HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մայթերը, որ իրենց տեղը լինեն՝ մարդիկ մայթով կքայլեն»

Երկար տարիներ է, ինչ Գորիս քաղաքի մայթերի բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքի 43 կմ ձգվող ներհամայնքային ճանապարհի 30 կմ-ից ավելին ասֆալտապատ է, իսկ համապատասխան երկկողմանի մայթերը, որոշակի տարբերությամբ՝ անբարեկարգ:

«Ընթացիկ տարում եւս միայն փոսային նորոգումներ կլինեն քաղաքում»,- ասում է  Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խիկար Միրզոյանը՝ պատճառաբանելով, որ համայնքային բյուջեն սուղ է: Նրա խոսքով` համայնքային բյուջեով այս տարի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման համար նախատեսվում է 35 մլն դրամ, որից 8 մլն դրամը կհատկացվի մայթերի բարեկարգմանը, սակայն, ըստ նրա, մայթերը բարեկարգվում են միայն տվյալ ճանապարհը կապիտալ նորոգելու դեպքում:

«Քաղաքում մեծամասշտաբ բարեկարգումներ վերջին անգամ իրականացվել է մինչեւ 1988-89թթ.: Մասնակի բարեկարգվել է Կոմիտաս, Սաթյան, Զորավար Անդրանիկ փողոցներն` իրենց հարակից մայթերով: Գուցե առաջին հայացքից փոքր գործ է երեւում, բայց երբ վերածում ենք գումարի՝ մեծ թվեր է կազմում»,- նշում է բաժնի պետը:

Գարնանը մայթերն ավելի անանցանելի են դառնում, քանի որ  որոշ հատվածներում փողոցներն ամբողջությամբ ծածկվում են կանաչով: Խնդիրն ավելի է սրվում հեղեղումների ժամանակ: Գարունն արդեն ավարտվում է, բայց այդպես էլ քաղաքում մաքրման աշխատանքներ չտարվեցին: Մարդիկ, սովորության համաձայն, շարունակում են երթեւեկելի ճանապարհով քայլել՝ վտանգելով իրենց կյանքը: «Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Գորիս ՏՆՏ»-ն: Երբ փողոցն ասֆալտապատ է` այն խնամելը, մշակելը, շահագործելը հեշտ է եւ երեւացող: Մաքրելը դառնում է արդյունավետ: Կանաչը պոկելով հարց չի լուծվում, մեկ է, հինգ օրից էլի աճում է»,- ասում է Խիկար Միրզոյանը:

Վոլոդյա Կրեչյանը, ով խորհրդային ժրջանում երկար տարիներ աշխատել է քաղխորհրդին կից շինարարական կազմակերպության բաժնի պետ, պատմում է, որ այդ տարիներին իրենց հիմնական գործը մայթերը բարեկարգելն էր: «Մեր տարեկան պլանի մեջ եղել է 2 կմ մայթերի նորոգում: Մի ծուռ եզրաքար գետնին չէր մնում՝ վարպետներն արագ կարգի էին բերում փողոցները: Հաճախ եմ լսում, որ ասում են՝ գորիսեցին մայթով չի քայլում: Մայթերը, որ իր տեղը լինեն՝ մարդիկ մայթով կքայլեն»:

Պատկերն ավելի մտահոգիչ է քաղաքի ծայրամասային թաղամասերում: Ըստ Գորիս քաղաքի նախկին ճարտարապետ Սեւադա Զաքարյանի՝ քաղաքը չպետք է ունենա երկրորդական փողոց հասկացողությունը: «Բոլոր փողոցները ծառայում են բնակիչներին: Պետք չէ շերտավորել բնակիչներին՝ ըստ ապրելու վայրի: Ինչ է, որ մարդը ծայրամասում է ապրում, ուրեմն պիտի կեղտոտ փողոցներով քայլի՞:  Փողոցը պետք է բարեկարգ լինի: Մեքենաների երթեւեկող հատվածներն ասֆալտապատում են, փոսային նորոգումներ կատարում են, դա ակնհայտ է, բայց մայթերի բարեկարգման, եզրաքարերի ամրացման ուղղությամբ ոչինչ չենք տեսնում: Հասկանալով, որ այն ֆիանանսական մեծ ծախսերի հետ է կապված, այնուամենայնիվ, փողոց-փողոց կարելի է ժամանակ առ ժամանակ  բարեկարգել»,-ասում է ճարտարապետը:

Այսուհանդերձ, բնակիչները եւս կարծես թե շահագրգռված չեն բարեկարգ մայթեր ունենալու հարցում: Շրջելով քաղաքի ծայրամասային փողոցներով՝ կտեսնես, թե ինչպես մարդիկ մայթերի համար նախատեսած տարածքը վերածել են տնամերձ այգու կամ  ցանկապատել ու հավ  են պահում:  Յուրաքանչյուր տասներորդ բնակչի տան բակում հին մեքենա կա, շինարարական աղբ, որը դժվարացնում է հետիոտնի տեղաշարժվելը: Եթե օրենքով վարչական տույժեր սահմանվեն մարդիկ ավելի կարգապահ կլինեն: «Նախկինում գրավոր դիմում ենք ներկայացրել ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի կազմակերպեն շահագործման ոչ ենթակա մեքենաները մայթերից ազատելու հարցը, բայց արդյունք չի տվել»,- նշում է քաղաքապետարանի քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Խ. Միրզոյանը:

«Սովետի ժամանակ մեկը համարձակվեր փողոցի վրա ավազ թափել, տեղում շտրաֆ էին անում, իսկ հիմա ով ա՞ անողս: Հենա, մեր հարեւանը տարին կլոր մայթը փակած շինարարություն է անում, տես մեկը գալիս ա ասում՝ մայթը բաց, որ ժողովուրդն անցնի»,- ասում  է բնակիչներից մեկը:

Գորիս քաղաքում սեփական առնձնատները կազմում են 80%, իսկ վարչական շենքերը՝ 20%: Խնդրի լուծման համար, ըստ Սեւադա Զաքարյանի՝ համայնքի ղեկավարը սեփական տների հարակից մայթերի մաքրությունը պետք է հանձնի սեփականատերերին, իսկ վարչական շենքերի համար պետք է գումար հատկացնել համայնքի բյուջեից: Նրա խոսքով` խնդիրը կարեւորվում է նաեւ նրանով, որ մայթերի եւ, առհասարակ, քաղաքի կոկիկ արտաքինը զբոսաշրջության զարգացման բավարար պայմաններից մեկն է, որում շահագրգիռ պիտի լինեն եւ’ բնակիչները, եւ’ իշխանությունները:

Մարիամ Մաթեւոսյան

Մեկնաբանություններ (1)

Խիկար Միրզոյան
Նյութը նախքան հրապարակելը պետք է մի անգամ կարդալ և խմբագրել... Օրինակ` 1. իրար հակասում են / մեջբերում եմ/. «Ընթացիկ տարում եւս միայն փոսային նորոգումներ կլինեն քաղաքում» և «...համայնքային բյուջեով այս տարի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման համար նախատեսվում է 35 մլն դրամ, որից 8 մլն դրամը կհատկացվի մայթերի բարեկարգմանը...» 2. «Քաղաքում մեծամասշտաբ բարեկարգումներ վերջին անգամ իրականացվել է մինչեւ 1988-89թթ....»: և «Մասնակի բարեկարգվել է Կոմիտաս /2012թ./, Սաթյան/2011-2012թթ./, Զորավար Անդրանիկ/2012թ./ փողոցներն` իրենց հարակից մայթերով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter