուսերին, որի ծանրությունից ճկռում եմ մինչեւ այժմ։ Կշեռքի մի թաթին իմ պաշտելի հանճարեղ քնարերգուն է, իսկ մյուս թաթին ավելի քան պաշտելի` արդարապաշտ, անկաշառ խոսքի մեծն վարպետը։ Իսկ լծակը այն զազրելի ժամանակի ձեռքում է, որի անուն է բոլշևիկյան բռնատիրություն։

Դե՞, ո՞վ  մի բան կասի… Հը՛...ո՞վ, ո՛վ, ո՜վ կհաշտեցնի ինձ կատարվածի հետ… 

                                                                                                                    Վանուհի Թովմասյան 

 

ՀՍՍՌ հանրապետական դատախազության քննիչին`  1935 թվի իմ բանտարկության առթիվ ինձ առաջադրված մեղադրանքների մասին (հատված) 

Իմ զտումը Չարենցի իմ դեմ պատրաստած մեքենայությունների արդյունք էր։ Ես ու Չարենցը երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եւ իբրեւ գրողներ փոխադարձաբար գնահատում էինք իրար  ու հարգում։

Այդ այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարձակությունները։ Իսկ այն օրվանից, երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ, օրիորդների հետ սկսեց ատրճանակի լեզվով խոսել եւ սրա- նրա վրա կրակել, հետո բանտարկվել` ես թողի նրա բարեկամությունը եւ մի ֆելիետոն գրեցի նրա մասին, որի պատճառով թշնամացանք, եւ նա ձեռքի տակի բոլոր միջոցներով աշխատեց իր վրեժը լուծել ինձանից։

Իմ զտումը կազմակերպեց եւ ինքը անձամբ դուրս գալով բազմամարդ դահլիճում, փրփուրը բերանին ինձ վրա հարձակվեց, անվանելով ինձ «դաշնակցական», «ողորմելի գրչակ» եւ այլն, ու դրա հետ մեկտեղ հայհոյանքի այնպիսի տարափ, որ  ոչ մի պատվավոր հավաքույթի պատիվ բերել չէր կարող, եւ վերջում էլ նախագահողին հրամայեց զրկել ինձ վերջին խոսքից, պաշտպանվելու իմ անկապտելի իրավունքից։

Ահա ձեզ մի տաղանդավոր բանաստեղծ, որ իմ նկատմամբ դարձավ տաղանդավոր զրպարտող։

                                                                                                                      Լեռ Կամսար

                                                                                                                        02.05. 1955թ.

                                                 (Բնագիրը կգտնեք ՊԱԿ-ի արխիվում) 

                     «Իշաբար շարված ողորմի»1

                     (Որ Չարենցը «թքի» վրան) 

Ընդհանուր.- Չարենցը պրիզմա մըն է, կախված հայ գրականության վրա։ Արևելյան կողմեն դիտես` «հանճար» կերևա քեզի, արևմտյան կողմեն նայես` «բանջար» կտեսնես, հյուսիսեն` «ծիածան», «վարդ», «կույս», հարավեն՝ «թուք», «խլինք», «մեզ»։

Մակինցյանի ըսելով, իր սկզբնական լույսը ըստացեր է Տերյանե, իր ըսելով` Մայակովսկիյե։ Տերյանը վառված լուցկիի մը նման դեն է նետել արդեն, գալով Մայակովսկիին… Թեև ստիպում չկա, բայց… կրնա և չվառվել… իրմե հետո։ Ինքը Հոկտեմբերի երրգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։ 

Վայլուտա.- Ինչպես պետություն մը իրավունք չունի իր ունեցած ոսկիեն ավելի թղթադրամ բաց թողնելու` անանկ ալ անհատ մը չի կրնար ուզածին չափ անիմաստ խոսքեր շռայլել` առանց դիմացը իրական արժեք մը դրած ըլլալու։ Շեքսպիրը, որ 42 տարի իմաստուն բաներ է գրեր, իրավուք ուներ նույնքան տարի ալ հիմար բաներ գրելու։ (Ուրիշ բան է, որ չէ ուզեցեր իր հիմարության իրավունքեն օգտվելու)։ Չարենցը անցելույն մեջ 7 պրակ շնորհալի բաներ է գրեր, դիմացն ունի 5 անշնորհք պրակներ։ Դեռ երկու պրակ մը գրելու տեղ ունի։ 

Հայհոյանքը կանխիկ.- Խիստ սաղլամ գործ է բռնել Չարենցը։ Ուրիշ հեղինակներու նման օրերով-շաբաթներով չի բերեր տաներ իր քննադատներուն` պզտիկ հայհոյանք մը տալու համար։ Անիկա նախ քննադատին կհայհոյե` նոր կուտա գիրքը քննադատելու։

Շատ վաճառատանց  դռան կարդացեր եմ «ապառիկ ոչ ոքի», բայց քիչ վաճառական տեսեր եմ Չարենցի նման գրած սկզբունքին հետևող։ Ըստ Չարենցի այն մարդը, որ իր գրածները չի հավներ` «էշ» է, իսկ այն էշը, որ իր պոեմները կմեծարե «մարդ» է։ Փառք տանք ամենակալին, որ տակավին էշերը գլխի չեն ինկեր, ապա թե ոչ աշխարհիս բոլոր ավանակները, պահանջված հարգանքի տուրքը ձգելով Չարենցի փառասիրության գանձարկղը` մարդոց շարքերը պիտի լցվեին։

Կբացականչեմ` ինչո՞ւ ջանըմ, բանաստեղծություն մը հավնելու կամ չհավնելու պատճառով ինչո՞ւ կենդանական ազնիվ ցեղ մը վերանա երկրիս երեսեն։ 

Հարցապնդում.- Չարենցի հայ գրականության մեջ բերած նորություններեն գլխավորներն են` «թուք», «խլինք», «մեզ», «ոջիլ», «կակուղ միս» և «կոնք»` բաներ մը ,. որ Երևանի որ ետ ընկած փողոցին մեջ ալ լեցված ըլլան, սանիտարական վարչությունը սայլակները կղրկե դուրս թափելու համար։ Ինչո՞ւ կհապաղե վարչությունը, ու իր սայլակները տակավին չեն երևցած հայ գրականության  դռներուն առաջ, ուր այս բաները տպված են ցերեկով։ 

Եղիա և Եղիսե.- «Երեքեն» «երկուսը»` Չարենցն ու Վշտունին` Պառնասի զույգ մարգարեները, կշրջեին Հայաստանին մեջ ու «պրոլետարական» գրականություն կքարոզեին հեթանոս պոետներուն։

Ուր մտնեին` «մենք եկանք» կըսեին, ուրկե ելնեին` «մենք գացինք» կձայնեին։ Մեկ խոսքով` մենք, մենք, մենք… Երբ անցյալ ամառ Չարենցը Մոսկվա համբարձավ` կես ճամփին խղճալով մենակ մնացող Վշտունուն` իր «գրական պրեստիժը» վար նետեց առ ի գործածություն։

Այսօր, Հայաստան վար գալով, կխլե իր նվիրած «պրեստիժը» հեգ Վշտունիեն ու «վեռլենի քամուն» կուտա իր զինակիցը։ Կեդանիներու մեջ ալ ցեղ մը կա` որ կծնե ու ձագերը որոշ տարիքի հասնելե զկնի` կսկսե ուտել։ 

Տերտերներ.-

Չարենց.- Երեկ երեկո պոեմ մը ծնա։

Բարեկամ մը.- Տերտերյա՞նը կկանչես քննադատելու։

Չարենց.- Ո՛չ, ես Տիգրան Հախումյանի ծուխն եմ։ 

Կտակ.- «Ռոմանս Անսերը» Մոսկվային մեջ տպված էր ու ոչ միայն Հայաստան չէր ուզեր գալ, այլ կվախնար տպարանի դռնեն դուրս նայել։

- Դուրս եկուր,- կհրե ետևեն հեղինակը։

- Կվախնամ քննադատութենե։

- Քալե, ես քեզի հետ եմ։

Ու ձեռքեն բռնած Հայաստան կբերե Չարենցը։

- Իսկ եթե դու մեռար, ո՞վ պիտի պաշտպանե զիս,- կհարցնե պոեմը։

- Կկտակեմ, որ ոչ ոք չքննադատե քեզի։ 

Ամուրին ու պսակվածը.- Տերյանին ուրվականը Չարենցին գալով այսպես խոսեցավ. «Ինչո՞ւ կթքնես իմ գրքերի վրա», «Ցնորք» երգելը այդքան գե՞շ բան է եղեր։ Դուն «կակուղ միս» ու «կոնք» կերգես վասնզի ամուսնացած ես։ Չէ՞ որ ամուրի ատենդ ինձի նման ես երգեր։ Դուն կըսես պետք է գրել`

«Ցնորք» է։

Կգամ։

Մկանոտ

Եվ

Երբ նա հանվի

Գիտեմ

Կզգամ ձկան հոտ։

Այդ շատ լավ կխոսիս, բայց բանն այն էր, որ այն աղջիկը, որուն ես կսիրեի, երբ «հանվեր» դուռը կկողպեր ու չէր թողուր, որ երթայի «ձկան հոտ» առնեի իրմե։ Ես ալ ստիպված դռան վրա «ցնորք» կերգեի։ Հասակիս հետ կապված թերություն մը չե՞ս ներեր ինձի, ապերա՛խտ։ 

Դաժան անգթություն.- Գարնան առավոտ էր։ Փողոցեն անցածս ատեն նկատեցի շարան մը «մեշչաններ» «մռութները» թաշկինակով կապած կերթային։ Իմ հարցիս, թե ի՞նչ է պատահեր` պատասխանեցին ցավալի տնքալով։

- Անմեղ կերթայինք, Չարենցը մեզի կանչեց թե`

«Ուզո՞ւմ եք կամպոտ կամ չիր։

Կամպոտի փոխարեն

Էսօր ձեր

Կակուղ ծնոտին մոտիկ

Թող շաչե երգերիս ղամշին»՝ ու սկսեց հարվածել։

- Վա~յ, անգութ մարդ։ Հայտնեցի՞ք ոստիկանատուն։

- Այո։ Բանաստեղծները արտոնված են եղեր ուզածնին ընելու։

- Իրա՞վ։ Անանկ է նե` փախե~ք։ Աղեկ որ չէ սպաներ ձեզի։ 

 Սեպտեմբեր և հոկտեմբեր .-

- Երանի~ քեզ,- դարձավ սեպտեմբերը հոկտեմբերին նախանձով լի,- դայակի նման Չարենցը գրկած, կգգվե քեզի։

- Մի նախանձեր, դրացի, եթե հնար ունենամ գիշեր մը կփախչեմ անոր երգերեն։

- Ինչո՞ւ։

- Ծո ի՞նչ կհարցնես, օրը ցերեկով ալ «ուռած շոգ կոնք», «կակուղ միս», «կիրք», «արնահամ բուրմունք»… ամոթես գետին կմտնեմ։

- Վա՛յ քոռանամ քույրիկ, ինչո՞ւ այդքան տկլոր։

- Տերյանի հակառակն ըրած ըլլալու համար… 

«Հին» ու «նոր» Չարենցը.- Երբ Չարենցը, «նոր ուղղության» հետ նստած խրախճանք կըներ, իր հին պոեմները սևեր հագած ներս մտան ու այսպես ըսին,

- Ե՛տ տուր մեզի «Չարենց» անունը, այդ անունը մեզմով առիր, մեզի կպատկանի։ Մեզի դեն ես «թքեր», մենք ի՞նչպես ապրինք անանուն։

Եթե մեկը հարցնե թե «որո՞ւ պոեմներն եք»` ինչ պատասխանենք…

1923թ.

  1. Չակերտներում գրվածները բոլորը Չարենցին են պատկանում։

Մեկնաբանություններ (2)

Samvel Sevada
.Երանի երկուսն էլ լինեին հիմա.. ու թող իրար միս ուտեին թեկուզ.. Երանի...
ara
Charenz@ tsaxvez hexapoxutyan@, Kamsar@ ch@ndunez hexapoxutyun@. Charenz@ ir nvirvazutyamb aveli tank vcharez qan Kamsar@ ir merzoxakanutyamb. Bazi ayd hexapoxutyan nviryal@ naev aylaservaz e yexel. De ari es xarnashpotiz glux hani.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter