Մայրաքաղաքում առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են. քաղաքապետարան
Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Վարորդների` ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ միասին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաև կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման նոր ցանցերի կառուցման 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաև Երևանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:
Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ իրականացվում է նաև հայտարարություններ փակցնելու համար նախատեսված ցուցատախտակների տեղադրում:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է Լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կազմակերպել շրջայցեր և արձանագրել այն գովազդները, որոնք հակասում են Գովազդի և լեզվի մասին օրենքների պահանջներին և ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք շտկելու ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև գույքագրել նախորդ տարիներին կառուցված խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ֆուտբոլի դաշտերն ու մարզահրապարակները և դրանց պահպանման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել