Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ապահովվում են նոր գույքով
Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում շարունակվում են ընթացիկ վերանորոգման և գույքի նորացման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի շրջանակում նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվում են կոշտ և փափուկ, նաև՝ խոհանոցային գույքով:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել ծրագրերի իրականացման մասով և շարունակել վերահսկողությունը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտող սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները քաղաքապետի առաջարկով դպրոց կճանապարհվեն պայուսակներով և գրենական անհրաժեշտ պիտույքներով:
Մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում, Ազատության հրապարակում, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան տարածքներում միջոցառումներ կազմակերպելու և տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել