Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սև տաբատով դերասանուհին. Մարինե Պետրոսյան



«Մարինե Պետրոսյանին պետք է տեսնել». այս նախախնամությամբ, որն իմ մեջ աճեցրել են թատերարվեստի մի քանի ներկայացուցիչներ, ուղղորդվեցի դիտելու «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնի շրջանակներում ցուցադրվող Կարինե Խոդիկյանի համանուն ստեղծագործության` «Երբ դու չկաս» ներկայացումը (բեմադրությունը` Արթուր Սահակյանի), որի դերակատարը հենց ինքը` Մարինե Պետրոսյանն էր:

Դերասանուհու դիմագծերը հստակ ֆիքսած մտապատկերիս մեջ` վերջին շարքից անհամբերությամբ սպասում է մի ներկայացման, որը պատմում էր հոգեհանստի արարողությանը ներկա հինգ կանանց մասին, որոնք անկեղծանում են հանգուցյալի առջեւ որպես դուստր, կին, մայր,հարեւանուհի, եւ եւս մեկը, ում քսանչորս տարի անց առիթ է ընձեռնվել ներկայանալու իր նախկին ամուսնու վերջին հրաժեշտին, որովհետեւ «բան ունի ասելու»:

Ներկայացումը դիտում էի երկու նախախնամությամբ` նախ Մարինե Պետրոսյան դերասանուհուն ճանաչելու, ապա փորձելու հասկանալ, թե ինչպիսի խառնվածք ունի դերասանուհին բեմում, որի մասին այդքան լսել եմ:

Սահուն անցումներն ու պատկերացումը, թե ինչպիսի մտայնությունների մեջ կլինի հարեւանուհին, իր նախկին սկեսուրը, ապա նախկին ամուսնու ներկայիս կինը հոգեհանգստի ժամանակ, ինձ անընդհատ լարվածության մեջ էր պահում:

Դերասանուհին ոչ մի կեղծ նոտա, ոչ մի կեղծ ճիչ եւ ոչ մի կեղծ շարժում թույլ չէր տալիս: Բացառիկ խաղ, որը նախեւառաջ կյանքն էր ցույց տալիս բեմում ավելի իրական, քան այն կարող էր տեղի ունենալ մեր հարեւանի դստեր կամ ավելի հարազատ որեւէ ծանոթի հետ:

Նա մեկ «վերածվում» էր բամբասկոտ հարեւանուհու, մեկ «դառնում» էր քսանմյա մի աղջիկ, որին փայփայելու մասին ինքն է շատ երազել, մեկ` սկեսուր, որը տղայի բոլոր դժբախտությունների համար տառապում եւ մեղադրանքներ էր սփռում,ապա պատկերացնում իրեն այն կնոջ փոխարեն, ով արդեն քսան տարուց ավելի ամուսնացած է մի տղամարդու հետ, որն ուղղակի իր ամուսնինն է, ուրիշ ոչինչ:

Անհնագիստ ձեռքերը սեւ տաբատի մեջ` Մարինեն դահլիճի բոլոր ներկաներին, ինձ թվում է, համոզում էր` այն, ինչ կատարվում է իր հերոսուհու հետ, կարող է պատահել մեզնից յուրաքանչյուրին, եւ մարդկային չստացված այս պատմության ամենակուլմինացիոն պահին` նա մարմնավորում, վերապրում եւ զգում էր մի կնոջ, որը միայն մեկ անգամ է ամուսնալուծությունից հետո հնարավորություն ստացել տեսնելու նախկին ամուսնուն, այն էլ հանգուցյալի կարգավիճակում:

Ներկայացումից րոպեներ անց գրեցի Մարինեին, որ տպավորված եմ, ու նախեւառաջ եւ ինձ, եւ ընթերցողին, որի մի մասը գուցե հասցրել է տեսնել նրան բեմում, պետք է որ հետաքրքիր լինի, թե այդ ընդգծված դիմագծերով, հստակ շարժուձեւով եւ շարունակ մարմնի պլաստիկան ընդգծող դերասանուհին ինչպիսի ճանապարհ է անցել:

1977թ.-ին ավարտել եմ դպրոցն ու ընդուվնել Սունդուկյանի անվան թատրոնում գործող ստուդիան: Կուրսը ղեկավարում էր Խորեն Աբրահամյանը: Հենց սովորելու տարիներին էլ ընդգրկվեցի ընթացիկ ներկայացումներում` մասնակցելով էպիզոդիկ եւ մասսայական տեսարաններում` «Ջոն արքա», «Արշակ Երկրորդ», «Խաչմերուկ», «Հարսնացուն`հյուսիսից», «Ձեր կյանքիժամանակը», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Հացավան». շատ էին: Դերերը փոքր էին, պատասխանատվությունը մեծ, որովհետեւ մեծերի հետ էինք բեմ դուրս գալիս` Մետաքսյա Սիմոնյանի, Խորեն Աբրահամյանի, Բաբկեն Ներսիսյանի: Հասկանում ես, չէ՞:

Իհարկե, հասկանում եմ: Չեմ ուզում ընդհատել Ձեզ, որովհետեւ այն պատմությունը, որ ես եմ պատմելու Ձեր մասին, ընթերցողին Ձեր կողմից թող ներկայացվի:

Հետո տեղափոխվեցի Մնջախաղի թատրոն: Ստուդիայում սովորելու տարիներին բեմական շարժման ուսուցիչը` Սոս Պետրոսյանը առաջարկեց Մոսկվա մեկնել` սովորելու Էստրադային վարժարանում: Ասում էր` բավական է Ենգիբարյանի մի էտյուդ անեմ եւ ընդունված եմ, բայց տանը չհամակերպվեցին այդ մտքին, եւ սկսվեց նոր մի թատերաշրջան` Լեւոն Իվանյանի բեմադրմամբ` «Այր մի Մաշտոց անուն», Փոլադովի` «Շինել», մասնակցում էի թատրոնի բոլոր էտյուդներում ու սկետչերում:

Այստեղից արդեն տեղափոխվեցի «Հայֆիլմ» ստուդիա, որտեղ Ֆ. Դովլաթյանի հրավերով մասնակցել եմ «Մենավոր ընկուզենի» ֆիլմի նկարահանումներին` որպես ռեժիսորի օգնական, ապա ռեժիսոր Արմեն Բայաթյանի հրավերով գնացել Գորիս` Դրամատիկական թատրոնը վերաբացելու նպատակով: Այնտեղ էր, որ Արամ-Աշոտ Պապայանի «Գնա, մեռի, արի, սիրեմ» ներկայացման մեջ տարեց կնոջ դեր էի ստանձնել. այդ ժամանակ ընդամենը 28 տարեկան էի, բայց մարմնավորում է 74 տարեկան մի կնոջ:

Այնուհետեւ Երվանդ Մանարյանի բեմադրմամբ` «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման մեջ մարմնավորում էի Ֆիլումենային, Օ’Նիլի` «Սերը` ծփիների տակ» (Աբբի), Հ.Վարդանյանի`«Կիբոսա.7-րդ դար» (Էլեն): Իսկ ավելի ուշ` 1990-91թթ.-ին, նկարահանվեցի «Avlos» եւ «Horsiya» կարճամետրաժ ֆիլմերում:

Ալիկ Ասատրյանի «Avlos» -ը տարբեր միջազգային փառատոնների է մասնակցել, այս ամիս էլ մասնակցում է ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին:

1990-ականներից արդեն «Գոյ» փորձարարական թատրոն տեղափոխվեցի՞ք:

Այո, 1990թ.-ին տեղափոխվեցի «Գոյ»: Շատ լավ եմ հիշում Միշել դե Գելդերոտի «Խեղկատակների դպրոցը»` Արսեն Աբրահամյանի բեմադրմամբ. ներկայացումը տեւում էր 4-5 ժամ, եւ ես շարժող ուժն էի` կյանքի եւ մահվան դերակատարումներով:

Այնուհետեւ Պիրանդելոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»` Արմեն Մազմանյանի բեմադրմամբ, որտեղ միաժամանակ երկու դեր էի խաղում` մադամ Պաչե եւ մայր: Ինոեսկոյի «Ռնգեղջյուր», Գրիբոյեդովի` «Խելքից պատուհասը», Բեկետի` «Գոդոյին սպասելիս» Գուերայի` «Մեղրը»…

«Գոյի» խաղացանկում եղած ներկայացումները մշտապես տարբերվել են իրենց բարձրացրած հարցերի եւ դրանց պատասխանների ձւեաչափով: Այդ ներկայացումները Ձեր կյանքի մի զգալի մասն են կազմել: Մի ներկայացումից մյուսին անցնելն ինչպե՞ս էր ազդում զգացողությունների վրա:

Գիտե՞ս` ինչն է հետաքրքիր, որ նույն «Գոյ» թատրոնում խաղում էինք Սամուել Բեկետի «Դեպի վերջ» ներկայացումը, որտեղ հերոսներն արդեն չեն սպասում ոչնչի, այնինչ տարիներ առաջ մենք նույն տարածության, նույն թատրոնի մեջ մենք «սպասում» էինք Գոդոյին («Գոդոյին սպասելիս» ներկայացում, բեմ.` Արթուր Սահակյանի): «Դեպի վերջ» ներկայացման ընթացքում էլ ես Քամին էի մարմնավորում (կրկին նախատեսված տղամարդու դերակատարման համար), որն սպասում է վերջին,սակայն ներկայացումը վատատեսական մոտեցում չունի, այլ շեշտադրում է` առանց սիրո գոյության մեր ժամանակն անմտություն է. սեր մեծ իմաստով` մերձավորի, աշխարհի, ամենի եւ ամենքի հանդեպ: Այդ իմաստով սա իմ խաղացած դերերից բարդագույնն էր:

Այս համատեքստում տղամարդու համար նախատեսված դերը մարմնավորելու ընթացքում կնոջ համար ո՞րն է դժվարությունը:

Խոսքը նախեւառաջ մարդու մասին է, անհատի` իր մտահոգություններով ու խնդիրներով:Բեմադրությունը երեք տարբերակով էր.առաջինում տղամարդիկ են սկսում խաղալ եւ ներկայացման կեսից փոխվում են կանանց, երկրորդ տարբերակում` կանայք են սկսում եւ կեսից փոխվում տղամարդկանց: Ռեժիսորական այդպիսի հնարք է:Իսկ երրորդում միայն կանայք են խաղում, կամ միայն տղամարդիկ:Սա նաեւ դերասանի կարողության ցուցադրությունն է:  Տղամարդիկ խնդիրներին մի կերպ են նայում, կանայք`այլ, բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում: 

Այն, ինչ այժմ նկատում եմ` բացի Ձեր մարմնավորած դերերից, անընդհատ ինքնադիմանկար անելու փորձերն են: Այսօր, եթե ինքներդ Ձեզ դեր առաջարկեիք, ինչպիսի՞ բնավորության եւ վիճակի հերոսուհի կլիներ:

Կլիներ սպասող կնոջ տեսքով:Ես միշտ սպասում եմ: Սպասում եմ լավագույն օրվա, լավագույն աշխատանքի եւ փորձում եմ միշտ պատրաստ լինել:

Բայց սպասումն անդառնալիորեն շատ բաներ անտեսելու հիմք կարող է դառնալ:

Այո, շատ բաներ անտեսում եմ, չտեսնելու եմ տալիս, չեմ ուզում նայել, շատ բաների ուղղակի մասնակցել չեմ ուզում, բայց այդ ընթացքում այն, ինչ անում եմ իմ աշխատանքի մեջ` անկեղծությամբ եւ մաքրությամբ է պայմանավորված: Բեմից ամեն ինչ երեւում է, թաքցնել չես կարող` ինչ ես սիրում, ինչ ես կարդում, ինչ ես լսում եւ նույնսիկ այն, թե ինչ ես կերել: Բեմը հայելի է` կյանքի հայելին:

Բեմից դուրս գոյություն ունեցող կուլիսային հատվածում ինչի՞ մասին եք մտածում:

Դերի մասին. կենտրոնանում եմ, էներգետիկ շունչ եմ փորձում վերցնել ճիշտ ձեւով բեմում կրկին ներկայանալու համար… Նայած, թե այդ օրը ես «ով» եմ: Ներկայացումներ կան, որոնք տղամարդկանց համար են գրված, բայց ես դա էլ եմ հաղթահարել եւ խաղացել այդ դերերը:

Ով լինելու գաղափարը բազմաթիվ շերտեր է առաջացնում, այդ ժամանակ մտածու՞մ եք դահլիճում նստած հարյուրավորների մասին:

Ոչ: Կապ չունի, թե դահլիճում քանի հոգի է նստած եւ ովքեր են. այդ ընթացքում ես արդեն իմ հերոսի հետ եմ մտածում:

Հակակշիռը Ձեր եւ հերոսի ինչպե՞ս է հաղթահարվում:

Միշտ գտնում եմ եզրեր, որտեղ մեկանում ենք ես եւ հերոսս:Սա դժվար գործ է, շատ դժվար: Կերպար կա, որ դրսից ես մոտենում դեպի ներս, կա,որ ներսից` դուրս, բայց կան ներկայացումներ մեր թատրոնում, որտեղ երկու մոտեցումն էլ հանդիսատեսը միաժամանակ տեսնում եւ զգում է: Այս դեպքում ստացվում է, որ ձեւը բերում է բովանդակության, եւ հոգեբանությունն էլ բերում է ձեւի: Աշխատում եմ` այդ անցումը սահուն լինի, իսկ երբեմն անհրաժեշտ է, որ տարբերությունը հստակ զգացվի:

Իննսունականներին ես շատ բան չէի կարող գիտակցել, բայց սարսափում էի` տեսնելով, թե ինչպես են կանայք արկղերը բարձրացնում` տեղադրելով վագոնների մեջ եւ պատրաստվում վերավաճառել թութը, թուզը, մորին: Երկրաշարժ, անկախություն, պատերազմ... Այդ տարիներին Դուք կրկին թատրոնում էիք: Ինչպիսի՞ն էր այդ իրականության թատրոնը, ինչպե՞ս էր այդ ամենն անդրադառնում Ձեզ վրա: 

Ռեալիզմը վերացնում, գունազրկում եւ խեղաթյուրում է իրականությունը, դրանից է, որ սիրում եմ աբսուրդի թատրոնը` անհատի օտարման թեման, մարդկային ճակատագրի թեման իր մնայուն հարցերով: Եվ կենցաղային, սոցիալական կեցությանն էլ չեմ կարող նայել ռեալիստորեն: Այդ ամենի ճշմարտացիությունը մեր երեւակյության մեջ է, իսկ իսկականը գոյություն ունի միայն միֆերում: Եվ մեր ազնիվ ջանքերը երբեք էլ հաջողությամբ չեն պսակվելու. Մեր ջանքերը աբսուրդի են հասնում: Եվ անհատն օտարված է մնում իր մտահոգություններով:

Մենք իրականում ոչինչ չունենք: Անուն քեզ տվել են, ազգանուն տվել են, կյանք շնորհել են եւ այն, ինչ ունենք մեր շնորհքը չի, մեզ տվել են: Սեփական երեսն էլ տարբեր իրադրություններում տարբեր է, ինչպես թատրոնի դիմակը. ինչպիսին ուզում ես քեզ տեսնել, կարծում ես, թե այդպիսին ես:

Այդ դեպքում մարդը տարբեր ժամանակներում ամեն բան ստեղծելով` թատրոն, կինո, գեղանկար, գրական գործ, փորձել է իրեն շնորհածից բացի ինքնությու՞նը գտել:

Մեր խաղացած դերերը ինչ-որ տեղ մեր կենսագրության եւ ձեւի մեր ընդհանուր կերպարի վրա ազդեցություն թողնում են: Դու հարստանում ես իրենցով, իրենց կյանքով, իրենց փորձով: Այո, ինչ էլ որ անում ենք, մեր հոգուց մասնիկ ենք դնում, կյանք ենք տալիս եւ էներգիա:

Ամենն ի վերջո դառնում է հանրային, այժմ նաեւ մեդիան իր սեփական լույսի տակ է ներկայացնում այդ ինքնության փորձը: Այդ դեպքում ստեղծողը ի՞նչ կարգավիճակում է հայտնվում:

Անհատական ազատության մեջ մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք համարում: Այդ ամենը պայմանավորված է նաեւ մեր պատասխանատվությամբ: Լավ բանի մասին շարունակում են քիչ խոսել եւ նորից, ու նորից շարունակվում են լսվել միայն մարդկային ճակատագրի մնայուն հարցերը:

Այդ դեպքում այդ կրկնօրինակության հավերժական ֆիեստիայի մեջ ժամանակն ու տարածությունը ոչի՞նչ են:

Այո, գոյության անմտություն, եթե պակասում է սերը:

Իսկ գործողությու՞նը:

Գործողությունը շարժող ուժն է.այն կարող է միայն մեր ներսում լինել` նույնիսկ մեր երազանքներում եւ եւ երեւակայության մեջ: Այս տեսանկյունից մասնագիտությունը կնիք է թողնում մարդու վրա, եւ կյանքի ճանապարհին լինում են լույսի բռնկումներ, ու մենք սպասում ենք այդ լույսին: 

Հ.Գ. լուսանկարը` «Avlos» ֆիլմից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Alik Assatrian15:48 - 20 մայիսի, 2013
Bavakanin hetaqrqir kajq e erevum e u karevorn azniv e grvac. shnorakalutjun
2. Գնել Նալբանդյան09:51 - 21 մայիսի, 2013
Ներկայացումը դիտում էի երկու նախախնամությամբ... Այս նախադասության մեջ նախախնամություն բառն օգտագործված է անհեթեթ նշանակությամբ: Նախախնամությունը միայն Աստծուն վերագրվող երևույթ է և նշանակում է ի վերուստ խնամքի, հոգածության ներքո լինելը: Եթե հավատացյալ որևէ մեկը ավտովթարից փրկվում է, նրա մասին ասում են` Կարծես Աստծո նախախնամ Աջը նրան փրկեց.... Ուստի անհնար է ներկայացումը դիտել 2 նախախնամությամբ: Հեղինակը ներկայացումը դիտել է, որքան հասկանում եմ, 2 նպատակով:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ