HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ

Քաղաքի կենտրոնով քայլելիս միշտ ցանկացել եմ կանգնեցնել որևէ արտասահմանցի զբոսաշրջիկի ու մեկ-երկու հարցով փորձել իմանալ, թե ինչու է նա եկել Հայաստան, ինչն է այստեղ դուր եկել նրան, ինչը՝ ոչ: Այսօր հարմար ժամանակ ու «հարմար» արտասահմանցի գտա:

Բրունոյին մետրոյում հանդիպեցի: Իջանք նույն կայարանում՝ Հանրապետության հրապարակում: Անծանոթ արտասահմանցին փոստի տեղն էր հարցնում անցորդներից: Այդպես ծանոթացա հարցազրույցիս հերոսի հետ:

Նախ՝ մի փոքր թող զրուցակիցս խոսի իր մասին, ապա հարցերս կհաջորդեն:

-Անունս Բրունո Ռասմուսեն է: Հայրս դանիացի է, մայրս՝ ֆրանսիացի, ես՝ դանիական ազգանվամբ ֆրանսիացի: Ծնվել, մեծացել եմ Բորդո քաղաքում: Ավարտել եմ Թուլուզի համալսարանը, էկոլոգ եմ՝ մասնագիտացած թիթեռների ուսումնասիրության մեջ, մի փոքր էլ լանդշաֆտներից եմ գլուխ հանում: Ուսապարկիս վրա Ուկրաինայի դրոշակն է և մի ծաղիկ: Շտապեմ հայտնել, որ դրոշակն ուղղակի հուշանվեր է, այն մի աղջիկ է նվիրել, ծաղիկը նույպես նվեր է, որը չեմ ուզում պոկել ուսապարկիցս:

Դիպլոմ ստանալուց հետո հասկացա, որ մասնագիտությամբս աշխատանք գտնել հայրենի Ֆրանսիայում չեմ կարող, ու քանի որ դեռ 24 տարեկան եմ և ամուսնանալու, երեխաներ ունենալու համար դեռ վաղ է մտածել, որոշեցի մի փոքր ճամփորդել: Ֆրանսիայից առանց գումարի դուրս եմ եկել անցած տարվա սեպտեմբերին, եղել եմ Գերմանիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, այժմ, ինչպես տեսնում եք, Հայաստանում եմ:

Այստեղ իմացա, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակ է: Այժմ ստիպված եմ վերադառնալ Վրաստան, որպեսզի այդտեղով գնամ Թուրքիա, հետո մի քիչ էլ ման կգամ Բալկանյան երկրներում ու կվերադառնամ հայրենի Ֆրանսիա: Բայց չեմ զղջում, որ հայտնվել եմ ձեր երկրում, այստեղ ինձ դուր է գալիս:

Գիտեք, ֆրանսիական մեդիան խիստ բացասական պրոպագանդա է անում Հայաստանի և, ընդհանրապես, Կովկասի մասին, ամեն կերպ փորձում են համոզել, որ, օրինակ, Վրաստանում վատ է, Հայաստանում նույնպես վատ է, այստեղ կոնֆլիկտ կա Ադրբեջանի հետ և այլն: Իսկ երբ իմ աչքով տեսա Վրաստանը, Հայաստանը, համոզվեցի, որ այդքան էլ պետք չէ հավատալ մեդիային:

- Իսկ մինչև այստեղ գալը Հայաստանի մասին որևէ բան գիտեի՞ր:

- Չգիտեի, բայց ոչ այն պատճառով, որ ծուլացել եմ պատմության գրքեր կարդալ: Պարզապես որևէ բանի մասին պատկերացում կազմելու համար նախընտրում եմ մեկ անգամ տեսնել այն, քան հարյուր անգամ լսել դրա մասին:

- Եվ ի՞նչ իմացար Հայաստանի մասին` հայտնվելով այստեղ:

- Նախ՝ իմացա հայոց ցեղասպանության մասին: Հետո սկսեցի մի քիչ կարդալ ձեր պատմությունը: Բայց ավելի շատ ինձ հետաքրքրեց ինքը՝ Հայաստանն իր բնակիչներով: Համեմատության համար կարող եմ ասել, որ, օրինակ, Լեհաստանում գիշերելու տեղ փնտրելու համար ստիպված էի լինում երեք-չորս դուռ թակել: Իսկ այստեղ, երբ քայլում էի հատկապես գյուղական վայրերով, մարդիկ իրենք էին փողոցից ձեռքով անում ու տուն հրավիրում: Ավտոստոպով ճանապարհորդելու համար Հայաստանն իդեալական երկիր է:

- Իսկ ի՞նչ միջոցներով ես մնացած կարիքներդ հոգում: Չէ՞ որ ճանապարհորդը ևս սնվելու և այլ բաների կարիք ունի:

-  Օ՜, դա ավելի հեշտ լուծվող հարց է, քան քնելու տեղ գտնելը: 15 օր է, ինչ Հայաստանում եմ, այսօր գնալու եմ: Բնակվում էի սարերում կորած փոքրիկ մի գյուղում՝ Հալավար անվամբ (Լոռու մարզ-«Հետք»): Ինձ քնելու տեղ էր տրված, ընտանիքին օգնում էի տնային գործերում, սովորեցի նաև մածուն մերել, անչափ հետաքրքիր զբաղմունք էր:

- Իսկ ինչպե՞ս ես հոգում ճանապարհածախսդ:

- Կարճ ժամանակով աշխատանքներ եմ գտնում: Ուկրաինայում, օրինակ, ձիարշավարանում աշխատեցի մի որոշ ժամանակ:

- Ի՞նչը քեզ ստիպեց Ֆրանսիայից ճամփորդելով գալ այսքան հեռու:

- Նախ` սիրում եմ փոփոխություններ, և ձեր երկիրն ինձ համար էկզոտիկա է: Երկրորդ պատճառը սերն է դեպի լեռները: Չծիծաղեք, բայց երազումս շատ եմ տեսել Կովկասը, չնայած երբեք այստեղ չէի եղել: Հայաստանն ու Վրաստանը երազս իրականություն դարձրին:

-  Ո՞րն է հայկական և վրացական լեռների տարբերությունը:

-  Վրաստանում մեկ ամիս եմ եղել: Քայլելով լեռներով, անտառներով` օրերով մարդու երես չէի տեսնում: Հայաստանում այդպես չէ, նույնիսկ ամենախուլ լեռներում և անտառներում մեկ էլ տեսար մի հովիվ հայտնվեց իր հսկայական նախիրով: Բայց դա էլ իր հետաքրքրությունն ունի: Այստեղ ինձ շատ դուր եկավ: Մյուս ճամփորդությանս ժամանակ կփորձեմ ավելի երկար ժամանակով մնալ Հայաստանում:

Երբ Բրունոյի հետ դեպի ավտոկայան քայլելով անցանք «Հաղթանակ» կամրջով, ցույց տվեցի «Արարատ» կոնյակի գործարանը, ասացի, որ այն վաղուց արդեն հայերը վաճառել են ֆրանսիացիներին: Հետաքրքիր էր՝ ինչ կասի ֆրանսիացին այդ մասին: Ճիշտն ասած՝ սպասում էի որևէ «հայրենասիրական» արձագանք նրա կողմից: Բայց լսեցի հետևյալը.

-  Չգիտեի այդ մասին, բայց լսել էի, որ «Արարատ» կոնյակը լավագույններից է աշխարհում: Այն, որ ձեզանից գնել են գործարանը, ինձ չի զարմացնում: Հետաքրքիր է, որ բոլորը խոսում են ամերիկյան իմպերիալիզմի մասին, բայց, իրականում, այն այդքան էլ հզոր չէ, ինչպես ներկայացնում են: Ֆրանսիական իմպերիալզմի մասին գրեթե ոչ մեկից չես լսի, բայց այն ամենուր է: Ուկրաինայում, օրինակ, ամենախոշոր սուպերմարկետը ֆրանսիական «Կարրֆուրն» է: Վրաստանում ու Հայաստանում նույնպես շատ բան կա ֆրանսիական:

Ավտոկայանում Բրունոյին հրաժեշտ տալիս հարցրեցի, թե ինչպես կարող եմ գտնել նրան «Ֆեյսբուքում», որպեսզի հարցազրույցն ուղարկեմ: Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ նա սոցիալական ոչ մի ցանցում չկա, ինտերնետն էլ օգտագործում է միայն էլ-փոստի ու մասնագիտական գրականությունից օգտվելու համար:

-Սոցիալական ցանցերը, հատկապես «Ֆեյսբուքը», ինձ ժամանակ չէր տա լիարժեք ապրել, հետաքրքրվել աշխարհով, մարդկանցով. դեռ մեկ տարի չկա, ինչ ճանապարհորդում եմ, բայց արդեն համոզվել եմ, որ հետաքրքրասիրությունս բավարարելու համար դա ամենապարզ ու արդյունավետ միջոցն է: «Ֆեյսբուքի» միջոցով միգուցե շատ բաներ կբացահայտեի, բայց առավել քիչ բան կզգայի: Հետաքրքիր է կյանքը, հատկապես սոցիալական ցանցերից դուրս: Եվ այն ամենի մասին, ինչ զգում եմ կամ տեսնում, բացահայտում եմ, ինչպես, օրինակ, այս զրույցը, օրվա վերջում գրի եմ առնում օրագրումս: Այդպիսով ևս մեկ անգամ վերապրում եմ տեսածս, զգացածս, մտապահում բացահայտածս ամեն մի մանրուք:

Մեկնաբանություններ (6)

mireille
It's so courageous and admirable to travel by himself all alone !! Go on Bruno !! You're a wonderfull fellow !!
Sylvaine
Superbe aventure Bruno...tu fais preuve d'une sacrée force ..admiration...et chapeau bas !!!
Marina
Bon courage Bruno!
henri
Sur les traces de kerouac, bruno le beatnik...
Armen_yan
Modern day Marco Polo ))
GB
demander plus français en visite en Arménie!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter